ՍԱՂՄՈՍ. Chapter 108

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2 Ո՜վ իմ օրհնութեան Աստուած, մի՛ լռիր,քանզի մեղաւորի բերանը՝ բերանը նենգաւորի, բացուեց ինձ վրայ։ Խօսեցին իմ մասին նենգամիտ լեզուով
3 եւ ատելութեան խօսքերով պաշարեցին ինձ՝ յանիրաւի մարտնչելով իմ դէմ։
4 Սիրուս փոխարէն մեղադրեցին ինձ,բայց ես աղօթքի կանգնեցի։
5 Հատուցեցին ինձ չար՝ բարու փոխարէն,եւ իմ սիրոյ դիմաց՝ ատելութիւն։
6 Նրա դէմ մի չարագործ հանի՛ր, եւ սատանան թող կանգնի նրա աջ կողմում։
7 Իր դատաստանից թող նա յանցապարտ դուրս գայ, եւ նրա աղօթքը մեղք թող համարուի։
8 Թող նուազեն օրերը նրա, եւ նրա պաշտօնը թող ուրիշն առնի։
9 Նրա որդիները թող որբ դառնան, իսկ նրա կինն՝ այրի։
10 Նրա որդիները թող թափառական շրջեն ու մուրացիկ լինեն, եւ թող նրանք հեռանան իրենց բնակավայրից։
11 Պարտատէրը թող խուզարկի ողջ ունեցուածքը նրա, օտարները թող յափշտակեն վաստակը նրա։
12 Թող ոչ ոք աջակից չլինի նրան, եւ նրա որբերին ոչ ոք չգթայ։
13 Թող նրա որդիները կոտորուեն, եւ նրա անունը թող ջնջուի սերնդի միջից։
14 Թող Տիրոջ առջեւ յիշուեն նրա հօր մեղքերը, եւ նրա մօր մեղքերը չսրբուեն։
15 Թող նրանք ամէն ժամ Տիրոջ առջեւ լինեն, եւ նրանց յիշատակը թող վերանայ երկրից,
16 քանզի նա ողորմութիւն անելը չյիշեց, հալածեց աղքատ ու տնանկ մարդուն, որ կործանի նրան, ով խոնարհ է սրտով։
17 Նա, որ անէծք սիրեց, թող այն իրեն դիպչի, նա, որ չուզեց օրհնութիւն, թող այն հեռու լինի նրանից։
18 Անէծքը, որ նա հագաւ ինչպէս հանդերձ, թող ջրի պէս լցուի նրա փորը,եւ ձէթի պէս՝ նրա ոսկորների մէջ։
19 Թող նրա համար հագնելու զգեստ լինի այն,եւ մէջքին կապելու մշտական գօտի։
20 Այս է վարձը նրանց, ովքեր բամբասում էին ինձ Տիրոջ առջեւ, եւ ովքեր չարախօսում էին իմ մասին։
21 Բայց դու, Տէ՛ր, Տէ՛ր, ինձ հետ վարուի՛ր ինչպէս վայել է անուանդ, քանզի քաղցր է ողորմութիւնը քո։
22 Եւ փրկի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես, եւ սիրտս խռովուած է իմ ներսում։
23 Ստուերի պէս երկարելով սպառուեցի,եւ թափ տրուեցի ինչպէս մարախ։
24 Ծնկներս թուլացան ծոմապահութիւնից, եւ գունաթափուեց մարմինս իւղի պակասից։
25 Ես նրանց նախատինքը դարձայ, տեսան ինձ ու շարժեցին գլուխներն իրենց։
26 Օգնի՛ր ինձ, Տէ՛ր Աստուած իմ, եւ փրկի՛ր ինձ քո ողորմութեամբ։
27 Թող իմանան, որ քո ձեռքն այս է, եւ որ, Տէ՛ր, դո՛ւ արեցիր այս։
28 Թող նրանք անիծեն, բայց դու օրհնի՛ր. ինձ վրայ յարձակուողները թող ամօթահար լինեն, բայց քո ծառան թող ուրախանայ քեզնով։
29 Իմ մասին չարախօսողները թող ամօթ հագնենեւ իրենց ամօթը թիկնոցի պէս կրեն իրենց վրայ։
30 Իսկ ես մեծ գոհութիւն պիտի մատուցեմ Տիրոջն իմ բերանով, բազմութիւնների մէջ պիտի օրհնեմ քեզ,
31 քանզի նա կանգնեց տնանկիս աջ կողմը, որ փրկի ինձ նրանցից, ովքեր հալածում են ինձ։