ՍԱՂՄՈՍ. Chapter 37

1 Սաղմոս Դաւթի՝ շաբաթօրեայ յիշատակի առթիւ
2 Տէ՛ր, քո զայրոյթով մի՛ յանդիմանիր ինձ եւ քո բարկութեամբ ինձ մի՛ խրատիր,
3 քանզի քո նետերն ինձ հարուածեցին, եւ քո ձեռքն ինձ վրայ ծանրացաւ։
4 Մարմնիս համար բուժում չկայ քո բարկութեան դէմ, ոսկորներս հանգստութիւն չունեն իմ մեղքերի պատճառով։
5 Անօրէնութիւններս գլխիցս վեր բարձրացան, սաստիկ բեռան պէս ծանրացան վրաս։
6 Վէրքերն իմ նեխեցին ու փտեցին անզգամութեանս հետեւանքով։
7 Տառապեցի եւ խիստ նուաստացայ, գիշեր-ցերեկ շրջեցի վշտացած,
8 քանզի հոգիս լցուեց տանջանքներով, եւ մարմնիս համար բուժում չկայ։
9 Չարչարուեցի եւ սաստիկ կորացայ, մռնչացի սրտիս հեծութիւնից։
10 Տէ՛ր, ամբողջ ցանկութիւնս առջեւդ է, եւ հառաչանքս չծածկուեց քեզնից։
11 Սիրտս պղտորուեց իմ մէջ, եւ ուժս լքեց ինձ, աչքերիս մէջ լոյսի նշոյլ իսկ չմնաց։
12 Բարեկամներս եւ ընկերներս մօտեցան ու կանգնեցին իմ առջեւ, եւ մերձաւորներս ինձնից հեռու մնացին։
13 Ինձ հետապնդողները բռնադատեցին ինձ, իմ դէմ չարիք նիւթողները անօրէնութիւն խօսեցին, եւ գիշեր-ցերեկ նենգութիւն մտածեցին։
14 Իսկ ես դարձայ ինչպէս խուլ, որ չի լսում, ինչպէս համր, որ բերանն իր չի բացում։
15 Ես դարձայ ինչպէս մարդ, որ չի լսում, եւ որի բերանում խօսք չկայ։
16 Ես յոյսս քեզ վրայ դրի, ո՛վ Տէր, ու դու կը լսես ինձ, Տէ՛ր իմ Աստուած։
17 Ասացի՝ Թող թշնամիներս չծիծաղեն վրաս. երբ ոտքս սայթաքեց, նրանք յոխորտացին իմ դէմ։
18 Ես պատրաստ եմ տանջանքների, եւ իմ ցաւերը միշտ առջեւս են։
19 Կը պատմեմ իմ անօրէնութիւնները եւ կը հոգամ իմ մեղքերի մասին։
20 Բայց թշնամիներն իմ ողջ են ու աւելի հզօր, քան ես, եւ բազմացել են նրանք, ովքեր յանիրաւի ատում են ինձ,
21 ովքեր ինձ չարութեամբ հատուցեցին բարու փոխարէն եւ չարախօսեցին իմ մասին, քանզի ես արդարութեամբ էի ընթանում։
22 Մի՛ լքիր ինձ, Տէ՛ր իմ Աստուած, եւ մի՛ հեռացիր ինձնից։
23 Ո՛ւշ դարձրու, որ ինձ օգնես, ո՛վ իմ փրկիչ Տէր։