ՍԱՂՄՈՍ. Chapter 29

1 Պանծացնում եմ քեզ, Տէ՛ր, քանզի ընդունեցիր ինձ եւ չթողիր, որ թշնամիներս չարախնդան վրաս։
2 Տէր Աստուա՛ծ իմ,
3 կանչեցի քեզ, եւ բուժեցիր ինձ։
4 Տէ՛ր, հոգիս դժոխքից հանեցիր եւ փոսն իջնողների միջից փրկեցիր ինձ։
5 Սաղմո՛ս երգեցէք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր, գոհութի՛ւն մատուցեցէք նրա սուրբ յիշատակին։
6 Նրա բարկութեան մէջ ցասում կայ, իսկ նրա կամեցողութեան մէջ՝ կեանք։ Երեկոյեան լացը կը դադարի, իսկ առաւօտեան ուրախութիւն կը լինի։
7 Իմ բարկութեան մէջ ես ասացի, թէ յաւէտ չեմ սասանուի։
8 Տէ՛ր, քո կամքով ուժ տուիր իմ վայելչութեանը, բայց երբ երեսդ դարձրիր ինձնից, ես խռովայոյզ եղայ։
9 Քե՛զ կանչեցի, Տէ՛ր, աղաչեցի իմ Աստծուն։
10 Ի՞նչ օգուտ ունես իմ արիւնից, եթէ ապականութեան գբի մէջ թաղուեմ։ Միթէ հողը գոհութի՞ւն կը մատուցի քեզ կամ կը պատմի՞ քո ճշմարտութիւնը։
11 Լսեց ինձ Տէրն ու ողորմեց, Տէրը եղաւ իմ օգնականը։
12 Սուգս դարձրեց ուրախութիւն, հանեց քուրձն իմ եւ խնդութիւն հագցրեց ինձ,
13 փառքս սաղմոս պիտի երգի քեզ, որպէսզի այլեւս չզղջամ ես։ Տէ՛ր իմ Աստուած, յաւիտեան գոհութիւն պիտի մատուցեմ քեզ։