ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 6

1 Իսկ արդ, ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մէջ, որպէսզի շնորհը բազմանայ։
2 Քա՛ւ լիցի։ Մենք, որ մեռանք մեղքի նկատմամբ, ինչպէ՞ս տակաւին ապրենք նրա մէջ։
3 Կամ չգիտէ՞ք, թէ մենք բոլորս, որ մկրտուեցինք Յիսուս Քրիստոսով, նրա մահո՛վ է, որ մկրտուեցինք։
4 Մկրտութեամբ թաղուեցինք նրա հետ մահուան մէջ, որպէսզի, ինչպէս որ Քրիստոս մեռելներից յարութիւն առաւ Հօր փառքով, նոյնպէս եւ մենք քայլենք նոր կեանքով.
5 որովհետեւ, եթէ նրա մահուան նմանութեամբ տնկակից եղանք նրան, պիտի լինենք նաեւ նրա յարութեան նմանութեամբ։
6 Այս իմացէ՛ք, որ մեր միջի հին մարդը խաչուեց նրա հետ, որպէսզի քայքայուի մեղքի մարմինը, եւ այլեւս մենք չծառայենք մեղքին.
7 որովհետեւ, ով մեռնում է, ազատ է մեղքից։
8 Իսկ եթէ մեռանք Քրիստոսի հետ, հաւատում ենք, թէ նրա հետ էլ կ՚ապրենք։
9 Գիտենք, թէ Քրիստոս մեռելներից յարութիւն առած լինելով՝ այսուհետեւ չի մեռնի, եւ մահը նրան այլեւս չի տիրի.
10 որովհետեւ նա, որ մեռաւ, մեղքի համար մեռաւ մէկընդմիշտ, եւ նա, որ կենդանի է, կենդանի է Աստծու համար։
11 Նոյնպէս եւ դուք ձեզ մեռած համարեցէ՛ք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծու համար, մեր Տէր Քրիստոս Յիսուսով։
12 Այսուհետեւ մեղքը թող չթագաւորի ձեր մահկանացու մարմիններին՝ հնազանդեցնելու ձեզ իր ցանկութիւններին։
13 Եւ ձեր մարմնի անդամները, որպէս անիրաւութեան գործիք, ի ծառայութիւն մեղքի մի՛ պատրաստէք, այլ յանձնեցէ՛ք ձեզ՝ ի ծառայութիւն Աստծու, որպէս մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարութեան գործիքներ՝ ի ծառայութիւն Աստծու,
14 որպէսզի մեղքը ձեզ չտիրի. քանզի օրէնքի տակ չէք, այլ՝ շնորհի։
15 Իսկ արդ, ի՞նչ։ Մե՞ղք գործենք, որովհետեւ օրէնքի տակ չենք, այլ՝ շնորհի։ Քա՛ւ լիցի։
16 Չգիտէ՞ք, թէ ում համար, որ դուք ձեզ ծառայութեան մէջ էք դնում հնազանդութեան համար, ծառայ էք, ում որ հնազանդւում էք. եթէ՝ մեղքին՝ մահուան է տանում, իսկ եթէ՝ Աստծու հնազանդութեանը՝ արդարութեան։
17 Բայց գոհութիւն Աստծու. մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտէ հնազանդուեցիք այնպիսի վարդապետութեան, որ ձեզ աւանդուեց։
18 Արդ, մեղքից ազատագրուածներդ ծառայեցէ՛ք արդարութեան։
19 Մարդկայնօրէն եմ ասում՝ ձեր մարդկային տկարութեան պատճառով. եւ ինչպէս որ ձեր մարմնի անդամները տուեցիք անօրինութեանը, որպէս ծառաներ պղծութեան եւ անօրինութեան, նոյնպէս եւ այժմ ձեր մարմնի անդամները տուէ՛ք սրբութեան համար՝ որպէս ծառաներ արդարութեան.
20 որովհետեւ, մինչ մեղքի ծառաներն էիք, ազատ էիք արդարութեան հանդէպ։
21 Իսկ արդ, ի՞նչ պտուղ ունէիք ան ժամանակ, որի համար այժմ ամաչում էք. որովհետեւ դրանց վախճանը մահ է։
22 Բայց այժմ, ազատուած մեղքից եւ ծառայ դարձած Աստծուն՝ ձեր պտուղն էք տալիս սրբութեամբ, եւ նրա վախճանը կեանք է յաւիտենական.
23 քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով։