ՍԱՂՄՈՍ. Chapter 72

1 Որքա՜ն բարի է Աստուած Իսրայէլի համարեւ սրտով շիտակների համար։
2 Բայց ոտքերս քիչ մնաց, որ սասանուէին, մի փոքր եւս՝ եւ քայլերս պիտի մոլորուէին։
3 Նախանձեցի ես անօրէններին՝ մեղաւորների խաղաղութիւնը տեսնելով։
4 Նրանք մահուան տագնապ չունեն։ Սովորական են տանջանքները նրանց։
5 Մարդկանց տքնութիւնը չեն կրում նրանք, եւ մարդկանց պէս չեն տանջւում։
6 Դրա համար ամբարտաւանութիւնը պատեց նրանց, եւ նրանք համակուեցին իրենց ամբարշտութեամբ ու անիրաւութեամբ։
7 Նրանց անիրաւութիւնները կարծես ճարպից են դուրս գալիս, քանզի նրանք իրենց սրտի խորհրդով են շարժւում։
8 Չարամտօրէն մտածեցին ու խօսեցինեւ մեծամտութեամբ ապիրատութիւն խորհեցին։
9 Բերաններն իրենց ուղղեցին երկնքին, եւ լեզուները երկրով մէկ քարշ տուին։
10 Դրա համար ժողովուրդն իմ պիտի վերադառնայ այստեղ, եւ իմ օրերը լեցուն պիտի անցնեն նրանց հետ։
11 Ասացին՝ Ինչպէ՞ս իմացաւ Աստուած, կամ՝ Կա՞յ արդեօք իմացութիւն Բարձրեալի մօտ։
12 Ահա մեղաւոր են, եւ սակայն բարգաւաճում են նրանք, կան եւ ունեն հարստութիւնն աշխարհի։
13 Ասացի՝ Իզուր ուրեմն արդար դարձրի սիրտն իմ, եւ ձեռքերս սրբութեամբ լուացի։
14 Գիշեր-ցերեկ ես խոշտանգուած էի, եւ առաւօտները կշտամբանք կրեցի։
15 Թէպէտ ես ասում էի, թէ՝ եթէ այսպէս պատմեմ, դիմացս պիտի գտնեմ քո որդիների սերնդին,որոնց ուխտ արեցի։
16 Բայց հասկացայ, որ սա եւս դժուար է ինձ համար,
17 մինչեւ մտնեմ Աստծու սրբարանըեւ իմանամ նրանց վախճանը։
18 Բայց դու նրանց տարագիր կ՚անես իրենց նենգութեան համարեւ կը կործանես նրանց իրենց ամբարտաւանութեան մէջ։
19 Իսկ ինչպէ՞ս նրանք յանկարծակի աւերակ դարձան, կործանուեցին, սպառուեցին ու անհետացան իրենց անօրէնութեան համար
20 եւ եղան ինչպէս քնից արթնացող մարդու երազ։ Տէ՛ր, դու, արթնանալով, պիտի անարգես նրանց երազի պատկերը.
21 քանզի հուր բորբոքուեց իմ սրտում, եւ երիկամներս գունափոխուեցին։
22 Ես արհամարհուած եղայ ու չիմացայ այդ, քո առջեւ անասուն համարուեցի։
23 Բայց ես միշտ քեզ հետ եմ. դու բռնեցիր իմ աջ ձեռքից,
24 քո խորհուրդներով ինձ առաջնորդեցիր եւ փառքով ընդունեցիր ինձ։
25 Արդարեւ, ինձ համար ի՞նչ կայ երկնքում, կամ քեզնից բացի ի՞նչ փնտռեմ երկրի վրայ։
26 Սիրտս ու մարմինս մաշուեցին, իմ սրտի՛ Աստուած, յաւիտեան ինձ բաժի՛ն ընկած Աստուած։
27 Ահաւասիկ իրենց անձը քեզնից հեռացնողները պիտի կորչեն, դու պիտի կործանես բոլոր նրանց, ովքեր ապստամբեցին քո դէմ։
28 Ինձ համար բարիք է մերձենալ Աստծուն, յոյսս դնել Տիրոջ վրայեւ աւետել քո ամբողջ օրհնութիւնը Սիոնի դստեր դռների առաջ։