ՍԱՂՄՈՍ. Chapter 106

1 Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի յաւերժ է ողորմութիւնը նրա։
2 Այսպէս թող ասեն Տիրոջից փրկուածները, որոնց նա ազատեց թշնամու ձեռքից։
3 Բոլոր գաւառներից հաւաքեց նրանց՝ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից եւ ծովի կողմից։
4 Մոլորուեցին նրանք անապատում, անջրդի ճանապարհին, եւ բնակուելու քաղաք չգտան։
5 Քաղց զգացին ու ծարաւեցին, եւ նրանց հոգիները նուաղեցին իրենց ներսում։
6 Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա փրկեց նրանց իրենց վշտերից։
7 Առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որ գնան քաղաքն իրենց բնակութեան։
8 Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջընրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար,
9 քանզի նա յագեցրեց քաղցած հոգիները,եւ բարութեամբ լիացրեց կարօտեալ անձանց,
10 որոնք նստած էին խաւարում ու մահուան ստուերների մէջ՝գամուած աղքատութեանն ինչպէս երկաթին,
11 քանի որ դառնացրին խօսքն Աստծու, եւ անարգեցին խորհուրդները Բարձրեալի։
12 Ցաւից սեղմուեցին սրտերը նրանց, տկարացան նրանք ու օգնող չունեցան։
13 Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա ազատեց նրանց իրենց վշտերից։
14 Նրանց փրկեց խաւարից ու մահուան ստուերներիցեւ փշրեց շղթաները նրանց։
15 Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջը նրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար,
16 քանզի նա փշրեց դռները պղնձեայ եւ երկաթեայ նիգերը խորտակեց։
17 Օգնեց նրանց, երբ իրենց անօրէնութեան ճանապարհին էին, քանզի սաստիկ խեղճացել էին իրենց մեղքերից։
18 Ամէն տեսակ կերակուրից գարշեց սիրտը նրանց, եւ նրանք մօտեցան մահուան դռներին։
19 Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա ազատեց նրանց իրենց վշտերից։
20 Առաքեց իր խօսքն ու բուժեց նրանց,եւ փրկեց նրանց իրենց ապականութիւնից։
21 Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջը նրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար։
22 Թող նրան օրհնութեան պատարագ մատուցեն,եւ ցնծութեամբ նրա գործերը պատմեն։
23 Ովքեր ծով էին իջնում նաւերով եւ մեծ ջրերում գործեր կատարում,
24 նրանք տեսան Տիրոջ արարքները եւ նրա հրաշագործութիւններն անդնդի խորքերում։
25 Հրամայեց՝ եւ հողմ ու մրրիկ ելաւ, եւ բարձրացան ալիքները նրա։
26 Մարդիկ բարձրացան երկինք ու անդունդ իջան, եւ նրանց հոգիները մաշուեցին իրենց ներսում,
27 խռովուեցին նրանք, երերացին հարբածի պէս, եւ նրանց ողջ իմաստութիւնը կուլ գնաց։
28 Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա փրկեց նրանց իրենց վշտերից։
29 Մրրիկը վերածեց խաղաղ օդի, եւ ալիքները դադարեցին։
30 Նրանք ուրախացան, որ ալիքները հանդարտուեցին, եւ Նա նրանց իրենց ուզած նաւահանգիստն առաջնորդեց։
31 Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջը նրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար։
32 Թող պանծացնեն նրան ժողովուրդների հաւաքներում,եւ ծերերի ատեաններում օրհնեն նրան,
33 քանզի գետերը ցամաքի վերածեց,եւ ջրերի ընթացքը՝ ծարաւած հողի։
34 Պտղաբեր երկիրն աղուտ դարձրեց՝ նրա բնակիչների չարութեան դիմաց։
35 Անապատը վերածեց ջրառատ վայրի, եւ ծարաւած հողը՝ հոսող ջրերի։
36 Այնտեղ բնակեցրեց քաղցեալներին, որոնք իրենց համար բնակութեան քաղաք շինեցին։
37 Վարեցին արտերը, այգիներ տնկեցին,եւ բերք աճեցրին իրենց համար։
38 Տէրն օրհնեց նրանց՝ ու խիստ բազմացան, եւ նրանց անասունները չպակասեցին։
39 Նուազեցին նրանք եւ տանջուեցին չարիքների նեղութիւնից ու վշտերից։
40 Անարգանք թափուեց նրանց իշխանների վրայ, Տէրը մոլորեցրեց նրանց ճանապարհազուրկ անապատներում։
41 Տնանկներին օգնեց աղքատութեան մէջ, ոչխարների պէս առաջնորդեց նրանց, որ ազգ դառնան։
42 Թող արդարները տեսնեն եւ ուրախանան, եւ բոլոր անօրէնները փակեն բերաններն իրենց։
43 Ո՞վ է իմաստունն այն, որ պիտի պահպանի սա,եւ հասկանայ ողորմութիւնը Տիրոջ։