ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 16

1 Յանձնարարում եմ ձեզ Փիբէին՝ մեր քրոջը, որը սպասաւորն է Կենքրայի եկեղեցու,
2 որպէսզի Տիրոջ անունով ընդունէք նրան, ինչպէս վայել է սրբերին, եւ հոգ տանէք նրան, ինչ կարիքների համար էլ դիմի ձեզ. քանզի ինքը եւս հոգատար եղաւ շատերին եւ ինձ էլ։
3 Ողջունեցէ՛ք Պրիսկէին եւ Ակիւղասին՝ իմ գործակիցներին ի Քրիստոս Յիսուս,
4 որոնք իմ անձի համար վտանգեցին իրենց գլուխը, եւ որոնցից միայն ե՛ս չէ, որ շնորհակալ եմ, այլեւ՝ հեթանոսների բոլոր եկեղեցիները։
5 Ողջունեցէ՛ք եւ նրանց առտնին եկեղեցին։ Ողջունեցէ՛ք Եպենտոսին՝ իմ սիրելիին, որ ասիացիների պտուղն է ի Քրիստոս։
6 Ողջունեցէ՛ք Մարիին, որ բազում յոգնութիւններ կրեց ձեզ համար։
7 Ողջունեցէ՛ք Անդրոնիկոսին եւ Յունիային՝ իմ ազգականներին եւ բանտակիցներին, որոնք երեւելիներ են առաքեալների մէջ եւ որոնք ինձնից առաջ իսկ դարձան ի Քրիստոս։
8 Ողջունեցէ՛ք Ամպղիային՝ իմ սիրելիին ի Տէր։
9 Ողջունեցէ՛ք Ուրբանոսին՝ իմ գործակցին ի Տէր եւ՝ Ստաքէսին՝ իմ սիրելիին։
10 Ողջունեցէ՛ք Ապեղէսին, որ ընտրեալն է ի Տէր։
11 Ողջունեցէ՛ք նրանց, որ Արիստաբուղոսի ընտանիքից են։ Ողջունեցէ՛ք Հերոդիոնին՝ իմ ազգականին։ Ողջունեցէ՛ք նրանց, որ Նարկէսի ընտանիքից են ի Տէր։
12 Ողջունեցէ՛ք Տրիփոսին եւ Տրիփոնին՝ Տիրոջ գործի համար վաստակ ունեցողներին։ Ողջունեցէ՛ք սիրելի Պերսիդէին, որ Տիրոջ համար բազում յոգնութիւններ կրեց։
13 Ողջունեցէ՛ք Ռուփոսին՝ ընտրեալին ի Տէր, եւ նրա մօրը, որ իմ մայրն էլ է։
14 Ողջունեցէ՛ք Ասիւնկրիտոսին, Փղեգոնտին, Երմասին, Պատրոբային, Երմէսին եւ այն եղբայրներին, որ նրանց հետ են։
15 Ողջունեցէ՛ք Փիղողոգոսին եւ Յուղիային, Ներէոսին ու նրա քրոջը եւ Ողիմպիային ու այն բոլոր սրբերին, որ նրանց հետ են։
16 Ողջունեցէ՛ք միմեանց սուրբ համբոյրով։ Քրիստոսի բոլոր եկեղեցիները ողջունում են ձեզ։
17 Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ո՛ւշ դրէք այնպիսիներին, որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են առաջ բերում այն վարդապետութիւնից դուրս, որը դուք սովորել էք. եւ խորշեցէ՛ք նրանցից,
18 որովհետեւ այնպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ՝ իրենց որովայնին. եւ քաղցրախօսութեամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը։
19 Ձեր այդ հնազանդութիւնը ծանօթ է բոլորին. եւ արդ, ուրախ եմ ձեզ համար. բայց ուզում եմ, որ դուք իմաստուն լինէք բարի գործերի համար եւ հեռու մնաք չարից։
20 Եւ խաղաղութեան Աստուածը շուտով պիտի խորտակի Սատանային ձեր ոտքերի տակ։ Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։
21 Ողջունում է ձեզ Տիմոթէոսը՝ իմ եղբայրը եւ գործակիցը. ողջունում են նաեւ Ղուկիոսը, Յասոնը եւ Սոսիպատրոսը՝ իմ ազգականները։
22 Ողջունում եմ ձեզ ի Տէր եւ ես՝ Տերտիոսս, որ այս թուղթը գրեցի։
23 Ողջունում է ձեզ Գայիոսը՝ իմ եւ ամբողջ եկեղեցու հիւրընկալը։ Ողջունում է ձեզ Երաստոսը՝ քաղաքիս գլխաւորը, եւ Կուարտոս եղբայրը։
24 Այլ նրան, որ կարո՛ղ է ձեզ հաստատուն պահել ըստ իմ այս աւետարանի եւ ըստ քարոզութեան Յիսուս Քրիստոսի, ըստ այն յայտնութեան խորհրդի, որ յաւիտենից ծածկուած էր,
25 իսկ այժմ յայտնուած է մարգարէական գրքերի միջոցով մշտնջենաւոր Աստծու հրամանի համաձայն եւ ծանուցուած է բոլոր հեթանոսներին, հաւատի հնազանդութեան համար,
26 միակ իմաստուն Աստծուն, Յիսուս Քրիստոսի միջոցով, նրան փառք յաւիտեանս։ Ամէն։
27 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ։