ՍԱՂՄՈՍ. Chapter 34

1 Տէ՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ, մարտնչի՛ր նրանց դէմ, ովքեր մարտնչում են իմ դէմ։
2 Ա՛ռ զէնքն ու զրահը քո եւ հասի՛ր ինձ օգնութեան։
3 Սուրդ հանի՛ր ընդդէմ իմ հալածիչների, վանի՛ր նրանց եւ ասա՛ ինձ, թէ՝ Քո փրկութիւնը ես եմ։
4 Թող խայտառակուեն ու ամօթով մնան ինձ հետապնդողները, թող ընկրկեն եւ ամօթահար լինեն ինձ չար կամեցողները։
5 Նրանք թող վերածուեն հողմից քշուող փոշու, եւ թող Տիրոջ հրեշտակը չարչարի նրանց։
6 Նրանց ճանապարհը թող խաւար լինի ու սայթաքուն, եւ Աստծու հրեշտակը թող հալածի նրանց։
7 Իզուր որոգայթ լարեցին իմ դէմ իրենց ապականութեամբ, եւ իզուր նախատեցին ինձ։
8 Նրանց վրայ կը հասնի մի որոգայթ, որի մասին չգիտեն նրանք. իրենց թաքցրած թակարդը կը բռնի ոտքը նրանց, եւ նրանք կ՚ընկնեն այդ որոգայթի մէջ։
9 Իսկ հոգիս կը ցնծայ Տիրոջով, ուրախ կը լինի նրա տուած փրկութեամբ։
10 Իմ բոլոր ոսկորները կ՚ասեն. Տէ՛ր, ո՞վ է քեզ նման։ Նա փրկեց աղքատին բռնակալի ձեռքից, եւ խեղճին ու տնանկին՝ իրենց յափշտակողներից։
11 Իմ դէմ բարձրացան վկաները չար, հարցաքննեցին ինձ մինչ ես անտեղեակ էի։
12 Բարու փոխարէն չար հատուցեցին ինձ, խորհուրդ արին ինձ անժառանգ թողնել մարդկանց մէջ։
13 Նրանց հալածանքի ժամանակ ես քուրձ էի հագնում, ծոմով խղճալի էի դարձնում ինձ, եւ իմ աղօթքներն ինձ վերադարձան։
14 Եղբօր ու ընկերոջ նման սիրալիր էի, սգաւորի ու վշտացեալի պէս՝ խոնարհ։
15 Հաւաքուեցին ու չարախնդացին ինձ վրայ. տանջանքներ կուտակուեցին իմ դէմ, եւ ես չիմացայ. նրանք ցրուեցին, բայց չզղջացին.
16 Փորձեցին ինձ ու անարգեցին, ատամներն իրենց արհամարհանքով կրճտեցրին իմ դէմ։
17 Տէ՛ր, մինչեւ ե՞րբ պիտի տեսնես։ Հեռո՛ւ պահիր ինձ նրանց խորամանկութիւնից, եւ միամօրիկիս՝ առիւծներից։
18 Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, մեծ հաւաքներում եւ ժողովրդի բազմութեան մէջ պիտի օրհներգեմ քեզ։
19 Թշնամիներն իմ թող վրաս չխնդան, նրանք, որ ատում էին ինձ առանց պատճառի եւ իրար աչք էին անում ինձ համար։
20 Հետս խաղաղութիւնից էին խօսում, բայց իրենք զայրացած՝ նենգութիւն էին խորհում։
21 Բացին ինձ վրայ բերաններն իրենց եւ ասացին. Այո՛, այո՛, մեր աչքերը տեսան։
22 Տէ՛ր, ինքդ տեսար, մի՛ լռիր. Տէ՛ր, մի հեռացի՛ր ինձանից։
23 Զարթնի՛ր, Տէ՛ր, նայի՛ր իմ իրաւունքին ու արդարութեանը, Աստուա՛ծ իմ եւ Տէ՛ր իմ։
24 Իմ դատն արա՛, արդարացրո՛ւ ինձ ըստ քո արդարութեան, ո՛վ Տէր իմ Աստուած։ Թշնամիներն իմ թող չուրախանան ինձանով։
25 Եւ չասեն իրենց մտքում. Երնէ՜կ, երնէ՜կ մեզ, քանզի խորտակեցինք նրան։
26 Թող խայտառակուեն ու ամօթով մնան ինձ հասած չարիքի համար ուրախացողները. թող նախատինք ու անարգանք կրեն իմ դէմ մեծախօսողները։
27 Բոլոր նրանք, ովքեր իմ արդարութիւնն են կամենում եւ քո ծառային խաղաղութիւն ցանկանում, թող ուրախութեամբ ցնծան քեզնով եւ միշտ ասեն՝ Մեծ է Աստուած։
28 Լեզուս պիտի քո արդարութիւնը պատմի եւ հանապազ քեզ գովաբանի։