ՅԵՍՈՒ

1 Տիրոջ ծառայ Մովսէսի վախճանուելուց յետոյ Տէրը խօսեց Մովսէսի օգնականի՝ Նաւէի որդի Յեսուի հետ եւ ասաց.
2 Իմ ծառայ Մովսէսը վախճանուեց, հիմա վե՛ր կաց, անցի՛ր Յորդանան գետով քո ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալու եմ իսրայէլացիներին։
3 Այն բոլոր տեղերը, ուր ձեր ոտքերը կը կոխեն, ձեզ պիտի տամ, ինչպէս որ ասել եմ Մովսէսին.
4 անապատը եւ Լեռնալիբանանը մինչեւ Եփրատ մեծ գետը, Քետացիների ամբողջ երկիրը մինչեւ արեւմուտքի վերջին ծովը ձեր սահմանները կը լինեն։
5 Ոչ ոք դէմ չի կանգնի ձեզ քո կեանքի բոլոր օրերում։ Ինչպէս Մովսէսի հետ էի, այդպէս կը լինեմ նաեւ քեզ հետ, չեմ լքի քեզ եւ անտես չեմ անի։
6 Զօրացի՛ր եւ արիացի՛ր, որովհետեւ դու պիտի բաժին տաս այս ժողովրդին այն երկիրը, որ երդուեցի տալ քո հայրերին։
7 Արդ, զօրացի՛ր եւ շա՛տ քաջ եղիր, որպէսզի պահես եւ կատարես այն բոլոր օրէնքները, որ իմ ծառայ Մովսէսը քեզ պատուիրեց։ Դրանցից չշեղուես աջ կամ ձախ, որ խելամտօրէն անես այն ամէնը, ինչ որ պիտի անես։
8 Այս օրէնքների գիրքը քո շուրթերից չհեռացնես, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածի՛ր, որպէսզի գիտենաս կատարել բոլոր դրա մէջ գրուածները. այն ժամանակ յաջողակ կը լինես, ուղիղ ճանապարհով կ՚ընթանաս եւ խելամտօրէն կը գործես։
9 Ահա պատուիրում եմ քեզ, զօրացի՛ր եւ արիացի՛ր, մի՛ վախեցիր եւ մի՛ երկնչիր, որովհետեւ քեզ հետ է քո Տէր Աստուածը ամէն տեղ, ուր էլ որ գնաս։
10 Յեսուն պատուիրեց ժողովրդի վերակացուներին եւ ասաց. Մտէ՛ք ժողովրդի բազմութեան մէջ եւ հրաման տալով ժողովրդին՝ ասացէ՛ք.
11 Ձեզ համար պաշար պատրաստեցէ՛ք, որովհետեւ երեք օրից յետոյ դուք պիտի անցնէք Յորդանան գետով, որպէսզի մտնէք ու գրաւէք այն երկիրը, որ ձեր հայրերի Տէր Աստուածը տալու է ձեզ որպէս ժառանգութիւն։
12 Յեսուն խօսեց նաեւ Ռուբէնի, Գադի եւ Մանասէի կէս ցեղի հետ եւ ասաց.
13 Յիշեցէ՛ք Տիրոջ խօսքը, որ պատուիրեց ձեզ նրա ծառայ Մովսէսը՝ ասելով. Ձեր Տէր Աստուածը տեղաւորեց ձեզ եւ տուեց ձեզ այս երկիրը։
14 Ձեր կանայք, ձեր մանուկները եւ ձեր անասունները թող ապրեն այն երկրում, որ Մովսէսը Յորդանան գետի այս կողմում տուեց ձեզ։ Բայց դուք զինուած՝ ձեր եղբայրների առա՛ջն անցէք եւ ամբողջ զօրութեամբ նրանց մարտակի՛ց եղէք,
15 մինչեւ որ ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրներին էլ ձեզ պէս տեղաւորի, եւ նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է նրանց։ Ապա իւրաքանչիւրդ ե՛տ դարձէք ձեր ժառանգութեան երկիրը եւ ժառանգեցէ՛ք այն, որ Տիրոջ ծառայ Մովսէսը տուեց ձեզ Յորդանան գետի արեւելեան կողմում։
16 Նրանք պատասխան տալով՝ Յեսուին ասացին. Ամէն ինչ, որ պատուիրում ես մեզ, կ՚անենք եւ
17 կը գնանք այն բոլոր տեղերը, ուր ուղարկում ես մեզ, ամէն բանում ինչպէս լսում էինք Մովսէսին, այդպէս կը լսենք եւ քեզ, միայն թէ մեր Տէր Աստուածը քեզ հետ լինի, ինչպէս որ Մովսէսի հետ էր։
18 Այն մարդը, որ անհնազանդ կը լինի քեզ եւ չի լսի քո խօսքերը, ինչ էլ որ հրամայես նրան, նա կը սպանուի. միայն թէ դու զօրացի՛ր եւ արիացի՛ր։