ՍԱՂՄՈՍ. Chapter 54

1 Այսուհետեւ՝ իմաստութեան օրհնութիւնը, սաղմոս Դաւթի
2 Ակա՛նջ դիր, Աստուա՛ծ, իմ աղօթքին, եւ խնդրանքներս մի՛ անտեսիր։
3 Նայի՛ր ինձ ու լսի՛ր ինձ, քանզի անձկութեամբ տրտմեցի ու խռովուեցի։
4 Թշնամու ձայնից եւ մեղսագործի հալածանքից նրանք անիրաւութեամբ դէպի ինձ շրջուեցին, բարկութեամբ ոխ պահեցին իմ դէմ։
5 Սիրտս խռովուեց իմ մէջ, եւ մահուան երկիւղն ինձ համակեց։
6 Ահ ու դող ընկաւ վրաս, եւ խաւարը ծածկեց ինձ։
7 Ասացի. Մէկն ինձ աղաւնու թեւեր տար, որ թռչելով բարձրանայի
8 եւ հեռանալով հանգիստ առնէի անապատում։
9 Յոյս ունէի, որ Աստուած ինձ կը փրկէր կարճամիտ զայրոյթից եւ փոթորկուող նեղսրտութիւնից։
10 Կորստեան մատնի՛ր, Տէ՛ր, եւ թող նրանք իրար լեզու չհասկանան, քանզի անիրաւութիւն եւ հակառակութիւն տեսայ քաղաքում։
11 Գիշեր-ցերեկ նրա պարիսպների շուրջը անօրէնութիւն է գործւում, իսկ դրա ներսում՝ չարիք ու մեղք։
12 Եւ վաշխառութիւնն ու նենգութիւնը չվերացան նրա հրապարակներից։
13 Եթէ թշնամին լինէր ինձ նախատողը, կը համբերէի, կամ իմ ատելին լինէր իմ դէմ մեծախօսողը, կը թաքնուէի նրանից։
14 Այլ դու, մա՛րդ, իմ հաւասարն ես, իմ առաջնորդն ու ծանօթը։
15 Չէ՞ որ դու էիր քաղցրացնում իմ ու քո կերակուրը, եւ միաբանութեամբ էինք գործում Աստծու տանը։
16 Մահը նրանց վրայ կը հասնի, եւ նրանք ողջ-ողջ դժոխք կ՚իջնեն, քանզի իրենց բնակարանում ու իրենց մէջ չարութիւն կայ։
17 Ես Աստծուն ձայն տուի, եւ Տէրն ինձ լսեց։
18 Երեկոյեան, առաւօտեան ու կէսօրին պատմեցի ու խօսեցի, եւ նա իմ ձայնը կը լսի։
19 նա ինձ խաղաղութեամբ կը փրկի ինձ մերձեցողներից, քանզի ուժով յարձակուեցին ինձ վրայ։
20 Կը լսի եւ կ՚ընկճի նրանց Աստուած, որ կար յաւիտենութիւնից առաջ, քանզի չեն փոխւում նրանք,եւ չեն վախենում Աստծուց։
21 Նա մեկնեց իր ձեռքը՝ պատժելու նրանց. նրանք պղծել էին Նրա օրէնքները։
22 Բաժանուեցին Նրա երեսի զայրոյթից, բայց Նա հասաւ նրանց սրտերին։ Ձէթից փափուկ էին նրանց խօսքերը, բայց իրենք կարծես նետեր լինէին։
23 Հոգսդ դի՛ր Տիրոջ վրայ, ու նա քեզ կը կերակրի եւ չի թողնի, որ արդարը յաւիտեան սասանուի։
24 Դու, Աստուա՛ծ, նրանց կ՚իջեցնես ապականութեան փոսը. արիւնահեղ ու նենգ մարդիկ իրենց կեանքի օրերի կէսին չեն հասնի. իսկ ես, Տէ՛ր, յոյսս դրի քեզ վրայ։