ՍԱՂՄՈՍ. Chapter 50

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի.
2 այն ժամանակ, երբ նրա մօտ եկաւ Նաթան մարգարէն, երբ ինքը մերձեցել էր Բերսաբէին
3 Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո մեծ ողորմութեամբ եւ քո գթառատութեամբ ջնջի՛ր իմ յանցանքները։
4 Առաւել եւս լուա՛ ինձ իմ անօրէնութիւնից եւ իմ մեղքերից մաքրի՛ր ինձ։
5 Իմ անօրէնութիւններն ես ինքս գիտեմ, եւ մեղքերն իմ միշտ առջեւս են։
6 Քո դէմ միայն մեղանչեցի, Տէ՛ր, եւ չարիք գործեցի քո առջեւ, որպէսզի արդար լինես քո խօսքերում, եւ յաղթող՝ քո դատաստանի մէջ։
7 Անօրէնութեամբ յղիացաւ եւ մեղքերի մէջ ծնեց ինձ մայրն իմ։
8 Դու, Տէ՛ր, ճշմարտութիւնը սիրեցիր եւ քո իմաստութեան անյայտն ու ծածուկն ինձ յայտնեցիր։
9 Ցօղի՛ր ինձ սպունգով՝ եւ ես կը մաքրուեմ, լուա՛՝ ու ձիւնից ճերմակ կը լինեմ։
10 Ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն լսել տո՛ւր, եւ թող տառապեալ ոսկորներս ցնծան։
11 Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից եւ իմ բոլոր յանցանքները ջնջի՛ր ինձնից։
12 Իմ մէջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստուա՛ծ, եւ արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում։
13 Մի՛ գցիր ինձ, Տէ՛ր, քո երեսից եւ սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից։
14 Ինձ փրկութեան ցնծութի՛ւն տուր, եւ քո տիրական Հոգով հաստատի՛ր ինձ։
15 Անօրէններին կը սովորեցնեմ քո ճանապարհը, եւ ամբարիշտները քո կողմը կը դառնան։
16 Փրկի՛ր ինձ արիւնից, Աստուա՛ծ, իմ փրկութեա՛ն Աստուած. լեզուս թող ցնծայ քո արդարութեամբ։
17 Տէ՛ր, եթէ շրթներս բացես, բերանն իմ կ՚երգի օրհնութիւնը քո։
18 Եթէ ուզէիր՝ պատարագ կը մատուցէինք, բայց դու ողջակէզներ չես սիրում։
19 Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստուած չի արհամարհում։
20 Քո բարեհաճութեամբ բարի՛ք գործիր Սիոնին, Տէ՛ր, եւ Երուսաղէմի պարիսպները թող կառուցուեն։
21 Այնժամ դու կը հաւանես արդարութեան պատարագները, եւ, իբրեւ ուխտի զոհեր, քո սեղանին հորթեր կը մատուցեն։