ՍԱՂՄՈՍ. Chapter 49

1 Աստուածների Աստուած Տէրը խօսեց, ձայն տուեց երկրին արեւելքից մինչեւ արեւմուտք։
2 Սիոնից է նրա մեծ վայելչութիւնն ու փրկութեան գեղեցկութիւնը։
3 Մեր Աստուածը պիտի գայ յայտնապէս, եւ մեր Աստուածը պիտի չլռի, նրա առջեւ հուր պիտի բորբոքուի, եւ նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ։
4 Նա վերեւից ձայն պիտի տայ երկնքին ու երկրին՝ իր ժողովրդին դատելու համար։
5 Մօտն է հաւաքելու իր սրբերին եւ նրանց, ովքեր ուխտի զոհ են մատուցում իր սեղանին։
6 Երկինքը պատմելու է նրա արդարութիւնը, քանզի Աստուած դատաւոր է։Հանգիստ։
7 Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, ու ես քեզ կ՚ասեմ, եւ Իսրայէ՛լ՝ քեզ կը վկայեմ, որ Աստուածը, ք՛ո Աստուածը ես եմ։
8 Քո զոհաբերութիւնների համար չէ, որ կշտամբում եմ քեզ, քանզի ողջակէզներդ միշտ առջեւս են։
9 Քո տնից հորթեր չեմ ընդունում, ոչ էլ քո հօտից՝ նոխազներ։
10 Իմն են անտառի բոլոր գազանները, լեռների երէները եւ բոլոր անասունները։
11 Գիտեմ ես երկնքի բոլոր թռչուններին, եւ դաշտի գեղեցկութիւնն իմն է։
12 Եթէ քաղց զգամ, քեզ բան չեմ ասի, քանզի իմն է աշխարհն իր ամբողջութեամբ։
13 Ես չեմ ուտում քո հորթերի միսը, եւ քո նոխազների արիւնը չեմ խմում։
14 Աստծուն օրհնութեան պատարագ մատուցի՛ր եւ Բարձրեալի առջեւ ուխտդ կատարի՛ր։
15 Քո նեղութեան օրը կանչի՛ր ինձ, ես կը փրկեմ քեզ, ու դու կը փառաբանես ինձ։Հանգիստ։
16 Սակայն մեղաւորին Աստուած ասում է. Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարութիւնը, կամ բերանդ չես առնում իմ ուխտը։
17 Չէ որ դու ատեցիր իմ խրատը, մերժեցիր ու անտեսեցիր բերանիս բոլոր խօսքերը։
18 Երբ գողեր էիր տեսնում, նրանց հետ էիր ընթանում եւ ընկերակցում շնացողներին։
19 Բերանդ չարութիւն էր տարածում, եւ լեզուդ նենգութիւն էր նիւթում։
20 Նստած չարախօսում էիր եղբօրդ մասին եւ մօրդ որդու վրայ զրպարտութիւն բարդում։
21 Այս բոլորն արեցիր, ու ես լուռ մնացի. դու՝ անօրէնդ, կարծեցիր քո մտքում, թէ ես էլ կը նմանուեմ քեզ։ Արդ, պիտի յանդիմանեմ քեզ եւ այս ամէնը առջեւդ դնեմ։
22 Իմացէ՛ք բոլորդ, որ մոռացել էք Աստծուն. գուցէ երբեւէ յափշտակուէք տարուէք, եւ ձեզ փրկող չգտնուի։
23 Օրհնութեան պատարագն ինձ կը փառաւորի. եւ ճանապարհն այնտեղ է, ուր ես նրան ցոյց պիտի տամ Աստծու փրկութիւնը։