ՍԱՂՄՈՍ. Chapter 95

1 Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգով, օրհնեցէ՛ք Տիրոջը, համայն աշխարհի մարդիկ։
2 Օրհնեցէ՛ք Տիրոջն ու օրհնեցէ՛ք անունը նրա, օրըստօրէ աւետեցէ՛ք փրկութիւնը նրա։
3 Հեթանոսների մէջ փառքը պատմեցէ՛ք նրա, եւ բոլոր ժողովուրդների մէջ՝ սքանչելագործութիւնները նրա։
4 Մեծ է Տէրն ու անչափ օրհնեալ, ահարկու է նա բոլոր կուռքերից աւելի։
5 Հեթանոսների բոլոր կուռքերը դեւեր են, իսկ Տէրն արարիչն է երկնքի։
6 Խոստովանութիւն եւ վայելչութիւն կայ նրա առջեւ, սրբութիւն եւ մեծափառութիւն՝ նրա սրբարանում։
7 Մատուցեցէ՛ք Տիրոջը, ազգատոհմե՛ր, մատուցեցէ՛ք Տիրոջը փառք ու պատիւ։
8 Մատուցեցէ՛ք Տիրոջը փառքն իր անուան, ընծանե՛ր վերցրէք ու մտէ՛ք սրահները նրա։
9 Երկրպագեցէ՛ք Տիրոջն իր սրբարանի գաւիթներում, քանզի ամբողջ երկիրը պիտի խռովուի նրա ներկայութիւնից։
10 Հեթանոսների մէջ ասացէ՛ք, թէ՝ Տէրը թագաւորեց, նա աշխարհն հաստատեց, որ չսասանուի, եւ նա իր ժողովրդին արդարութեամբ պիտի դատի։
11 Թող ուրախ լինի երկինքն ու ցնծայ երկիրը, թող զուարճանայ ծովն իր մէջ եղած բոլոր կենդանի էակներով։
12 Թող հրճուեն դաշտերը եւ նրանցում եղած ամէն ինչ, թող այնժամ ցնծան անտառի բոլոր ծառերը
13 Տիրոջ առջեւ, որ գալիս է, գալիս է դատելու երկիրը։ Նա պիտի դատի տիեզերքն արդարութեամբ,եւ բոլոր ժողովուրդներին՝ իր ճշմարտութեամբ։