ՍԱՂՄՈՍ. Chapter 11

1 Այսուհետեւ՝ ութերորդականների մասին, սաղմոս Դաւթի
2 Փրկի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի սուրբ չմնաց, նուազեց ճշմարտութիւնը մարդկանց որդիների մէջ։
3 Ստութեամբ խօսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցուեցին նենգ շրթունքներով։
4 Տէրը կ՚ոչնչացնի բոլոր նենգ շրթունքներն ու լեզուները մեծախօս,
5 որոնք ասացին. Երկարեցնենք մեր լեզուները, մենք շրթունք ունենք, արդ՝ ո՞վ է մեր տէրը։
6 Աղքատի տառապանքին եւ տնանկի հեծութեան համար այժմ ես կ՚ելնեմ, - ասում է Տէրը, - կը բերեմ իմ փրկութիւնը եւ վստահ կը լինեմ նրանց վրայ։
7 Տիրոջ խօսքերը սուրբ խօսքեր են, ինչպէս ընտիր ու փորձուած արծաթ՝ եօթնապատիկ մաքրուած եւ զտուած հողից։
8 Դու, Տէ՛ր, պահպանեցիր մեզ եւ փրկեցիր այս ազգից մինչեւ յաւիտենութիւն։
9 Ամէն կողմ ամբարիշտներ են շրջում. քո բարձրութեան համեմատ դու մեծութի՛ւն տուր մարդկանց որդիներին։