ՅԵՍՈՒ. Chapter 3

1 Յեսուն առաւօտեան վաղ վեր կացաւ, եւ ինքն ու բոլոր իսրայէլացիները մեկնեցին Սատիմից, եկան մինչեւ Յորդանան գետը եւ գետանցումից առաջ բանակատեղի դրեցին այնտեղ։
2 Երեք օր յետոյ վերակացուներն անցան բանակատեղիի միջով
3 եւ պատուէր տուեցին ժողովրդին՝ ասելով. Երբ տեսնէք ձեր Տէր Աստծու ուխտի տապանակը, այն տանող ղեւտացիներին ու մեր քահանաներին, դուք էլ ելէ՛ք ձեր տեղերից եւ գնացէ՛ք տապանակի յետեւից։
4 Բայց ձեր եւ նրանց միջեւ երկու հազար կանգունի չափ հեռաւորութիւն պիտի լինի։ Կանգնեցէ՛ք եւ մի՛ մօտեցէք նրան, որպէսզի իմանաք այն ճանապարհը, որով պիտի գնաք, որովհետեւ երէեկուայ եւ նախորդ օրուայ ճանապարհով չէք գնալու։
5 Եւ Յեսուն ասաց ժողովրդին. Մաքրուեցէ՛ք առաւօտեան, որովհետեւ Տէրը վաղը ձեր մէջ զարմանահրաշ գործեր է անելու։
6 Յեսուն խօսեց քահանաների հետ ու ասաց. Առէ՛ք Տիրոջ ուխտի տապանակը եւ գնացէ՛ք ժողովրդի առջեւից։ Քահանաները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը եւ գնացին ժողովրդի առջեւից։
7 Տէրն ասաց Յեսուին. Այսօր կը սկսեմ քեզ մեծարել բոլոր իսրայէլացիների առաջ, որպէսզի իմանան, թէ, ինչպէս որ Մովսէսի հետ էի, այդպէս կը լինեմ եւ քեզ հետ։
8 Հիմա պատուիրի՛ր ուխտի տապանակը տանող քահանաներին եւ ասա՛. Երբ որ մտնէք Յորդանան գետի եզերքի ջրի մէջ, կանգնեցէ՛ք այնտեղ։
9 Եւ Յեսուն ասաց իսրայէլացիներին. Մօտեցէ՛ք այստեղ եւ լսեցէ՛ք մեր Տէր Աստծու պատգամները։
10 Յեսուն ասաց. Դրանով դուք կ՚իմանաք, որ կենդանի Տէրը ձեր մէջ է, եւ որ նա իսպառ ոչնչացնելու է ձեր առաջից քանանացիներին, քետացիներին, խեւացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին եւ յեբուսացիներին։
11 Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը ձեր առջեւից պիտի անցնի Յորդանան գետով։
12 Հիմա դուք իսրայէլացիներից ընտրեցէ՛ք տասներկու մարդ՝ ամէն ցեղից մի մարդ,
13 եւ երբ ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաների ոտքերը մտնեն Յորդանան գետի ջրի մէջ, վերեւից իջնող ջուրը կը կտրուի, կը կանգնի ինչպէս քարակոյտ։
14 Երբ ժողովուրդը Յորդանան գետն անցնելու համար դուրս ելաւ վրաններից, քահանաները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը եւ տարան ամբողջ ժողովրդի առաջից։
15 Երբ ուխտի տապանակը կրող քահանաները մտնում էին Յորդանան գետը, եւ տապանակը կրող քահանաների ոտքերը խրուեցին Յորդանան գետի ջրի մէջ, մինչ Յորդանան գետը գալիս էր ափէափ լցուած, ինչպէս ցորենի հնձի օրերին,
16 վերեւից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձոյլ, անջրպետուած, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտէս քաղաքից, որը Կարիաթարիմի մասն է. իսկ ցած իջնող ջրերը թափուեցին Արաբացիների ծովը՝ Աղի ծովը, մինչեւ որ իսպառ կտրուեցին, եւ ժողովուրդն արդէն կանգնած էր Երիքովի դիմաց։
17 Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաները հաստատ կանգնեցին Յորդանան գետի հունի մէջ, ցամաքի վրայ։ Եւ բոլոր իսրայէլացիներն անցան ցամաքով, մինչեւ որ ամբողջ ժողովուրդն աւարտեց Յորդանան գետի անցումը։