ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 2

1 Ուստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում. քանի որ դու նոյնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան։
2 Քանզի գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարտութեամբ է գործադրւում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում։
3 Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, եւ դու էլ նոյնն ես գործում, կարծո՞ւմ ես, թէ ազատուելու ես Աստծու դատաստանից։
4 Եթէ արհամարհում ես նրա բարութեան առատութիւնը եւ ներողամտութիւնն ու համբերութիւնը, չգիտե՞ս, որ Աստծու բարութիւնը քեզ ապաշխարութեան է տանում։
5 Եւ քո խստասրտութեամբ ու անզիղջ սրտով քո անձի դէմ բարկութիւն ես դիզում բարկութեան օրուայ եւ Աստծու արդար դատաստանի յայտնութեան օրուայ համար.
6 Աստծու, որ հատուցում է իւրաքանչիւրին ըստ իր գործերի.
7 յաւիտենական կեանք՝ նրանց, որ բարի գործերի մէջ, իրենց յարատեւ համբերութեամբ, փնտռում են փառք, պատիւ եւ անմահութիւն,
8 իսկ նրանց, որ հակառակողներ են եւ ճշմարտութեան դէմ ապստամբողներ ու անիրաւութեան յետեւից գնացողներ՝ բարկութիւն եւ զայրոյթ,
9 նեղութիւն եւ անձկութիւն՝ ամէն մարդու, որ չարիք է գործում, նախ՝ հրեայի եւ ապա՝ հեթանոսի,
10 իսկ փառք, պատիւ եւ խաղաղութիւն՝ իւրաքանչիւրին, որ բարին է գործում, նախ՝ հրեայի եւ ապա՝ հեթանոսի.
11 որովհետեւ Աստծու առաջ աչառութիւն չկայ։
12 Բոլոր նրանք, որ մեղանչեցին առանց օրէնք ունենալու, առանց օրէնքի էլ կը կորչեն. իսկ նրանք, որ օրէնք ունենալով մեղանչեցին, օրէնքով էլ կը դատուեն
13 (որովհետեւ օրէնքը լսողները չեն, որ արդար են Աստծու առաջ, այլ օրէնքը կատարողնե՛րը պիտի արդարացուեն։
14 Եւ ուրեմն հեթանոսները, որ օրէնք չունեն, բնականօրէ՛ն են օրէնքի գործերը կատարում. նրանք, օրէնք չունենալով, իրենք իրենց համար իսկ օրէնք են։
15 Նրանք ցոյց են տալիս, թէ Աստծու օրէնքի պահանջները գրուած են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայութեամբ եւ իրենց խորհուրդների մէջ միմեանց մեղադրելով կամ արդարացնելով), -
16 այն օրը, երբ Աստուած պիտի դատի մարդկանց գաղտնի գործերը, ըստ իմ աւետարանի, Յիսուս Քրիստոսի միջոցով։
17 Ահա եւ դու, որ հրեայ ես կոչւում եւ յենուել ես օրէնքին ու պարծենում ես Աստուծով,
18 դու, որ գիտես նրա կամքը եւ ընտրում ես բարին ու կրթուած ես ըստ օրէնքի,
19 դու, որ վստահ ես քո անձի վրայ՝ առաջնորդ լինելու կոյրերին, լոյս՝ խաւարի մէջ եղողներին,
20 խրատող՝ անմիտներին, ուսուցիչ՝ մանուկներին, քանի որ վստահ ես, թէ ունես օրէնքի մէջ գիտութեան եւ ճշմարտութեան կատարեալ պատկերացումը...
21 Իսկ արդ, դու, որ ուսուցանում ես ընկերոջդ, ինքդ քեզ չես ուսուցանում. քարոզում ես՝ չգողանալ, գողանում ես.
22 ասում ես՝ չշնանալ, շնանում ես. գարշում ես մեհեաններից, տաճարներն ես կողոպտում.
23 օրէնքով պարծենում ես՝ օրէնքը խախտելով Աստծուն ես անարգում.
24 որովհետեւ Աստծու անունը ձեր պատճառով հեթանոսների մէջ հայհոյւում է, ինչպէս որ գրուած էլ է։
25 Թլփատութիւնն օգուտ կ՚ունենայ, եթէ օրէնքը պահես, իսկ եթէ օրէնքը խախտող ես, քո թլփատութիւնը անթլփատութիւն կը լինի.
26 ուրեմն եթէ անթլփատ մարդը օրէնքի իրաւունքները պահի, նրա անթլփատութիւնը արդեօք թլփատութիւն չի՞ համարուի։
27 Եւ ի բնէ անթլփատ մարդը, օրէնքը կատարելով, պիտի դատի քե՛զ, որ, գրաւոր օրէնքն ունենալով եւ թլփատուած լինելով հանդերձ, մեղանչել ես օրէնքի դէմ.
28 որովհետեւ բուն հրեան նա չէ, որ արտաքուստ է երեւում, եւ ոչ էլ բուն թլփատութիւնը՝ արտաքուստ եղածը՝ մարմնականը։
29 Այլ հրեան նա է, որ ներքուստ է, եւ թլփատութիւնը սրտի թլփատութիւնն է՝ ըստ հոգու եւ ոչ թէ ըստ գրի, եւ որի գովքը մարդկանցից չէ, այլ՝ Աստծուց։