ՍԱՂՄՈՍ. Chapter 27

1 Քեզ կանչեցի, Տէ՛ր, անարձագանք մի՛ թողնիր ինձ, Աստուա՛ծ իմ. եթէ երբեւէ լուռ մնաս, կը նմանուեմ նրանց, ովքեր գերեզման են իջնում։
2 Լսի՛ր, Տէ՛ր, պաղատանքիս ձայնը, երբ ես աղաչեմ քեզ, երբ ձեռքերս դէպի սուրբ տաճարդ պարզեմ։
3 Ամբարիշտների շարքը մի՛ դասիր ինձ եւ մի՛ կործանիր ինձ նրանց հետ, որ անօրէնութիւն են գործում, որ հաշտութեան մասին են խօսում իրենց ընկերների հետ, բայց սրտներում չարութիւն կայ։
4 Վարձատրի՛ր նրանց, Տէ՛ր, ըստ իրենց արարքների, իրենց անօրէն վարքի համեմատ հատուցի՛ր նրանց, նրանց ձեռքերի գործին նայելով՝ տո՛ւր իրենց հատուցումն իրենց։
5 Նրանք ուշ չդարձրին Տիրոջ արածներին, ոչ էլ նայեցին նրա ձեռքի գործերին։ Դու կը կործանես նրանց, եւ այլեւս նրանք ոտքի չեն կանգնի։
6 Օրհնեալ է Տէրը, քանզի լսեց ձայնն իմ աղօթքի։
7 Տէրն իմ օգնականն է ու պաշտպանը. նրա վրայ դրեց իր յոյսը սիրտն իմ, եւ մարմինս գոհացաւ ու զուարճացաւ. ես յօժարակամ պիտի փառաբանեմ նրան։
8 Տէրը զօրութիւնն է իմ ժողվրդի, ապաւէնն իր օծեալի փրկութեան։
9 Փրկի՛ր քո ժողովրդին, եւ օրհնի՛ր քո ժառանգորդներին, հովուի՛ր ու յաւէտ բարձրացրո՛ւ նրանց։