ՍԱՂՄՈՍ. Chapter 62

1 Սաղմոս Դաւթի, մինչ նա գտնւում էր Հրէաստանի անապատում
2 Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ, ես առաւօտից քեզ եմ դիմում. հոգիս ծարաւ է քեզ, առաւել եւս մարմինն իմ,
3 ինչպէս մի անապատ եւ անջուր երկիր, ուր ճամփայ չկայ։ Այդպէս էլ պիտի երեւամ քո սրբարանում՝ տեսնելու փառքդ եւ զօրութիւնդ,
4 քանզի ինձ համար քո ողորմութիւնն աւելի լաւ է, քան կեանքս, եւ շրթունքներն իմ պիտի գովեն քեզ։
5 Այսպէս իմ կեանքում քեզ պիտի օրհնեմ եւ քո անունով ձեռքս բարձրացնեմ։
6 Ասես պարարտ ճարպով պիտի յագենայ իմ հոգին, եւ բերանս ցնծալից շրթունքներով քե՛զ պիտի օրհնի։
7 Երբ քեզ յիշում էի իմ անկողնում, առաւօտեան կանուխ խօսում էի քեզ հետ։
8 Քանի որ դո՛ւ եղար իմ օգնականը, քո թեւերի հովանու տակ ես պիտի ցնծամ։
9 Քեզ հետեւեց իմ հոգին, եւ աջդ ընդունեց ինձ։
10 Նրանք, որ ինձ իզուր հետապնդեցին, թող երկրի անդունդների խորքը մտնեն։
11 Թող սրի մատնուեն նրանք եւ աղուէսների բաժին դառնան։
12 Թագաւորը յոյսը դրեց Տիրոջ վրայ. թող պարծենան բոլոր նրանք, որ երդւում են նրանով. թող խցուեն բերանները նրանց, ովքեր անիրաւութիւն են խօսում։