ՍԱՂՄՈՍ. Chapter 13

1 Անզգամն ասաց իր սրտում, թէ՝ չկայ Աստուած. ապականուեցին ու պղծուեցին իրենց անօրէնութեան մէջ, եւ չկայ մէկը, որ բարութիւն գործի։
2 Տէրն երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն փնտռի։
3 Բոլորը խոտորուեցին, միասին անպիտան դարձան. բարութիւն անող չկայ, ոչ իսկ մէկ հոգի։
4 Ինչպէ՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում, ովքեր խժռում են իմ ժողովրդին իբրեւ կերակուր ու հաց եւ Տիրոջը չեն դիմում։
5 Այնտե՛ղ են երկիւղից սարսում, ուր երկիւղ չկայ, քանզի Տէրը արդարների ազգի մէջ է։
6 Աղքատի մտածմունքը ամօթ համարեցին, Տէրն է յոյսը նրա։
7 Ո՞վ կը տայ Սիոնից փրկութիւնն Իսրայէլի։ Երբ Տէրն իր ժողովրդին վերադարձնի գերութիւնից, Յակոբը կը ցնծայ, եւ Իսրայէլն ուրախ կը լինի։