ՍԱՂՄՈՍ. Chapter 118

1 Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել,եւ ընթանում են Տիրոջ օրէնքով։
2 Երանի նրանց, ովքեր հետեւում են նրա պատուիրաններին, իրենց ամբողջ սրտով փնտռում են նրան։
3 Անօրէնութիւն գործողները չեն, որ պիտի ընթանան նրա ճանապարհներով։
4 Դու հրամայեցիր, որ քո պատուիրանները խստօրէն պահեմ։
5 Իմ ճանապարհները յաջող կը լինեն, եթէ քո պատուիրանները պահեմ։
6 Այն ժամանակ ես չէի ամաչում՝երբ զգոյշ էի քո պատուիրանների հանդէպ։
7 Ես գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, ուղիղ սրտով, սովորելով քո արդար դատաստանները։
8 Պահեցի ես քո օրէնքները, իսպառ մի՛ լքիր ինձ։
9 Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր,եթէ ոչ քո խօսքերը պահելով։
10 Իմ ամբողջ սրտով քեզ փնտռեցի, մի՛ զրկիր ինձ քո պատուիրաններից։
11 Քո խօսքերը սրտումս թաքցրի, որ չմեղանչեմ քո դէմ։
12 Օրհնեալ ես դու, Տէ՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո օրէնքները,
13 որ շրթունքներով իմ պատմեմ բերանիդ բոլոր դատաստանները։
14 Քո պատուիրանների ճանապարհին եմ գտնում ես իմ ուրախութիւնը,աւելի քան ամէն տեսակ հարստութեան մէջ։
15 Քո պատուիրանների մասին խորհեցի, հետեւեցի քո ճանապարհներին։
16 Քո օրէնքները կատարեցի եւ չմոռացայ խօսքերը քո։
17 Հատուցի՛ր քո ծառային, որ ապրեմ ու պահեմ խօսքերը քո։
18 Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրէնքի հրաշալիքները։
19 Պանդուխտ եմ ես երկրի երեսին, պատուիրաններդ մի՛ թաքցրու ինձնից։
20 Ես փափագեցի ամէն ժամ ցանկանալ քո դատաստանները։
21 Դու սաստեցիր ամբարտաւաններին. անիծեալ են նրանք, ովքեր խոտորուեցին քո պատուիրաններից։
22 Հեռացրո՛ւ ինձնից նախատինքն ու արհամարհանքը, քանզի ես նախանձախնդիր եղայ քո վկայութիւններին։
23 Թէեւ իշխանները նստած չարախօսում էին իմ մասին, բայց քո ծառան խորհում էր քո օրէնքների մասին։
24 Քո վկայութիւններն իմ խօսքերն էին, եւ քո արդարութիւնն՝ իմ խորհուրդը։
25 Հոգիս մերձեցաւ հողին. Տէ՛ր, ըստ քո խոստման՝ փրկի՛ր ինձ։
26 Իմ ճանապարհների մասին պատմեցի քեզ, ու դու ինձ լսեցիր.դատաստաններդ սովորեցրո՛ւ ինձ։
27 Ինձ ճանաչե՛լ տուր քո արդարութիւնների ճանապարհը, որ խորհեմ քո հրաշագործութիւնների մասին։
28 Հոգիս անքուն մնաց ձանձրոյթից, ըստ քո խոստման՝ ամրապնդի՛ր ինձ։
29 Մեղքի ճանապարհները հեռացրո՛ւ ինձնից,եւ քո օրէնքով ողորմի՛ր ինձ։
30 Քո ճշմարտութեան ճանապարհն ընտրեցի,եւ քո օրէնքները ես չմոռացայ։
31 Մերձեցայ քո պատուիրաններին. Տէ՛ր, մի՛ ամաչեցրու ինձ։
32 Քո պատուիրանների ճանապարհով ընթացայ, քանզի անդորրութիւն տուիր իմ սրտին։
33 Տէ՛ր, իրաւունքիդ ճանապարհի օրէնսգէտն ի՛նձ դարձրու, որ ամէն ժամ հետեւեմ դրան։
34 Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ քննեմ քո օրէնքը եւ ամբողջ սրտովս պահպանեմ այն։
35 Առաջնորդի՛ր ինձ քո պատուիրանների շաւիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ։
36 Սիրտս հակի՛ր դէպի քո պատուիրանները, եւ ոչ թէ դէպի ագահութիւն։
37 Շրջի՛ր աչքերս, որ ունայնութիւն չտեսնեմ, ինձ պահպանի՛ր քո ճանապարհին։
38 Քո ծառայի համար հաստատի՛ր քո խօսքը,որ քո երկիւղի մէջ մնամ։
39 Ազատի՛ր ինձ նախատինքներից, որոնցից կասկածում էի, քանզի քաղցր են դատաստանները քո։
40 Ահա ցանկացայ քո պատուիրանները, քո արդարութեամբ պահպանի՛ր ինձ։
41 Ողորմութիւնդ ինձ վրայ թող գայ, Տէ՛ր, եւ փրկութիւնդ՝ ըստ քո խոստման։
42 Ես խօսքով պատասխան կը տամ ինձ նախատողներին, քանզի յոյսս դրի քո խօսքերի վրայ։
43 Ճշմարտութեան խօսքը բնաւ մի՛ հեռացրու իմ բերանից, քանզի յոյսս դրի քո դատաստանների վրայ։
44 Քո օրէնքը պահեցի ամէն ժամ, յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։
45 Ես ընթացայ անդորրութեան մէջ, քանզի քո պատուիրանները փնտռեցի։
46 Թագաւորների առաջ խօսեցի քո պատուիրանների մասին ու չամաչեցի։
47 Խորհեցի քո պատուիրանների մասին, որոնք սիրեցի։
48 Ձեռքս պարզեցի դէպի պատուիրանները քո, որոնք սիրեցի, եւ խորհեցի քո արդարութեան մասին։
49 Յիշի՛ր քո ծառային տրուած խօսքը, որի վրայ էլ դրիր իմ յոյսը։
50 Դա է թշուառութեանս մէջ ինձ մխիթարողը, քանզի քո խօսքն ինձ պահպանեց։
51 Ամբարտաւանները շատ անիրաւութիւն գործեցին իմ դէմ, բայց ես քո օրէնքից չխոտորուեցի։
52 Քո յաւերժական օրէնքները յիշեցի, Տէ՛ր, ու մխիթարուեցի։
53 Տրտմութիւն իջաւ ինձ վրայ մեղաւորների ու քո օրէնքը լքողների երեսից։
54 Պատուիրաններդ գովասանքի արժանի են ինձ համար իմ պանդխտավայրում։
55 Գիշերն յիշեցի քո անունը, Տէ՛ր, եւ քո օրէնքը պահեցի։
56 Դա՛ եղաւ կեանքիս ուղին, քանզի քո արդարութիւնը փնտռեցի։
57 Բաժինս դո՛ւ ես, Տէ՛ր, ասացի որ օրէնքիդ պիտի հետեւեմ։
58 Ամբողջ սրտովս աղօթեցի քո դիմաց, ողորմի՛ր ինձ ըստ քո խոստման։
59 Իմ ճանապարհի մասին խորհեցի,եւ քայլերս դէպի քո պատուիրանները շրջեցի։
60 Պատրաստուեցի եւ չվախեցայ պահել քո պատուիրանները։
61 Մեղքի ցանցերը պատեցին ինձ, բայց քո օրէնքը ես չմոռացայ։
62 Կէսգիշերին ելնում էի գոհութիւն մատուցելու քեզ քո արդար դատաստանների համար։
63 Հաղորդակցւում էի քեզնից երկիւղ կրող բոլոր մարդկանց հետ, ովքեր պահում են պատուիրանները քո։
64 Երկիրը լցուել է Տիրոջ ողորմութեամբ, սովորեցրո՛ւ ինձ արդարադատութիւնը քո։
65 Քաղցրութեամբ վարուեցիր ծառայիդ հետ, Տէ՛ր, քո խօսքի համաձայն։
66 Քաղցրութիւն, խրատ եւ գիտութիւն սովորեցրո՛ւ ինձ, քանզի հաւատացի քո պատուիրաններին։
67 Քանի դեռ չէի խեղճացել՝ մեղանչում էի, դրա համար խստօրէն հետեւեցի քո խօսքերին։
68 Քաղցր ես դու, Տէ՛ր, եւ քո քաղցրութեամբ քո արդարադատութիւնը սովորեցրո՛ւ ինձ։
69 Ամբարտաւանների անիրաւութիւններն իմ դէմ շատացան, բայց ես ամբողջ սրտովս քո պատուիրանները քննեցի։
70 Կաթի պէս թանձրացաւ սիրտը նրանց, բայց ես քո օրէնքներով խօսեցի։
71 Լաւ է, որ դու խոնարհ դարձրիր ինձ, որպէսզի քո արդարադատութիւնը սովորեմ։
72 Քո բերանից ելած օրէնքն ինձ համար աւելին է, քան հազարներով արծաթ ու ոսկի։
73 Քո ձեռքերն արարեցին ու ստեղծեցին ինձ, ինձ իմաստո՛ւն դարձրու, որ սովորեմ պատուիրանները քո։
74 Քեզնից երկիւղ կրողները պիտի տեսնեն ինձ եւ ուրախանան, քանզի յոյսս դրի քո խօսքերի վրայ։
75 Հասկացայ, Տէ՛ր, որ քո դատաստանն արդար է, եւ իրաւացիօրէն խոնարհ դարձրիր ինձ։
76 Ողորմութիւնդ թող ինձ մխիթարութիւն լինի՝ ծառայիդ տրուած խօսքիդ համաձայն։
77 Գթութիւններդ թող ինձ վրայ գան, որպէսզի փրկուեմ, քանզի քո օրէնքներն են իմ խօսքերը։
78 Ամբարտաւանները պիտի ամաչեն, որ իզուր անիրաւութիւն գործեցին իմ դէմ, իսկ ես քո պատուիրանների մասին պիտի խորհեմ։
79 Թող ինձ խրատեն քեզնից երկիւղ կրողները եւ քո վկայութիւնները ճանաչողները։
80 Թող սիրտս անբիծ լինի քո արդարութեան մէջ, որպէսզի չամաչեմ։
81 Հոգիս կարօտեց քո փրկութեանը, քանզի յոյսս դրի քո խօսքի վրայ։
82 Աչքերս սպասեցին քո խօսքին, ասացի՝ Ե՞րբ պիտի մխիթարես ինձ։
83 Եղայ ես ինչպէս տիկը սառնամանիքում, քանի որ քո արդարադատութիւնը չմոռացայ։
84 Որքա՞ն են քո ծառայի օրերը, ե՞րբ պիտի տեսնես դատաստանն ինձ հալածողների։
85 Անօրէններն ինձ խորհուրդներ տուին, բայց ոչ քո օրէնքի համեմատ։
86 Քո բոլոր պատուիրանները ճշմարիտ են, իզուր ինձ հալածեցին, օգնի՛ր ինձ։
87 Մի փոքր եւս՝ եւ նրանք կորստեան կը մատնէին ինձ երկրի երեսին, բայց ես չլքեցի քո պատուիրանները։
88 Քո ողորմութեամբ կեանք տուր ինձ, եւ ես կը պահպանեմ քո բերանի վկայութիւնները։
89 Քո խօսքը, Տէ՛ր, յաւիտեան երկնքում է։
90 Սերնդից սերունդ մնում է քո ճշմարտութիւնը, դու հաստատեցիր երկիրը, որ կայ։
91 Քո հրամանին է սպասում ցերեկը, քանզի բոլորը քո ծառաներն են։
92 Եթէ քո օրէնքն իմ խօսքը չլինէր, վաղուց ես կործանուած կը լինէի իմ թշուառութեան մէջ։
93 Յաւիտեան չպիտի մոռանամ քո արդարութիւնները, քանզի դրանցո՛վ ինձ պահպանեցիր։
94 Քոնն եմ ես՝ փրկի՛ր ինձ, քանզի արդարադատութիւնդ փնտռեցի։
95 Մեղաւորները հետամտեցին, որ կործանեն ինձ, քանզի մտքումս քո վկայութիւնները դրի։
96 Ամէն կատարելութեան վախճանը տեսայ, քո պատուիրանները խիստ ընդարձակ էին ինձ համար։
97 Որքա՜ն սիրեցի օրէնքները քո, նրանք գիշեր-ցերեկ իմ խոհերն էին։
98 Թշնամիներիցս աւելի խելացի դարձրիր ինձ քո պատուիրաններով, քանզի նրանք իմն էին միշտ։
99 Բոլոր ուսուցիչներիցս աւելի իմաստուն եղայ, քանզի քո վկայութիւններն իմ խոհերն էին։
100 Ծերունիներից աւելի իմաստուն դարձայ, քանզի քո պատուիրանները քննեցի։
101 Ոտքերս ետ պահեցի չարիքի բոլոր ճանապարհներից, որպէսզի պահեմ քո խօսքերը։
102 Քո իրաւունքից չխոտորուեցի, քանզի դու ինձ օրէնսգէտ դարձրիր։
103 Որքա՜ն քաղցր են քո խօսքերն իմ քիմքին՝ աւելի քաղցր, քան մեղրն իմ բերանին։
104 Քո պատուիրաններով իմաստնանալով՝ ատեցի չարիքի բոլոր ճանապարհները, քանզի դու ինձ օրէնսգէտ դարձրիր։
105 Քո խօսքը ճրագ է իմ ոտքերի համար, եւ լուսաւորում է իմ շաւիղները։
106 Երդուեցի ու որոշեցի, որ պիտի պահեմ քո բոլոր արդար դատաստանները։
107 Սաստիկ թշուառ եղայ. Տէ՛ր, կեա՛նք տուր ինձ ըստ քո խոստման։
108 Բարեհաճի՛ր ընդունել ընծան իմ բերանի, Տէ՛ր, եւ քո իրաւունքն ինձ սովորեցրո՛ւ։
109 Հոգիս ամէն ժամ քո ձեռքում է, եւ ես քո օրէնքը չմոռացայ։
110 Մեղաւորները որոգայթ լարեցին իմ դէմ, ես քո պատուիրաններից չխոտորուեցի։
111 Յաւիտեան ժառանգեցի քո վկայութիւնները, քանզի նրանք իմ սրտի ցնծութիւնն են։
112 Սիրտս առյաւէտ խոնարհեցրի, որ հատուցման համար քո օրէնքները կատարեմ։
113 Ատեցի անօրէններին,եւ քո օրէնքը սիրեցի։
114 Օգնականն ու փրկիչն իմ դու ես, եւ ես յոյսս դրի քո խօսքի վրայ։
115 Հեռացէ՛ք ինձնից, չարագործնե՛ր, որ ես իմ Աստծու պատուիրանները քննեմ։
116 Օգնի՛ր ինձ ըստ քո խօսքի ու պահպանի՛ր ինձ, եւ իմ յոյսի մէջ ինձ մի՛ ամաչեցրու։
117 Օգնի՛ր ու փրկի՛իր ինձ, որ շարունակ քո դատաստանի մասին մտածեմ։
118 Անարգեցիր բոլոր նրանց, ովքեր ընդվզեցին քո արդարադատութեան դէմ, քանզի անիրաւ էին նրանց խորհուրդները։
119 Յանցաւոր համարեցի աշխարհի բոլոր մեղսագործներին, դրա համար սիրեցի պատուիրանները քո։
120 Մարմինն իմ գամի՛ր քո երկիւղին, քանզի սաստիկ վախեցայ քո դատաստաններից։
121 Դատաստան եւ արդարութիւն գործեցի, ինձ մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը։
122 Ծառայիդ բարութեա՛մբ ընդունիր, որ ամբարտաւանները չչարչարեն ինձ։
123 Աչքերն իմ սպասեցին քո շնորհելիք փրկութեանը, Տէ՛ր,եւ քո արդարութեան խօսքին։
124 Ծառայիդ հետ վարուի՛ր քո ողորմութեան համեմատ, քո արդարադատութիւնն ինձ սովորեցրո՛ւ։
125 Ես քո ծառան եմ, ինձ իմաստո՛ւն դարձրու, որ ճանաչեմ քո վկայութիւնները։
126 Ժամն է, որ Տէրը վեր կենայ,քանզի խափանեցին քո օրէնքը։
127 Յիրաւի, սիրեցի քո պատուիրաններըոսկուց ու տպազիոնից աւելի։
128 Քո բոլոր պատուիրաններն ինձ յաջողութիւն բերին, քանզի ատեցի ճանապարհը չարիքի։
129 Սքանչելի են քո վկայութիւնները, դրա համար հոգիս սիրեց դրանք։
130 Քո խօսքերի յայտնութիւնը լուսաւորում եւ իմաստնացնում է պարզամիտներին։
131 Բերանս բացեցի ու շունչ առայ, հոգիս փափագեց պատուիրանները քո։
132 Նայիր ի՛նձ եւ ողորմի՛ր ինձ քո անունը սիրողների իրաւունքի համեմատ։
133 Ճանապարհն իմ ուղղի՛ր քո խօսքի համաձայն, որ զանազան մեղքեր չտիրեն ինձ։
134 Փրկի՛ր ինձ մարդկանց զրպարտութիւնից, եւ ես քո պատուիրանները կը պահեմ։
135 Երեսդ ցո՛յց տուր քո ծառային,եւ քո արդարադատութիւնը սովորեցրո՛ւ ինձ։
136 Ջրերի վտակներ իջան իմ աչքերից, քանզի մարդիկ չհետեւեցին քո օրէնքներին։
137 Արդար ես դու, Տէ՛ր, եւ շիտակ են քո դատաստանները։
138 Դու պատուիրեցիր քո վկայութիւնները, որոնք արդարեւ շատ ճշմարիտ են։
139 Նախանձախնդրութիւնը քո հանդէպ մաշեց ինձ, քանզի թշնամիներն իմ մոռացան խօսքերը քո։
140 Խիստ ընտիր են խօսքերը քո, եւ քո ծառան սիրեց դրանք։
141 Մանուկ եմ ես եւ արհամարհուած, բայց քո արդարութիւնը չմոռացայ։
142 Քո արդարութիւնը յաւերժական արդարութիւն է, եւ քո օրէնքը՝ ճշմարիտ։
143 Նեղութիւնն ու վիշտն ինձ պատեցին, բայց քո պատուիրաններն իմ խօսքերն եղան։
144 Քո վկայութիւններն արդար են յաւիտեան, իմաստո՛ւն դարձրու եւ պահպանի՛ր ինձ։
145 Ամբողջ սրտովս քեզ ձայն տուի, լսի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քո արդարութիւնը փնտռեցի։
146 Աղաղակեցի քո առջեւ՝ փրկի՛ր ինձ, եւ ես քո վկայութիւնները կը պահեմ։
147 Ես վաղ առաւօտեան արթնացայ ու աղաղակեցիեւ իմ յոյսը դրի քո խօսքերի վրայ։
148 Առաւօտից շուտ բացուեցին աչքերն իմ, որ քո խօսքերն արտասանեմ։
149 Լսի՛ր իմ ձայնը, Տէ՛ր, ըստ քո ողորմութեան. Տէ՛ր, քո դատաստանով փրկի՛ր ինձ։
150 Հալածիչներս անօրէնութիւնը մօտեցրին ինձ, քանզի նրանք հեռու եղան քո օրէնքից։
151 Մօտ ես դու, Տէ՛ր, եւ քո բոլոր պատուիրանները ճշմարիտ են։
152 Սկզբից եւեթ ճանաչեցի քո վկայութիւնները, որոնք դու յաւիտեա՛ն հաստատեցիր։
153 Տե՛ս իմ թշուառութիւնը եւ փրկի՛ր ինձ, քանզի քո օրէնքը ես չմոռացայ։
154 Տե՛ս իմ դատաստանը եւ ազատի՛ր ինձ,ու քո խօսքի համաձայն պահպանի՛ր ինձ։
155 Փրկութիւնը հեռու է մեղաւորներից, քանզի նրանք քո օրէնքները չպահեցին։
156 Քո գթութիւնները շատ են, Տէ՛ր, եւ քո դատաստանի համաձայն պահպանի՛ր ինձ։
157 Բազմաթիւ եղան իմ հալածիչներն ու ինձ նեղողները, բայց քո վկայութիւններից ես չխոտորուեցի։
158 Մաշւում էի նայելով անողորմներին, քանզի քո պատուիրանները չպահեցին նրանք։
159 Տե՛ս, թէ որքա՜ն սիրեցի քո պատուիրանները.Տէ՛ր, քո ողորմութեամբ կեա՛նք տուր ինձ։
160 Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւնն է, յաւերժ են քո բոլոր արդար դատաստանները։
161 Իշխաններն իզուր հալածեցին ինձ.սիրտս միայն քո խօսքերից սարսափեց։
162 Ես ցնծացի քո խօսքերով ինչպէս մէկը, որ մեծ աւար է գտնում։
163 Ատեցի ու արհամարհեցի մեղքը, եւ քո օրէնքը սիրեցի։
164 Օրուայ մէջ եօթն անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար։
165 Քո օրէնքը սիրողները մեծ խաղաղութեան մէջ են, եւ նրանց համար չկայ գայթակղութիւն։
166 Սպասեցի քո փրկութեանը, Տէ՛ր, եւ քո պատուիրանները սիրեցի։
167 Հոգիս պահեց քո վկայութիւնները, եւ ես շատ սիրեցի դրանք։
168 Հետեւեցի քո պատուիրաններին եւ վկայութիւններին, քանզի իմ բոլոր ուղիներն առջեւդ են։
169 Իմ խնդրանքները թող մօտենան քեզ, Տէ՛ր, քո խօսքի համաձայն իմաստո՛ւն դարձրու ինձ։
170 Իմ աղօթքը թող հասնի քեզ, Տէ՛ր, եւ քո խօսքով փրկի՛ր ինձ։
171 Իմ շրթունքները քեզ օրհնութիւն կը բխեցնեն, երբ ինձ սովորեցնես քո արդարադատութիւնը։
172 Իմ լեզուն քո խօսքերը կ՚արտասանի, քանզի քո բոլոր պատուիրաններն արդար են։
173 Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատուիրաններն ընտրեցի։
174 Քո շնորհելիք փրկութիւնը ցանկացայ, Տէ՛ր, եւ քո օրէնքներն իմ խօսքերն եղան։
175 Թող ես ապրեմ,որ օրհնեմ քեզ, եւ քո արդարադատութիւնն ինձ թող օգնի։
176 Մոլորուեցի կորուսեալ ոչխարի պէս, փնտռի՛ր ծառայիդ, քանզի պատուիրաններդ չեմ մոռացել։