ՍԱՂՄՈՍ. Chapter 67

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2 Թող ելնի Աստուած, նրա բոլոր թշնամիները թող ցրուեն,ու նրան ատողները փախչեն իր առջեւից։
3 Ինչպէս ծուխն է ցնդում, այնպէս պիտի անհետանան նրանք.ինչպէս մոմն է հալւում կրակի դիմաց,այնպէս էլ մեղաւորները պիտի կորչեն Աստծու երեսից։
4 Արդարները թող ուրախ լինեն, թող ցնծան նրա առջեւ եւ զուարճանան իրենց ուրախութեամբ։
5 Օրհնեցէ՛ք Աստծուն, սաղմո՛ս երգեցէք նրա անուանը, ճանապա՛րհ տուէք նրան, ով նստում է արեւմուտքում. եւ Տէր է անունը նրա։ Թող մարդիկ ցնծան նրա առջեւ, եւ թող խռովուեն նրա երեսից,
6 որ հայրն է որբերի ու դատաւորն այրիների՝ Աստուած իր սուրբ բնակարանում։
7 Աստուած բնակեցնում է միայնակներին տան մէջեւ իր քաջութեամբ ազատում գերեալներին ու դառնացած գերեզմանաբնակներին։
8 Աստուա՛ծ, երբ քայլեցիր քո ժողովրդի առջեւից, երբ անցար անապատով,
9 ցնցուեց երկիրը, եւ երկինքը ցօղ թափեց Սինայում՝ Աստծու շնորհիւ, Իսրայէլի Աստծու առջեւ։
10 Ցանկալի անձրեւ պատրաստեցիր, Աստուա՛ծ, քո ժառանգութեան համար, որը թէեւ տկարացաւ, բայց դու ոտքի կանգնեցրիր նրան։
11 Եւ քո ժողովուրդը պիտի բնակուի նրա մէջ։Աստուա՛ծ, քո քաղցրութեամբ պատրաստութիւն տեսար աղքատի համար։
12 Տէրը պատգամ պիտի տայ նրանց, ովքեր մեծ զօրութեամբ աւետիս են տալիս։
13 Սիրելիիդ զօրքերի թագաւո՛ր, քո տան գեղեցկութիւնը մատնուեց աւարի։
14 Թէկուզեւ ննջէք կալուածքների մէջ, արծաթապատ թեւերով եւ ոսկեգոյն թիկնամէջով աղաւնի կը լինէք։
15 Երբ երկնաւորը թագաւորներին հաւաքի այնտեղ, նրանք ձեան պէս կը թափուեն Սաղմոնի լերան վրայ։
16 Աստծու լեռը պարարտ լեռ է, հաստատուն լեռ եւ պարարտ լեռ։
17 Ո՛վ հպարտ լեռներ, ի՞նչ էք նախանձում այն լերանը, որտեղ բարեհաճեց բնակուել Աստուած, եւ Տէրն իսկ բնակուելու է այնտեղ յաւիտեան։
18 Աստծու կառքերը բիւրապատիկ են՝ հազարաւոր կառավարներով, որոնց մէջ է Տէրն իր սուրբ Սինայից։
19 Նա ելաւ բարձունքներն ու գերեվարեց գերիներին. աւար առաւ, պարգեւներ բաշխեց ու տուեց մարդկանց որդիներին, որ թերահաւատներն անգամ բնակուեն այնտեղ։
20 Օրհնեալ է Տէր Աստուածը, օրհնեալ է Տէրն ամէն օր. Աստուած՝ փրկիչը մեր, պիտի առաջնորդի մեզ։
21 Աստուած մեր կենարար Աստուածն է, եւ Տիրոջ ձեռքում է ելքը մահուան։
22 Սակայն Աստուած պիտի փշրի մեր թշնամիների գլուխը եւ կարճամազ պիտի պահի նրանց, ովքեր ընթանում են իրենց անօրէնութեամբ։
23 Տէրն ասաց. Անդունդների խորքից ես պիտի վերադարձնեմ եւ ժանիքների միջից դուրս կորզեմ նրան։
24 Այնպէս որ ոտքդ արեան մէջ թրջուի, եւ քո շների լեզուները թրջուեն թշնամիներիդ արիւնից։
25 Երեւաց քո երթն, Աստուա՛ծ, Աստծու՝ մեր սուրբ թագաւորի երթը։
26 Իշխաններն առաջ անցան օրհնութիւն մատուցելու կոյսերի եւ գովերգուների մէջ։
27 Խմբովին օրհնեցէ՛ք Աստծուն,Տիրոջը՝ Իսրայէլի աղբիւրների կողմից։
28 Այնտեղ են Բենիամին զարմանահրաշ մանուկը, Յուդայի երկրի առաջնորդ իշխանները եւ Զաբուղոնի ու Նեփթաղիմի իշխանները։
29 Հրամայի՛ր, Աստուա՛ծ, քո զօրութեամբ,զօրացրո՛ւ այն, ինչ հաստատեցիր մեր մէջ։
30 Երուսաղէմի քո տաճարից թագաւորները թող ընծաներ մատուցեն։
31 Սաստի՛ր եղէգնուտի գազանին՝ ցուլերի ու երինջների երամակներով հանդերձ։ Թող արհամարհուեն նրանք, ովքեր ընտրուել են արծաթով։ Ցրի՛ր հեթանոսներին ու պատերազմ կամեցողներին։
32 Եգիպտոսից պատգամաւորներ պիտի գան, եւ հնդիկներն աւելի առաջ ձեռք պիտի մեկնեն Աստծուն։
33 Աշխարհի՛ թագաւորութիւններ, օրհնեցէ՛ք Աստծուն, եւ սաղմո՛ս երգեցէք Տիրոջը։
34 Ճանապա՛րհ բացէք նրա համար, ով նստում է երկինքների երկնքում, արեւելեան կողմում։ Ահա նա ձայն պիտի տայ, ձայնն իր զօրութեան։
35 Փա՛ռք տուէք Աստծուն. նրա մեծ վայելչութիւնն Իսրայէլի վրայ է, իսկ զօրութիւնը հասնում է մինչեւ երկնքի ամպերը։
36 Սքանչելի է Աստուած իր սրբերի մէջ. նա Աստուածն է Իսրայէլի, որ իր ժողովրդին հաստատ զօրութիւն պիտի տայ. օրհնեալ է Աստուած։