ՍԱՂՄՈՍ. Chapter 96

1 Տէրը թագաւորեց, թող երկիրը ցնծայ, թող ուրախ լինեն բազում կղզիները։
2 Ամպ եւ մէգ է շուրջը նրա, իրաւունքով ու արդարութեամբ է հաստատուած աթոռը նրա։
3 Նրա առջեւից հուր պիտի ընթանայ, այրելով իր շուրջն եղող թշնամիներին։
4 Նրա կայծակները երեւացին տիեզերքում, երկիրը տեսաւ դրանք ու սասանուեց։
5 Լեռները մոմի պէս պիտի հալուեն Տիրոջ ներկայութիւնից, ամբողջ երկիրը՝ Տիրոջ ներկայութիւնից։
6 Երկինքը պիտի պատմի արդարութիւնը նրա, բոլոր ժողովուրդները տեսան փառքը նրա։
7 Թող խայտառակուեն բոլոր նրանք, ովքեր երկրպագում են կուռքերին,եւ պարծենում իրենց արձաններով։ Նրա բոլոր հրեշտակները պիտի երկրպագեն իրեն,
8 քանզի լսեց եւ ուրախ եղաւ Սիոնը. Յուդայի երկրի դուստրերը պիտի ցնծան քո դատաստանների համար, Տէ՛ր։
9 Դու Բարձրեալ ես ողջ երկրի վրայ, անչափ վեր եղար բոլոր կուռքերից։
10 Տիրո՛ջը սիրողներ, ատեցէ՛ք չարութիւնը. Տէրը պահպանում է իր սրբերի հոգիները, մեղաւորների ձեռքից փրկում է նրանց։
11 Արդարների համար լոյս ծագեց, եւ սրտով շիտակների համար ուրախութիւն եղաւ։
12 Ցնծացէ՛ք, արդարնե՛ր, Տիրոջով, գոհաբանեցէ՛ք յիշատակը նրա սրբութեան։