ՍԱՂՄՈՍ. Chapter 18

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2 Երկինքը պատմում է Աստծու փառքը, եւ երկնքի հաստատութիւնը յայտնում է նրա ձեռքի գործերը։
3 Օրը օրուան միտք է հաղորդում, եւ գիշերը գիշերուան գիտութիւն է ցոյց տալիս։
4 Չկան բառեր, ոչ էլ խօսքեր,դրանց հնչիւնները լսելի չեն։
5 Ողջ երկիրն է բռնել ձայնը նրանց, եւ մինչեւ աշխարհի ծայրն են հասել խօսքերը նրանց։
6 Արեւի մէջ նա վրանն իր խփեց, իսկ ինքն ասես փեսայ լինի, որ ելնում է իր առագաստից. ցնծում է նա որպէս հսկայ՝ ընթանալով իր ճանապարհով։
7 Երկնքի ծայրերից է նրա ծագումը, իսկ դադարը՝ մինչեւ ծայրերը նրա, ու չկայ մէկը, որ թաքնուի նրա տապից։
8 Տիրոջ օրէնքն անբիծ է եւ վերափոխում է հոգիները. Տիրոջ վկայութիւնն ստոյգ է եւ իմաստուն է դարձնում տհասներին։
9 Տիրոջ արդարութիւնն ուղիղ է եւ զուարճացնում է սրտերը. Տիրոջ պատուիրանները լոյս են ու լոյս են տալիս աչքերին։
10 Տիրոջ երկիւղը սուրբ է եւ սուրբ է մնում յաւիտեան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են եւ ինքնին՝ արդար։
11 Ոսկուց ու շատ թանկագին քարերից ցանկալի են դրանք, նոյնպէս եւ քաղցր՝ մեղրից ու խորիսխից աւելի։
12 Եւ քանի որ քո ծառան պահպանում է դրանք, պահպանելու վարձը մեծ կը լինի։
13 Նրա յանցանքներն ո՞վ կարող է մտքում պահել. իմ գաղտնիքներից մաքրի՛ր ինձ, Տէ՜ր։
14 Օտարներից պահպանի՛ր քո ծառային, որ նրանք ինձ չտիրեն. այնժամ ես անբիծ կը լինեմ ու կը մաքրուեմ մեծ մեղքերից։
15 Թող քեզ հաճելի լինեն բերանիս խօսքերը, եւ սրտիս խորհուրդներն յարաժամ քո առջեւ լինեն, Տէ՜ր, օգնակա՛ն իմ եւ փրկի՛չ իմ։