ՍԱՂՄՈՍ. Chapter 138

1 Տէ՛ր, ինձ փորձեցիր ու ճանաչեցիր ինձ։
2 Դու իմացար իմ նիստուկացը, հեռուից հասկացար իմ մտածումները։
3 Իմ շաւիղներն ու վիճակը դու քննեցիր,եւ բոլոր ճանապարհներս նախապէս տեսար։
4 Իմացար, որ լեզուիս տակ նենգութիւն չկայ։
5 Ահա դու, Տէ՛ր, իմացար իմ սկիզբն ու վերջը, դու ինձ ստեղծեցիր եւ ձեռքդ դրիր ինձ վրայ։
6 Զարմանալի է քո իմացութիւնն իմ մասին, այնքան զօրեղ, որ չեմ կարող հասու լինել դրան։
7 Ո՞ւր գնամ ես քո հոգուց, կամ քո դէմքից ո՞ւր փախչեմ։
8 Եթէ երկինք ելնեմ, այնտեղ ես դու, եթէ դժոխք իջնեմ, դրան էլ մօտ ես։
9 Եթէ առաւօտեան թեւեր առնեմ ու բնակուեմ ծովի եզերքին,
10 այնտեղ էլ քո ձեռքն ինձ կ՚առաջնորդի, եւ աջդ ինձ կ՚ընդունի։
11 Ասացի՝ գուցէ խաւարն ինձ ծածկի, կամ գիշերը պատի ինձիմ վայելքի լոյսի փոխարէն։
12 Խաւարը քեզ համար խաւար չի լինի, եւ գիշերը լուսաւոր ցերեկ կը դառնայ, ու նրա մթութիւնն ինչպէս լոյս կ՚երեւայ։
13 Դո՛ւ ստեղծեցիր երիկամներն իմ,եւ մօրս որովայնից ինձ ընդունեցիր։
14 Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, քանզի ահեղ ու սքանչելի ես դու, սքանչելի են գործերը քո, որոնք ես շատ սիրեցի։
15 Չծածկուեց քեզնից իմ ոսկորը, որն ստեղծեցիր դու թաքուն,ոչ էլ ծածկուեց կարողութիւնն իմ երկրի խորքերում։
16 Իմ անկատարութիւնները տեսան քո աչքերը, եւ այդ բոլորը գրուեցին քո գրքում։ Ցերեկը դրանք մոլորուեցին, ու չկար մէկը, որ առաջնորդէր դրանք։
17 Ինձ համար խիստ պատուական եղան քո բարեկամներն, Աստուա՛ծ, եւ շատ զօրացան նրանց իշխանները։
18 Հաշուեցի նրանց, եւ աւազից շատ դուրս եկան. արթնացայ՝ եւ ահա քեզ հետ եմ։
19 Դու, Աստուա՛ծ, պիտի սպանես մեղաւորներին. արիւնարբո՛ւ մարդիկ, հեռացէ՛ք ինձնից։
20 Հակառակութեամբ ու նախանձով նրանք իզուր պիտի տիրեն քո քաղաքներին։
21 Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։
22 Կատարեալ ատելութեամբ ատեցի նրանց, եւ նրանք թշնամի դարձան ինձ։
23 Փորձի՛ր ինձ, Աստուա՛ծ,ու ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչի՛ր իմ շաւիղները,
24 եւ տե՛ս, եթէ իմ ճանապարհին անօրէնութիւններ կան, առաջնորդի՛ր ինձ քո յաւիտենական ճանապարհներով։