ՍԱՂՄՈՍ. Chapter 33

1 Սաղմոս Դաւթի, երբ նա կերպարանափոխեց իր դէմքը Աբիմելէքի առջեւ, եւ սա բաց թողեց նրան, որ գնայ։
2 Ամէն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնութիւնն ամէն ժամ բերանումս լինի։
3 Անձս Տիրոջով թող պարծենայ, հեզերը թող լսեն եւ ուրախանան։
4 Մեծարեցէ՛ք Տիրոջն ինձ հետ մէկտեղ, բարձրացնենք նրա անունը միասին։
5 Խնդրեցի Տիրոջն, ու նա լսեց ինձ եւ իմ բոլոր նեղութիւններից փրկեց ինձ։
6 Մօտեցէ՛ք Տիրոջն ու լո՛յս առէք, եւ թող ձեր երեսը չամաչի։
7 Աղքատն այս Տիրոջը դիմեց, եւ Տէրը նրան լսեց ու իր բոլոր նեղութիւններից փրկեց նրան։
8 Տիրոջ հրեշտակների բանակն իր երկիւղածների շուրջն է եւ պահպանում է նրանց։
9 Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք, թէ որքան քաղցր է Տէրը. երանելի է այն մարդը, որ յոյսը դրել է նրա վրայ։
10 Վախեցէ՛ք Տիրոջից, բոլոր սրբե՛րդ նրա, քանզի նրանից վախեցողները ոչ մի պակասութիւն չեն ունենայ։
11 Մեծամեծներն աղքատացան ու սովի մատնուեցին, բայց ովքեր Տիրոջն են փնտռում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու։
12 Եկէ՛ք, իմ որդինե՛ր, եւ լսեցէ՛ք ինձ.ես կը սովորեցնեմ ձեզ Տիրոջ երկիւղը։
13 Ո՞վ է մարդն այն, որ սիրում է կեանքը, եւ ուզում է իր օրերը բարութեան մէջ տեսնել։
14 Լեզուդ պահի՛ր չարութիւնից, եւ շրթներդ թող նենգութիւն չխօսեն։
15 Խուսափի՛ր չարից ու բարի՛ք գործիր, խաղաղութիւն փնտռիր եւ դրա՛ն հետեւիր։
16 Տիրոջ աչքերն ուղղուած են արդարներին, իսկ ականջները՝ նրանց աղօթքին։
17 Տիրոջ հայեացքը չարագործների վրայ է՝ նրանց յիշատակն աշխարհից ջնջելու համար։
18 Արդարները Տիրոջը աղօթեցին, եւ Տէրը լսեց նրանց ու փրկեց նրանց իրենց բոլոր նեղութիւններից։
19 Տէրը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել, եւ նա փրկում է հոգով խոնարհներին։
20 Արդարների նեղութիւնները շատ են, Տէրն ազատում է նրանց այդ բոլորից։
21 Պահպանում է նրանց բոլոր ոսկորները, եւ դրանցից ոչ մէկը չի փշրուելու։
22 Մեղաւորի մահը չարաչար է, իսկ արդարին ատողը կը զղջայ։
23 Տէրը փրկում է իր ծառաներին, եւ բոլոր նրանք, որ յոյս են դնում Նրա վրայ, չպիտի զղջան։