ՍԱՂՄՈՍ. Chapter 30

1 Այսուհետեւ՝ Դաւթի հերոսութեան գովքի սաղմոսը
2 Յոյսս դրի քեզ վրայ, Տէ՛ր, թող յաւէտ ամօթով չմնամ. քո արդարութեամբ փրկի՛ր եւ ազատի՛ր ինձ։
3 Դէպի ի՛նձ խոնարհիր ականջը քո, փութա՛ ինձ պաշտպանելու։ Եղի՛ր իմ պահապանը, Աստուա՛ծ, եւ իմ փրկութեան ապաստարանը, քանզի իմ ուժն ու ապաւէնն ես դու։
4 Քո անուան համար ինձ առաջնորդ եղար եւ սնուցեցիր ինձ։
5 Ինձ կը հանես այն որոգայթից, որ լարեցին իմ դէմ։
6 Դու ես պաշտպանն իմ, Տէ՛ր, եւ քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին։ Տէ՛ր Աստուած, փրկեցիր ինձ քո ճշմարտութեամբ։
7 Ատեցիր նրանց, ովքեր երկիւղ են կրում սնոտիաբար։
8 Ես յոյսս դրի Տիրոջ վրայ, պիտի ցնծամ եւ ուրախանամ քո տուած փրկութեամբ։ Տեսար իմ նուաստացումն ու ինձ փրկեցիր վշտերից։
9 Ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքըեւ ոտքերս լայնարձակ վայրում հաստատեցիր։
10 Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի ճնշուած եմ ես. սրտնեղութիւնից խռոված են իմ աչքը, հոգին ու որովայնը։
11 Կեանքս սպառուեց վիշտ ու ցաւերով, եւ տարիներս՝ հոգոց հանելով։ Թշուառութիւնից տկարացաւ ուժն իմ, եւ ոսկորներս մաշուեցին։
12 Իմ բոլոր թշնամիներից աւելի ես դրացիների՛ս համար նախատինք եղայ եւ ծանօթներիս համար՝ սոսկալի ահ ու սարսափ։ Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին ինձ, հեռու էին փախչում ինձնից։
13 Սրտերից մոռացուեցի ես ինչպէս մեռեալ եւ նմանուեցի անպէտք անօթի,
14 քանզի բամբասանք լսեցի շատերից, որոնք իմ շուրջն էին։ Հաւաքուած իրար գլխի՝ նրանք ուզում էին առնել իմ հոգին։
15 Բայց ես, Տէ՛ր, յոյսս դրի քե՛զ վրայ՝ ասելով. Դո՛ւ ես Աստուածն իմ,
16 եւ քո ձեռքում է իմ ժառանգութիւնը։ Փրկի՛ր ինձ թշնամիներիս ձեռքից եւ իմ հալածիչներից։
17 Ցո՛յց տուր երեսդ քո այս ծառային, պահպանի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ։
18 Տէ՛ր, ամօթով թող չմնամ, որ քեզ դիմեցի. թող ամբարիշտնե՛րն ամաչեն ու դժոխք իջնեն։
19 Եւ թող պապանձուեն նենգ շրթունքները, որոնք ամբարտաւանութեամբ եւ արհամարհանքով չարախօսում են արդարի մասին։
20 Որքա՜ն շատ է քո ողորմութեան քաղցրութիւնը, Տէ՛ր, որ պահեցիր երկիւղածներիդ համար։ Դու այն շնորհեցիր նրանց, որոնք իրենց յոյսը դրել են քեզ վրայմարդկանց որդիների առջեւ։
21 Մարդկանց խռովութիւնից պաշտպանեցիր նրանց քո երեսի ծածկոյթով, լեզուների հակառակութիւնից թաքցրիր նրանց քո վրանում։
22 Օրհնեալ է Տէրը, քանզի ողորմութիւնն իր հրաշագործեց ամուր քաղաքում։
23 Շփոթութեան մէջ ես ասացի, թէ այլեւս հեռու մնացի աչքերիդ առջեւից։ Սակայն դու լսեցիր ձայնն իմ աղօթքի, երբ աղաղակեցի քեզ։
24 Սիրեցէ՛ք Տիրոջը, բոլոր սրբե՛րդ նրա, քանզի Տէրը ճշմարտութիւն է փնտռում եւ խստութեամբ հատուցում նրանց, ովքեր շատ են ամբարտաւանանում։
25 Քաջալերուեցէ՛ք ամէքդ, որ յոյս էք դրել Տիրոջ վրայ, եւ ձեր սրտերը թող զօրանան։