ՍԱՂՄՈՍ. Chapter 89

1 Տէ՛ր, սերնդից սերունդ մեր ապաւէնը եղար։
2 Դու կայիր, երբ դեռ չէին հաստատուել լեռները եւ չէին ստեղծուել երկիրն ու ողջ տիեզերքը, յաւիտենութիւնից մինչեւ յաւիտենութիւն։
3 Մարդուն մի՛ մատնիր տառապանքի, քանզի ասացիր. Մարդկա՛նց որդիներ, վերադարձէ՛ք ինձ։
4 Հազար տարին Տիրոջ աչքում երէկուայ օրուայ պէս է, որ անցաւ, կամ գիշերուայ մի պահի պէս։
5 Նրանց տարիները տառապալից պիտի լինեն. առաւօտեան խոտի պէս պիտի բուսնեն,
6 առաւօտեան խոտի պէս պիտի դալարեն ու ծաղկեն. երեկոյեան պիտի թոռոմեն, չորանան ու ընկնեն։
7 Մենք մաշուեցինք քո բարկութիւնից,եւ քո զայրոյթից մենք խռովուեցինք։
8 Մեր մեղքերը առջեւդ դրիր, իսկ մեր կեանքը՝ երեսիդ լոյսի տակ։
9 Մեր օրերը բոլորովին նուազեցին, եւ մենք խռովուեցինք քո բարկութիւնից։ Մեր կեանքի ժամանակը դադար չունի սարդի նման։
10 Մեր կեանքի օրերի թիւն է եօթանասուն տարի, կամ առաւելագոյնը՝ ութսուն տարի, որոնց մեծ մասն անցնում է ցաւով ու հեծութեամբ։ Մեզ վրայ հեզութիւն իջաւ, եւ մենք խրատուեցինք։
11 Իսկ ո՞վ գիտէ քո բարկութեան ուժը, կամ քո պատճառած ահից ո՞վ կը չափի քո զայրոյթը։
12 Այսպէս, ինձ ցո՛յց տուր քո աջը,եւ սրտով խոնարհներին՝ քո իմաստութիւնը։
13 Դարձի՛ր, Տէ՛ր։ Մինչեւ ե՞րբ... Մխիթարի՛ր քո ծառաներին։
14 Առաւօտեան լիացանք քո ողորմութեամբ, ցնծացինք եւ ուրախ եղանք մեր կեանքի բոլոր օրերին։
15 Ուրախացանք այն օրերի փոխարէն, երբ հնազանդեցրիր մեզ, եւ այն տարիների, երբ չարչարանք տեսանք։
16 Նայի՛ր, Տէ՛ր, քո ծառաներին ու քո ձեռակերտներին, եւ առաջնորդի՛ր նրանց որդիներին։
17 Տէր Աստծու լոյսը թող մեզ վրայ իջնի. ուղղի՛ր մեր ձեռքի գործերը, Տէ՛ր, մեր ձեռքի գործերը յաջողեցրո՛ւ մեզ։