ՍԱՂՄՈՍ. Chapter 32

1 Ցնծացէ՛ք, արդարնե՛ր, Տիրոջով. արդարներին է վայել օրհնութիւնը։
2 Գոհութի՛ւն յայտնեցէք Տիրոջը օրհներգութեամբ, տասլարանի նուագարանով սաղմո՛ս երգեցէք նրան։
3 Օրհներգեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգով, քանզի հաճելի է այն։ Սաղմո՛ս երգեցէք նրան օրհնութեամբ։
4 Ճշմարիտ են Տիրոջ պատգամները, եւ յուսալի՝ նրա բոլոր գործերը։
5 Տէրը ողորմութիւն եւ իրաւունք է սիրում, Տիրոջ ողորմութեամբ է լցուած երկիրը։
6 Տիրոջ խօսքով ստեղծուեց երկինքը, եւ իր բերանի շնչով՝ նրա բոլոր զօրութիւնները։
7 Ինչպէս մի տիկի մէջ՝ հաւաքեց ծովի ջրերը եւ իր գանձը դրեց անդունդների յատակը։
8 Թող երկիւղ կրի Տիրոջից ողջ երկիրը, եւ նրանից թող դողան բոլոր բնակիչներն աշխարհի,
9 քանզի Նա ասաց՝ եւ ստեղծուեցին, Նա հրամայեց՝ եւ հաստատուեցին։
10 Տէրը խափանում է հեթանոսների մտադրութիւնները, Տէրն անարգում է ժողովուրդների դիտաւորութիւնները, Տէրն արհամարհում է իշխանների խորհուրդները։
11 Տիրոջ մտածումը յաւիտեան կը մնայ, եւ նրա սրտի խորհուրդը՝ սերնդից սերունդ։
12 Երանի այն ազգին, որի օգնականը Տէր Աստուած է, երանի այն ժողովրդին, որին իր համար նա ժառանգութիւն ընտրեց։
13 Տէրը երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին։
14 Իր պատրաստած բնակատեղից դիտեց աշխարհի բոլոր բնակիչներին։
15 Նա, որ ստեղծել է նրանցից իւրաքանչիւրի սիրտը, հաշուի է առնում նրանց բոլոր գործերը։
16 Թագաւորն իր զօրքի բազմութեամբ չի փրկուի, եւ ոչ էլ հսկան՝ իր մեծ ուժով։
17 Ձին անօգուտ է փրկութեան համար, իր մեծ ուժով հանդերձ չի փրկի հեծեալին։
18 Տիրոջ աչքն իր երկիւղածների եւ իր ողորմութեանը յուսացողների վրայ է՝
19 մահից փրկելու նրանց անձըեւ սովի ժամանակ կերակրելու համար նրանց։
20 Մեր հոգիներն սպասում են Տիրոջը, քանզի նա մեր օգնականն է ու պաշտպանը։
21 Նրանով թող ուրախանան մեր սրտերը, եւ մենք նրա սուրբ անուան վրայ յոյս դնենք։
22 Թող ողորմութիւնդ, Տէ՛ր, լինի մեզ վրայ, ինչպէս որ մեր յոյսը դրինք քեզ վրայ։