ՍԱՂՄՈՍ. Chapter 76

1 Այսուհետեւ՝ Իդիթոմի մասին. սաղմոս Ասափի
2 Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, իմ ձայնով դիմեցի Աստծուն, եւ նա նայեց ինձ։
3 Նեղութեանս օրերին Աստծուն փնտռեցի՝ ձեռքերս գիշերով պարզած նրա առջեւ, եւ չխաբուեցի։
4 Հոգիս չէր ուզում մխիթարուել։ Յիշեցի Աստծուն եւ ուրախացայ,իսկ երբ հառաչում էի,նուաղում էր հոգիս իմ մէջ։Հանգիստ։
5 Աչքերն իմ բաց մնացին գիշերուայ պահին, խռովուեցի ու չխօսեցի։
6 Խորհեցի հին օրերի մասին, եւ վաղնջական տարիները յիշեցի։
7 Գիշերը սրտիս հետ խօսեցի, հառաչելիս տառապում էր հոգիս իմ մէջ։
8 Միթէ յաւէտ մերժելո՞ւ է Տէրն ինձ, եւ այլեւս չի՞ շարունակելու բարեհաճ լինել։
9 Կամ ընդմի՞շտ զրկելու է ինձ իր ողորմութիւնից, եւ դադարեցնելո՞ւ է խօսքն իր սերնդից սերունդ։
10 Կամ այլեւս մոռանալո՞ւ է Աստուած գթալ ինձ, եւ բարկութեամբ մերժելո՞ւ է գթութիւնն իր։Հանգիստ։
11 Ասացի. Այժմ հասկացայ. սա է նորացած աջը Բարձրեալի։
12 Յիշեցի գործերը Տիրոջ, սկզբից յիշեցի սքանչելագործութիւնները նրա։
13 Մտաբերեցի գործերը քո բոլոր, եւ քո ձեռակերտների մասին խորհեցի։
14 Աստուա՛ծ, քո ճանապարհները սրբութեան մէջ են. ո՞ր աստուածն է մեծ՝ մեր Աստծու նման։
15 Դու ես հրաշագործ Աստուածը. զօրութիւնդ ցոյց տուիր քո ժողովրդին։
16 Բազկովդ փրկեցիր քո ժողովրդին՝ Յակոբի եւ Յովսէփի որդիներին։Հանգիստ։
17 Քեզ տեսան ջրերն, Աստուա՛ծ, տեսան քեզ ջրերն ու սոսկացին, եւ անդունդները խռովուեցին յորդառատ ջրերի ձայնից։
18 Ամպերը ձայն տուին, ուստի եւ քո նետերը սլացան քո անուի որոտման ձայնից։
19 Երեւացին քո փայլակները տիեզերքի, եւ երկիրը խռովուեց ու դողաց։
20 Քո ճանապարհները ծովում են, շաւիղներդ՝ յորդառատ ջրերում, եւ քո հետքերը չեն երեւում։
21 Քո ժողովրդին ոչխարների պէս առաջնորդեցիր Մովսէսի եւ Ահարոնի ձեռքով։