ՍԱՂՄՈՍ. Chapter 135

1 Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
2 Գոհութի՛ւն մատուցեցէք աստուածների Աստծուն, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
3 Գոհութի՛ւն մատուցեցէք տէրերի Տիրոջը, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
4 Միայնակ նա մեծ հրաշագործութիւններ արեց, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
5 Երկինքն ստեղծեց իր իմաստութեամբ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
6 Երկիրը հաստատեց ջրերի վրայ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
7 Միայնակ ստեղծեց լուսատուները մեծ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
8 Արեգակը կարգեց ցերեկուայ տիրակալ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,
9 լուսինն ու աստղերը՝ գիշերուայ տիրակալ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
10 Կործանեց եգիպտացիների երկիրն իր անդրանիկ ծնունդներով հանդերձ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
11 Իսրայէլացիներին հանեց Եգիպտոսից, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,
12 արեց այդ՝ բարձր ձեռքով եւ իր հզօր բազկով, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
13 Պատռեց մեծ ծովն ու բաժանեց երկու մասի, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
14 Իսրայէլացիներին անցկացրեց ծովի միջով, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
15 Փարաւոնին իր զօրքով ընկղմեց Կարմիր ծովում, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
16 Իր ժողովրդին հանեց դէպի անապատ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
17 Հարուածեց մեծամեծ ազգերի, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
18 Սպանեց հզօր թագաւորների, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը.
19 սպանեց ամորհացիների թագաւոր Սեհոնին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,
20 Բասանի թագաւոր Օգին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
21 Նրանց երկիրը որպէս ժառանգութիւն տուեց, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,
22 տուեց որպէս ժառանգութիւն Իսրայէլին՝ իր ծառային, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
23 Տէրը մեզ յիշեց մեր թշուառութեան մէջ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
24 Նա փրկեց մեզ մեր թշնամիների ձեռքից, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
25 Նա կերակուր է տալիս բոլոր ապրող էակներին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
26 Գոհութի՛ւն մատուցեցէք երկնաւոր Աստծուն, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։