ՍԱՂՄՈՍ. Chapter 60

1 Այսուհետեւ՝ օրհնութեամբ սաղմոս Դաւթի
2 Լսի՛ր, Աստուա՛ծ, աղօթքն իմ, եւ ո՛ւշ դարձրու, Տէ՛ր, աղօթքիս։
3 Երկրի ծայրերից ես քեզ կանչեցի, երբ սիրտս յոգնեց։
4 Ժայռից բարձր պահեցիր ինձ, առաջնորդեցիր ինձ ու եղար իմ յոյսը, եւ թշնամու դէմ հզօր աշտարակ դարձար ինձ համար։
5 Ես յաւիտեան պիտի բնակուեմ քո խորանում ու թեւերիդ հովանու տակ պատսպարուեմ։
6 Դու, Աստուա՛ծ, աղօթքս լսեցիր եւ ժառանգութիւն տուիր քո անունից ակնածողներին։
7 Թագաւորի կեանքի տարիներին օրեր աւելացրիր, օրեր սերնդէ սերունդ։
8 Նա կայ եւ յաւիտեան կը մնայ Աստծու առջեւ. նաեւ նրանք, որոնք ողորմութիւն ու ճշմարտութիւն կը խնդրեն նրանից։
9 Այսպէս սաղմոս պիտի երգեմ քեզ յաւիտեանս յաւիտենից եւ օրըստօրէ աղօթք պիտի մատուցեմ։