ՍԱՂՄՈՍ. Chapter 21

1 Այսուհետեւ՝ առաւօտեան օգնութեան մասին.սաղմոս Դաւթի
2 Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ, նայի՛ր ինձ, ինչո՞ւ լքեցիր ինձ, յանցանքներիս պատճառով հեռու մնացիր իմ փրկութիւնից։
3 Աստուա՛ծ իմ, քեզ կանչեցի ցերեկով, բայց չլսեցիր ինձ, կանչեցի գիշերով՝ բայց չանսացիր ինձ։
4 Դու ապրում ես սրբերի մէջ եւ գովերգւում Իսրայէլում։
5 Քեզ վրայ յոյս դրին հայրերը մեր, յոյս դրին քեզ վրայ, եւ դու փրկեցիր նրանց։
6 Առ քեզ աղաղակեցին ու ապրեցին,քեզ վրայ յոյս դրին եւ ամօթով չմնացին։
7 Բայց ես որդ եմ եւ ոչ թէ մարդ, մարդկանց համար նախատինք եմ եւ անարգանք՝ ժողովուրդներին։
8 Բոլոր ինձ տեսնողներն արհամարհում էին ինձ, խօսում շրթունքներով եւ շարժում գլուխներն իրենց՝ ասելով.
9 Յոյսը դրել է Տիրոջ վրայ, դէ թող փրկի ու ազատի նրան, եթէ սիրում է նրան։
10 Դո՛ւ հանեցիր ինձ արգանդից, իմ յոյսը դարձար մօրս կաթով սնուելու օրից։
11 Քե՛զ յանձնուեցի ես արգանդից, մօրս որովայնից սկսած՝ դու ես Աստուածն իմ։
12 Մի՛ հեռացիր ինձնից, քանզի մօտ են վտանգները, եւ չկայ մէկը, որ օգնի ինձ։
13 Բազում եզներ շրջապատեցին ինձ, եւ պարարտ ցուլերը պաշարեցին ինձ։
14 Մռնչացող ու յափշտակող առիւծների պէս ինձ վրայ բացին բերաններն իրենց։
15 Հոսեցի ես ինչպէս ջուր, խախտուեցին իմ բոլոր ոսկորները, եւ սիրտս հալած մոմ դարձաւ որովայնիս մէջ։
16 Զօրութիւնն իմ չորացաւ խեցու նման, լեզուս կպաւ քիմքիս, եւ ինձ իջեցրին մահուան հողի մէջ։
17 Չորս կողմս բազում շներ հաւաքուեցին, եւ չարագործների ամբոխն ինձ պաշարեց։
18 Ծակեցին ձեռքերն ու ոտքերն իմ, հաշուեցին բոլոր ոսկորներս, նրանք նայեցին ու տեսան ինձ։
19 Հագուստներս բաժանեցին իրար մէջ, եւ պատմուճանիս վրայ վիճակ գցեցին։
20 Դու, Տէ՛ր, օգնութիւնդ ինձնից հեռու մի՛ պահիր, այլ օգնի՛ր ինձ, Տէ՛ր։
21 Փրկի՛ր ինձ սրից, փրկի՛ր միամօրիկիս շների ձեռքից։
22 Ազատի՛ր ինձ առիւծի բերանից, եւ խեղճ անձն իմ՝ միեղջերուի եղջիւրից։
23 Անունդ պիտի հռչակեմ իմ եղբայրներին, ժողովատեղում պիտի օրհնեմ քեզ։
24 Աստուածավախնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, եւ թող Յակոբի բոլոր զաւակները փառաբանեն նրան։
25 Իսրայէլի ողջ սերունդը երկիւղ պիտի կրի Տիրոջից, քանզի Տէրը չարհամարհեց ու չանարգեց աղօթքն աղքատիսեւ երեսն ինձնից չշրջեց, այլ երբ ձայն տուի նրան՝ լսեց ինձ։
26 Քո մասին է գովքն իմ, մեծ հաւաքներում պիտի օրհնեմ քեզ։ Ուխտս պիտի կատարեմ նրա բոլոր երկիւղածների առջեւ։
27 Տնանկները պիտի ուտեն ու յագենան, Տիրոջը փնտռողները պիտի օրհնեն նրան։ Նրանց սրտերը կ՚ապրեն յաւիտեանս յաւիտենից։
28 Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կը վերյիշեն ու կը դառնան Տիրոջը։ Բոլոր ազգատոհմերը կ՚երկրպագեն նրան,
29 քանզի Տիրոջն է արքայութիւնը, եւ նա է տիրում բոլոր հեթանոսների վրայ։
30 Լիացան եւ երկրպագեցին նրան երկրի բոլոր մեծամեծները, եւ ամէն ոք, որ գերեզման է իջնում, նրա առջեւ պիտի ընկնի։
31 Նրանով է ապրում անձն իմ, եւ իմ սերունդը պիտի ծառայի նրան։
32 Գալիք սերունդներին պիտի պատմեմ Տիրոջ մասին, Տիրոջ գործած արդարութիւնը պիտի աւանդուի այն ժողովրդին, որ ծնուելու է։