ՍԱՂՄՈՍ. Chapter 117

1 Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է ողորմութիւնը նրա։
2 Տունն Իսրայէլի թող ասի, որ բարի է նա, որ յաւերժ է ողորմութիւնը նրա։
3 Տունն Ահարոնի թող ասի, որ բարի է նա, որ յաւերժ է ողորմութիւնը նրա։
4 Տիրոջից երկիւղ կրողները թող ասեն, որ բարի է նա,որ յաւերժ է ողորմութիւնը նրա։
5 Նեղութեան ժամանակ ես Տիրոջը կանչեցի, նա լսեց ինձ եւ հանդարտութեան առաջնորդեց։
6 Տէրն օգնականն է իմ, եւ ես չեմ երկնչի. մարդն ինձ ի՞նչ կարող է անել։
7 Տէրն օգնականն է իմ, եւ ես կը տեսնեմ վախճանն իմ թշնամիների։
8 Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել մարդկանց վրայ։
9 Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել իշխանների վրայ։
10 Բոլոր ազգերը շրջապատեցին ինձ, բայց Տիրոջ անուամբ յաղթեցի նրանց։
11 Շուրջբոլորս բռնեցին, միահամուռ պաշարեցին ինձ, բայց Տիրոջ անուամբ վանեցի նրանց։
12 Մեղուների պէս շուրջս լցուեցին, վառուեցին բորբոքուեցին ինչպէս հրաճարակ փուշ, բայց Տիրոջ անուամբ վանեցի նրանց։
13 Երբ ինձ հրեցին, ես սասանուեցի եւ մօտ էի գլորուելու, բայց Տէրը բռնեց ինձ։
14 Իմ զօրութիւնն ու օգնութիւնն է Տէրը, նա իմ փրկութիւնը եղաւ։
15 Ցնծութեան եւ փրկութեան ձայն կայ արդարների սրահներում։
16 Տիրոջ աջը զօրութիւն գործեց, Տիրոջ աջը բարձրացրեց ինձ,եւ Տիրոջ աջը զօրութիւն գործեց։
17 Չպիտի մեռնեմ, այլ պիտի ապրեմեւ Տիրոջ գործերը պիտի պատմեմ։
18 Տէրն ինձ խրատելով պատժեց, բայց չմատնեց մահուան։
19 Բացէ՛ք արդարութեան դռներն իմ առաջ, որ մտնեմ ներս ու Տիրոջը գոհութիւն մատուցեմ։
20 Տիրոջ դուռն է սա, եւ արդարները այս դռնո՛վ պիտի մտնեն։
21 Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, քանզի լսեցիր ինձ,եւ ինձ համար փրկութիւն եղար։
22 Քարն այն, որ շինարարներն արհամարհեցին,ա՛յն դարձաւ անկիւնաքար։
23 Տիրոջից եղաւ այս բանը, եւ սքանչելի է մեր աչքերին։
24 Սա է օրն այն, որ Տէրն ստեղծեց.եկէ՛ք ցնծանք եւ ուրախանանք այսօր։
25 Ո՛վ Տէր, փրկի՛ր, ո՛վ Տէր, առաջնորդի՛ր։
26 Օրհնեալ ես դու, որ պիտի գաս Տիրոջ անունով, մենք օրհնեցինք քեզ Տիրոջ տնից։
27 Մե՛ր Տէր Աստուածը երեւաց մեզ, կատարեցէ՛ք տօնն ուրախութեան մատղաշ ճիւղերով՝մուտքից մինչեւ անկիւնները սեղանի։
28 Դու իմ Աստուածն ես, պիտի գոհութիւն մատուցեմ քեզ, դու իմ Աստուածն ես, պիտի մեծարեմ քեզ։ Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, քանզի լսեցիր ինձ,եւ ինձ համար փրկութիւն եղար։
29 Գոհութիւն մատուցենք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը նրա։