ՍԱՂՄՈՍ. Chapter 78

1 Աստուա՛ծ, հեթանոսները մտան քո ժառանգութեան մէջ, պղծեցին քո սուրբ տաճարը, Երուսաղէմը դարձրին ինչպէս մրգապահի հիւղակ։
2 Քո ծառաների դիակները որպէս կեր նետեցին երկնքի թռչուններին, եւ քո սրբերի մարմինները՝ երկրի գազաններին։
3 Նրանց արիւնը ջրի պէս Երուսաղէմի շուրջը թափեցին, եւ չկար մէկը, որ թաղէր նրանց։
4 Մենք դարձանք մեր դրացիների նախատինքը եւ մեր շուրջը եղողների ծաղրուծանակը։
5 Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, պիտի բարկանաս դու անվերջ, եւ քո նախանձը պիտի բորբոքուի հրի պէս։
6 Բարկութիւնդ թափի՛ր այն ազգերի վրայ, որոնք քեզ չեն ճանաչում, այն թագաւորների վրայ, որոնք անունդ չեն ոգեկոչում։
7 Նրանք յօշոտեցին Յակոբի ցեղին, եւ նրա տեղն աւերեցին։
8 Մի՛ յիշիր հին մեղքերը մեր, թող ողորմութիւնդ շուտով հասնի մեզ, Տէ՛ր, քանզի սաստիկ աղքատացանք։
9 Օգնի՛ր մեզ, Աստուա՛ծ, փրկի՛չ մեր, քո անուան փառքի համար. Տէ՛ր, յանուն քո անուան փրկի՛ր մեզ ու թողութի՛ւն տուր մեր մեղքերին։
10 Թող հեթանոսների մէջ երբեք չասեն՝ Ո՞ւր է նրանց Աստուածը. այլ հեթանոսների մէջ, մեր աչքի առջեւ, թող յայտնուի քո ծառաների թափած արեան վրէժխնդրութիւնը։
11 Բանտարկեալների հեծեծանքը թող հասնի քեզ. դու քո բազկի զօրութեամբ փրկի՛ր սպանուածների որդիներին։
12 Մեր դրացիների նախատինքը, որով անարգեցին մեզ, եօթնապատիկ իրենց գիրկը վերադարձրու, Տէ՛ր։
13 Մենք՝ քո ժողովուրդն ու քո արօտի ոչխարները, յաւիտեան քեզ գոհութիւն պիտի մատուցենք, սերնդից սերունդ պիտի պատմենք քո օրհնութիւնը։