ՍԱՂՄՈՍ. Chapter 105

1 Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
2 Ո՞վ պիտի պատմի զօրութիւնը Տիրոջ, լսելի դարձնի նրա ամբողջ օրհնութիւնը։
3 Երանի նրանց, ովքեր իրաւունքն են պահում եւ ամէն ժամ արդարութիւն գործում։
4 Յիշի՛ր մեզ, Տէ՛ր, ի հաճութիւն քո ժողովրդի, եւ այցելի՛ր մեզ քո շնորհելիք փրկութեամբ։
5 Տեսնենք բարութիւնը քո ընտրեալների, ուրախանանք քո ազգի ուրախութեամբ,ու պարծենանք քո ժառանգութեամբ։
6 Մենք մեր հայրերի հետ մեղանչեցինք, անօրէնութիւն եւ յանցանք գործեցինք։
7 Հայրերը մեր Եգիպտոսում չհասկացան քո հրաշագործութիւնները, չյիշեցին քո ողորմութեան առատութիւնը, քեզ բարկացրին Կարմիր ծովն անցնելիս։
8 Նա փրկեց նրանց իր անուան համար, որ ճանաչեն իր զօրութիւնը։
9 Սաստեց Կարմիր ծովին՝ եւ այն ցամաքեց, նրանց առաջնորդեց անդնդի միջով ինչպէս անապատով։
10 Նրանց ազատեց իրենց ատողներիցեւ նրանց փրկեց իրենց թշնամիների ձեռքից։
11 Ծովը ծածկեց նրանց հալածողներին, եւ սրանցից ոչ ոք չփրկուեց։
12 Հաւատացին նրա խօսքերին եւ օրհներգեցին նրան։
13 Բայց շուտով մոռացան գործերը նրա, եւ չանսացին նրա խորհուրդներին։
14 Անապատում ցանկութեամբ վառուեցին, ու փորձեցին Աստծուն անջրդի վայրում։
15 Իրենց խնդրածը նա տուեց նրանց, եւ լիութիւն ուղարկեց նրանց։
16 Բանակատեղիում բարկացրին Մովսէսին եւ Տիրոջ սրբին՝ Ահարոնին։
17 Գետինը բացուեց ու կլանեց Դադանին, ծածկեց բանակն Աբիրոնի։
18 Հուր բորբոքուեց նրանց հաւաքավայրերում, եւ բոցը լափեց մեղաւորներին։
19 Քորեբում մի հորթ շինեցին,եւ երկրպագեցին արձանին։
20 Իրենց Փառքը փոխարինեցին խոտակեր հորթի պատկերով։
21 Մոռացան իրենց կեանք տուած Աստծուն, որը մեծ գործեր կատարեց Եգիպտոսում,
22 սքանչելագործութիւններ՝ Քամի երկրում,եւ ահաւոր բաներ՝ Կարմիր ծովի վրայ։
23 Ասաց, թէ պիտի ոչնչացնի նրանց, եթէ նրա ընտրեալ Մովսէսն առջեւը կանգնած չլինէր։ Նա դիմեց Տիրոջն ու վերացրեց բարկութիւնը նրա, որ նրանք չկոտորուեն։
24 Անարգեցին երկիրը ցանկալի,ու չհաւատացին Տիրոջ խօսքին։
25 Տրտնջացին իրենց բանակատեղիում,ու չլսեցին ձայնը Տիրոջ։
26 Տէրն իր ձեռքը բարձրացրեց նրանց վրայ, որ նրանց հարուածի անապատում,
27 որ նրանց սերունդը ցրուի հեթանոսների մէջ, նրանց սերունդը ցրուի գաւառներում։
28 Նրանք Բելփեգորին յարեցին, զոհի միս կերան ու մեռելոտի։
29 Բարկացրին Տիրոջն իրենց գործերով, եւ նրանց վրայ կոտորած իջաւ։
30 Ապա Փենէէսն եկաւ մէջտեղ, քաւութիւն տուեց, ու մահը վերջ գտաւ։
31 Նա արդարացի համարուեց սերնդից սերունդ՝ մինչեւ յաւիտենութիւն։
32 Նրան բարկացրին Հակառակութեան ջրերի մօտ, եւ Մովսէսը տանջուեց նրանց պատճառով,
33 քանզի դառնացրել էին նրա հոգին։ Նա հրամայեց իր շրթունքներով,
34 եւ չկոտորուեցին այն ազգերը, որոնց մասին ասել էր Տէրը։
35 Խառնուեցին հեթանոսների մէջ,ու սովորեցին գործերը նրանց։
36 Ծառայեցին նրանց կուռքերին, որոնք իրենց գայթակղութիւնը դարձան։
37 Իրենց որդիներին ու դուստրերին զոհեցին դեւերին,
38 եւ անմեղ արիւն թափեցին՝ արիւնն իրենց որդիների ու դուստրերի, որ զոհեցին Քանանի կուռքերին։
39 Երկիրը շաղախուեց նրանց արեամբ,ու պղծուեց նրանց գործերից, քանզի պոռնկացան իրենց ընթացքով։
40 Սրտնեղած բարկացաւ Տէրն իր ժողովրդի վրայ,եւ խիստ զզուեց իր ժառանգութիւնից։
41 Նրանց մատնեց հեթանոսների ձեռքը, եւ իրենց ատողները տիրեցին նրանց։
42 Իրենց թշնամիները նեղեցին նրանց, եւ նրանք խեղճացան նրանց ձեռքի տակ։
43 Տէրը շատ անգամ փրկեց նրանց, բայց նրանք դառնացրին նրան իրենց չար խորհուրդներով,եւ ընկղմուեցին իրենց անօրէնութեան մէջ։
44 Տէրը նայեց նրանց նեղութեանը՝ լսելով ձայնը նրանց աղօթքի։
45 Յիշեց ուխտն իր,եւ իր առատ ողորմածութեամբ զղջաց։
46 Նրանց գթութեան արժանացրեց իրենց բոլոր գերեվարողների դիմաց։
47 Փրկի՛ր մեզ, Տէ՛ր Աստուած մեր, եւ հաւաքի՛ր մեզ հեթանոսների միջից։ Մենք գոհութիւն պիտի մատուցենք քո սուրբ անուանը եւ պիտի պարծենանք քո օրհնութիւններով։
48 Օրհնեալ է Տէր Աստուածն Իսրայէլի յաւիտեանս յաւիտենից. ողջ ժողովուրդը թող ասի՝ Թող լինի, թող լինի։