ՍԱՂՄՈՍ. Chapter 71

1 Սաղմոս Սողոմոնի համար.
2 Աստուա՛ծ, դատաստանդ արքայի՛ն տուր, եւ արդարութիւնդ՝ թագաւորի որդո՛ւն, որ քո ժողովրդին արդարութեամբ դատի ու քո աղքատների իրաւունքը պահի։
3 Լեռները խաղաղութիւն կը բերեն ժողովրդին, եւ բլուրներն՝ արդարութիւն։
4 Թող արքան իրաւունք տայ ժողովրդի աղքատներին, պահպանի տնանկների որդիներին, եւ ընկճի ամբարտաւաններին։
5 Նա թող ապրի ու մնայ որքան որ արեւը լինի, լուսնից առաջ, սերնդից սերունդ։
6 Նա թող իջնի որպէս անձրեւ հնձած խոտի վրայեւ որպէս ցօղ՝ երկրի վրայ։
7 Նրա օրօք արդարութիւն եւ մեծ խաղաղութիւն թող տիրի, մինչեւ լուսնի վախճանը։
8 Նա թող իշխի ծովից մինչեւ ծով, եւ գետերից մինչեւ ծագերն աշխարհի։
9 Հնդիկները ծնկի թող գան նրա առջեւ, եւ նրա թշնամիները հող ուտեն։
10 Թարսիսի եւ կղզիների թագաւորները նուէրներ թող մատուցեն նրան, Արաբիայի եւ Սաբայի արքաներն ընծաներ թող բերեն նրան։
11 Աշխարհի բոլոր թագաւորները թող խոնարհուեն նրա առաջ,եւ բոլոր ազգերը թող ծառայեն նրան,
12 քանզի հզօրի ձեռքից նա փրկեց աղքատին՝ աղքատին ու տնանկին, որոնք օգնական չունեն։
13 Նա կը խղճայ աղքատին ու տնանկին, եւ տնանկների հոգին կը փրկի։
14 Չար վաշխառուներից կ՚ազատի նրանց։Նրա անունը փառաւոր է նրանց առաջ։
15 Նա կ՚ապրի, եւ արաբների ոսկին նրան պիտի տրուի։Ամէն ժամ աղօթքի կը կանգնեն նրա առջեւ եւ գիշեր-ցերեկ կ՚օրհնեն նրան։
16 Ամբողջ երկրում եւ լեռների գագաթներին հաստատութիւն կը տիրի։Նրա բերքի առատութիւնը Լիբանանից աւելի բարձր կը լինի, Տիրոջ քաղաքում նա կը ծաղկի երկրի խոտի նման։
17 Տիրոջ անունը կ՚օրհնուի յաւիտեան, քանզի արեւից հին է անունը նրա։ Աշխարհի բոլոր ազգերը կ՚օրհնեն նրան, եւ բոլոր ժողովուրդները երանի կը տան նրան։
18 Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ միայն ինքն է սքանչելիքներ գործում։
19 Եւ օրհնեալ է յաւիտեան սուրբ անունը նրա փառքի, թող նրա փառքով ողջ երկիրը լցուի. թող լինի, թող լինի։