ՍԱՂՄՈՍ. Chapter 46

1 Այսուհետեւ՝ Կորխի որդիների մասին.սաղմոս Դաւթի
2 Բոլո՛ր հեթանոսներ, ծա՛փ զարկէք, ցնծութեան աղաղակով դիմեցէ՛ք Աստծուն։
3 Տէրը բարձրեալ եւ ահարկու է, մեծ թագաւոր է ամբողջ երկրի վրայ։
4 Ժողովուրդներին մեզ հնազանդեցրեց, եւ հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց։
5 Ընտրեց մեզ համար որպէս ժառանգութիւն իրեն՝ Յակոբի վայելչութիւնը, որին նա սիրեց։
6 Աստուած բարձրացաւ օրհնութեամբ, եւ մեր Տէրը՝ շեփորի ձայնով։
7 Սաղմո՛ս երգեցէք մեր Աստծուն, սաղմո՛ս երգեցէք մեր թագաւորին, սաղմո՛ս երգեցէք։
8 Ամբողջ երկրի մեծ թագաւորն Աստուած է, սաղմո՛ս երգեցէք նրան իմաստութեամբ։
9 Աստուած թագաւորեց հեթանոսների վրայ, Աստուած բազմեց իր սրբութեան գահին։
10 Ժողովուրդների իշխանները հաւաքուեցին Աբրահամի Աստծու մօտ, քանզի Աստծու զօրութիւնները շատ բարձրացան երկրից։