ՍԱՂՄՈՍ. Chapter 139

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2 Ազատի՛ր ինձ, Տէ՛ր, չար մարդուց, անիրաւ մարդուց փրկի՛ր ինձ։
3 Իրենց սրտում նրանք անօրէնութիւն խորհեցին,եւ գիշեր-ցերեկ պատերազմի պատրաստուեցին։
4 Օձի պէս սրեցին լեզուներն իրենց, եւ նրանց շրթների տակ թոյն կայ իժի։
5 Պահպանի՛ր ինձ, Տէ՛ր, մեղաւորի ձեռքից, եւ չար մարդուց փրկի՛ր ինձ. նրանք խորհեցին խափանել ընթացքն իմ։
6 Ամբարտաւաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջեւ,եւ իմ շաւղի շուրջը գայթակղութիւններ դրին։
7 Ասացի. Դու իմ Տէր Աստուածն ես, ակա՛նջ դիր, Տէ՛ր, աղօթքիս ձայնին։
8 Տէ՛ր, Տէ՛ր, իմ փրկութեան զօրութի՛ւն, գլխիս հովանի՛ն պատերազմի մէջ։
9 Մի՛ մատնիր ինձ, Տէ՛ր, մեղաւորների կամքին, որոնք նենգամտեցին իմ դէմ։ Ինձ երեսի վրայ մի՛ թող, որ նրանք երբեք չբարձրանան, եւ նրանց մտադրութիւնները չկատարուեն։
10 Թող նրանց կատարածի վախճանն այս լինի. իրենց շրթունքների վաստակը թող ծածկի նրանց։
11 Դու նրանց վրայ կրակի կայծեր թափի՛ր ու կործանի՛ր նրանց, որ տառապանքներից չկարողանան փրկուել։
12 Չարալեզու մարդը յաջողութիւն չի ունենայ երկրի վրայ. մեղաւոր մարդուն իր չարագործութիւնները կորստեան կը մատնեն։
13 Գիտեմ, Տէ՛ր, որ դու աղքատին արդար դատաստան ես անում եւ տնանկի իրաւունքն ես պաշտպանում։
14 Արդարները գոհութիւն պիտի մատուցեն քո անուանը, ուղղամիտները պիտի բնակուեն քո դիմաց։