ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ

1 Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի ծառան, կոչումով առաքեալ, ընտրուած քարոզելու Աստծու Աւետարանը,
2 որ նա առաջուց խոստացել էր իր մարգարէների միջոցով սուրբ գրուածքներում
3 իր Որդու մասին, որը մարմնով սերում էր Դաւթի սերնդից եւ
4 որը, զօրութեամբ, Աստծու Որդի էր սահմանուած ըստ Սուրբ Հոգու՝ մեռելներից իր յարութեամբ, - մեր Տէր Յիսուս Քրիստոսը,
5 որի միջոցով ստացանք առաքեալ լինելու շնորհ՝ իր անուան համար հաւատի հնազանդութեան բերելու բոլոր հեթանոսներին,
6 որոնց թւում էք եւ դուք՝ կանչուածներդ Յիսուս Քրիստոսին.
7 ամենքիդ, որ Հռոմում էք, Աստծու սիրելիներիդ, կանչուած սրբերիդ, ձեզ շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։
8 Նախ՝ ձեր բոլորի համար գոհութիւն եմ մատուցում իմ Աստծուն, Յիսուս Քրիստոսի միջոցով, նրա համար որ ձեր հաւատը պատմւում է ամբողջ աշխարհով մէկ։
9 Վկայ է ինձ Աստուած, որին պաշտում եմ ես իմ հոգով նրա Որդու Աւետարանի քարոզութեամբ,
10 թէ ինչպէս եմ անդադար յիշում ձեզ՝ ամենայն ժամ իմ բոլոր աղօթքներում աղաչելով, որ թերեւս երբեւէ ինձ յաջողուի, Աստծու կամքով, գալ ձեզ մօտ.
11 որովհետեւ խիստ կարօտել եմ ձեզ տեսնել, որպէսզի ձեզ փոխանցեմ որոշ հոգեւոր շնորհներ՝ ամրապնդելու ձեզ,
12 այսինքն՝ մխիթարակից լինելու ձեզ հասարակաց հաւատի համար, որ իմն է, ինչպէս եւ ձերը։
13 Չեմ կամենում, եղբայրնե՛ր, որ դուք անտեղեակ լինէք, թէ շա՜տ անգամ կամեցայ գալ ձեզ մօտ, որպէսզի ձեր մէջ էլ որեւէ պտուղ գտնեմ, ինչպէս այլ հեթանոսների մէջ, բայց այդ արգելուեց ինձ մինչեւ այժմ։
14 Ես պարտական եմ ե՛ւ յոյներին ու բարբարոսներին, ե՛ւ իմաստուններին ու անգէտներին.
15 այդպէս էլ, որչափ իմ ուժերը ներեն, ես պատրաստ եմ յօժարութեամբ աւետարանելու նաեւ ձեզ, որ Հռոմում էք։
16 Որովհետեւ ամօթ չեմ համարում աւետարանելը, քանի որ այն Աստծու զօրութիւնն է՝ ի փրկութիւն բոլոր հաւատացեալների. նախ՝ հրեայի, ապա եւ՝ հեթանոսի.
17 որովհետեւ Աստծու արդարութիւնը, որ հաւատից է, հաւատի՛ համար է յայտնւում, ինչպէս որ գրուած է, թէ՝ արդարը հաւատով է ապրելու։
18 Արդարեւ Աստծու բարկութիւնը երկնքից յայտնուելու է մարդկանց ամբողջ անհաւատութեան եւ անիրաւութեան վրայ, քանի որ նրանք ճշմարտութիւնը անիրաւութեամբ են բռնած պահում։
19 Ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, յայտնուած է նրանց, քանզի Աստուած ինքը յայտնեց այն նրանց.
20 արդարեւ ի սկզբանէ աշխարհի Աստծու աներեւոյթ յատկութիւնները, այն է՝ Նրա մշտնջենաւորութիւնը եւ զօրութիւնը եւ աստուածութիւնը, իմանալի կերպով տեսանելի են Նրա ստեղծածների մէջ. այնպէս որ, ամենեւին արդարանալ չեն կարող.
21 որովհետեւ ճանաչեցին Աստծուն, բայց իբրեւ Աստուած չփառաւորեցին կամ գոհութիւն չմատուցեցին նրան, այլ իրենց մտածումների մէջ նանրացան, եւ նրանց սրտերը անմտութեամբ խաւարեցին։
22 Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում եւ յիմարացան։
23 Եւ անեղծն Աստծու փառքը փոխեցին՝ այն նմանեցնելով մարդու եղծելի պատկերի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողունների։
24 Դրա համար, ըստ իրենց սրտերի ցանկութեան, Աստուած նրանց մատնեց պղծութեան, որ անարգեն իրենց մարմինները իրենք իրենց մէջ.
25 նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտութիւնը ստով, հնազանդուեցին ու պաշտեցին արարածներին եւ ոչ Արարչին, որ օրհնեալ է յաւիտեանս։ Ամէն։
26 Ահա թէ ինչու Աստուած նրանց մատնեց անարգ կրքերի. որովհետեւ նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։
27 Նոյնպէս եւ արուները, թողնելով էգի հանդէպ բնական կարիքները, իրենց ցանկութիւններով բորբոքուեցին միմեանց հանդէպ. արուները արուների հետ խայտառակութիւն էին գործում եւ փոխարէնը իրենք իրենց անձերի մէջ ընդունում էին իրենց մոլորութեան հատուցումը։
28 Եւ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստուած նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝
29 լցուած լինելով ամենայն անիրաւութեամբ, պոռնկութեամբ, անզգամութեամբ, ագահութեամբ, չարութեամբ, կատարեալ նախանձով, սպանութեամբ, կռուազանցութեամբ, նենգութեամբ, չարասրտութեամբ.
30 բանսարկու, չարախօս, աստուածատեաց, նախատող, հպարտ, ամբարտաւան, պոռոտախօս, չարահնար, ծնողատեաց,
31 անմիտ, ուխտադրուժ, անագորոյն, անգութ, անողորմ.
32 նրանք գիտէին Աստծու արդար դատաստանը, թէ այսպիսի բաներ գործողները մահուան են արժանի. եւ ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաեւ նրանք, որ գործողներին հաւանութիւն են տալիս։