ՍԱՂՄՈՍ. Chapter 143

1 Օրհնեալ է Տէր Աստուածն իմ, որ ձեռքս վարժեցրեց պատերազմիեւ մատներս՝ ճակատամարտի։
2 Նա ողորմութիւնն ու ապաւէնն է իմ, օգնականը, փրկիչն ու պահպանիչն իմ։ Ես յոյսս դրել եմ նրա վրայ.նա է, որ ժողովուրդներին հնազանդեցնում է ինձ։
3 Տէ՛ր, մարդն ի՞նչ է, որ յայտնուեցիր նրան, կամ մարդու որդին՝ որ բանի տեղ ես դնում նրան։
4 Մարդը նման է ունայնութեան, եւ նրա օրերն անցնում են ստուերի պէս։
5 Տէ՛ր, ցածրացրո՛ւ երկինքն ու իջի՛ր, մօտեցի՛ր լեռներին՝ եւ թող ծխեն դրանք։
6 Արձակի՛ր կայծակները քո եւ խռովի՛ր նրանց,առաքի՛ր նետերը քո եւ ցրի՛ր նրանց։
7 Ձեռքդ մեկնի՛ր վերից ու փրկի՛ր ինձ յորդացող ջրերից եւ օտարների որդիների ձեռքից,
8 որոնց բերաններն ունայնութիւն են խօսում, եւ որոնց աջը մեղսագործ աջ է։
9 Աստուա՛ծ, քե՛զ նոր օրհներգով պիտի օրհնեմ, տասնալար նուագարանով սաղմոս պիտի երգեմ քեզ։
10 Նա ազատութիւն պիտի տայ մեր թագաւորներին, եւ չար սրից պիտի փրկի իր Դաւիթ ծառային։
11 Փրկի՛ր եւ ազատի՛ր ինձ օտարների որդիների ձեռքից, որոնց բերաններն ունայնութիւն են խօսում, եւ որոնց աջը մեղսագործ աջ է։
12 Նրանց որդիները նոր տունկի պէս հաստատուած են իրենց մանկութիւնից, նրանց դուստրերը զարդարուած ու պճնուած են ինչպէս տաճար։
13 Նրանց շտեմարանները լիքն են եւ մէկից միւսն են հոսում, նրանց ոչխարները բազմածին են եւ բազմանում են իրենց ճամփի վրայ։
14 Նրանց արջառները պարարտ են, նրանց ցանկապատերը խրամատներ չունեն, եւ նրանց հրապարակներում աղմուկ չկայ։
15 Ես երանի եմ տալիս այն ժողովրդին, որն այս վիճակում է. նաեւ երանի՜ այն ժողովրդին, որի Տէրն Աստուած է։