ՍԱՂՄՈՍ. Chapter 7

1 Սաղմոս Դաւթի, որ Տիրոջն ասաց Յեմինի որդի Քուսի խօսքերի առթիւ
2 Տէ՛ր իմ Աստուած, քեզ վրայ դրեցի յոյսն իմ, փրկի՛ր ինձ եւ իմ բոլոր հալածիչներից ազատի՛ր ինձ։
3 Չլինի թէ առիւծի նման յօշոտեն ինձ, եւ չգտնուի մէկը, որ փրկի ինձ եւ պահպանի։
4 Տէ՛ր իմ Աստուած, եթէ արել եմ այս բանը, եթէ իմ ձեռքով անօրէնութիւն եմ գործել,
5 եթէ երբեւէ իմ չարակամներին չարութեամբ եմ հատուցել, թող ես էլ իսպառ կորչեմ թշնամիներիս ձեռքով։
6 Թող ուրեմն թշնամին հալածի ինձ, թող վրայ հասնի եւ խորտակի կեանքն իմ՝ կոխոտելով ինձ, իսկ փառքս հողին թող հաւասարեցնի։
7 Ելի՛ր, Տէ՛ր, բարկութեամբ քո եւ բարձրացի՛ր իսպառ վերացնելու իմ թշնամիներին։ Արթնացի՛ր, Տէ՛ր իմ Աստուած, յանուն քո սահմանուած կարգի։
8 Ժողովուրդների բազմութիւնները շուրջդ կը հաւաքուեն, իսկ դու, Տէ՛ր, բազմի՛ր բարձունքում
9 (Տէրն է դատում իր ժողովրդին)։ Դատի՛ր ինձ, Տէ՛ր, իմ մէջ եղած արդարութեան եւ անմեղութեան համեմատ։
10 Մեղաւորների վրայ չարիք կը գայ, իսկ արդարին յաջողութիւն կը տաս, սրտերի ու երիկամների քննիչ արդա՛ր Աստուած։
11 Յիրաւի, օգնողն Աստուած է, որ փրկում է նրանց, ովքեր շիտակ են սրտով։
12 Արդար, հզօր եւ համբերատար դատաւոր է Աստուած, որն իր զայրոյթը չի թափում հանապազ։
13 Սակայն եթէ չդառնաք դէպի Նա, սուրն իր սրած է եւ աղեղն իր՝ լարած։
14 Նա պատրաստել է մահուան գործիքները, իսկ նետերն իր հրանիւթով է սարքել։
15 Ահաւասիկ, ով որ անօրէնութիւն երկնեց, չարիք յղացաւ եւ անիրաւութիւն ծնեց,
16 նա փոս փորեց, խորացրեց, հէնց ինքն էլ ընկաւ այն փոսը, որ նա պատրաստեց։
17 Նրա գլխին կը թափուեն իր չարագործութիւնները, նրա գագաթին կ՚իջնեն իր անօրէնութիւնները։
18 Գոհութիւն կը մատուցեմ Տիրոջն իր արդարութեան համար, սաղմոս կ՚երգեմ Բարձրեալ Տիրոջ համար։