ՅԵՍՈՒ. Chapter 22

1 Յեսուն Իսրայէլի բոլոր ցեղերին հաւաքեց Սելովում, կանչեց Իսրայէլի բոլոր ծերերին, նրանց իշխաններին, օրէնսգէտներին ու դատաւորներին, եւ նրանք կանգնեցին Տիրոջ առաջ։
2 Յեսուն խօսեց ամբողջ ժողովրդի հետ ու ասաց. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Նախկինում ձեր նախահայրերը՝ Թարան՝ Աբրահամի հայրը եւ Նաքորի հայրը պանդխտել են գետի այն կողմը եւ պաշտել օտար աստուածներին։
3 Գետի այն կողմից ես վերցրի ձեր հայր Աբրահամին եւ նրան առաջնորդեցի Քանանացիների ամբողջ երկրով, բազմացրի նրա սերունդը, նրան տուի Իսահակին, իսկ
4 Իսահակին տուի Յակոբին եւ Եսաւին, Եսաւին որպէս ժառանգութիւն տուի Սէիր լեռը։ Յակոբը եւ նրա որդիներն իջան Եգիպտոս եւ այնտեղ մեծ, բազմամարդ ու հզօր ազգ դարձան։ Եգիպտացիները նրանց չարչարեցին,
5 եւ Տէրը հարուածեց եգիպտացիներին նրանց դէմ գործադրած նշաններով եւ զարմանահրաշ գործերով։
6 Յետոյ Տէրը ձեզ հանեց Եգիպիտոսից, դուք մտաք ծովը, եւ եգիպտացիները կառքերով ու ձիերով հետապնդեցին ձեր հայրերին մինչեւ Կարմիր ծովը։
7 Մենք աղաղակեցինք Տիրոջը, եւ նա ամպ ու մէգ դրեց մեր եւ եգիպտացիների միջեւ, ծովը նրանց վրայ լցրեց եւ ծածկեց նրանց։ Մեր աչքերը տեսան, թէ ինչ արեց Տէրը եգիպտացիների երկրում։ Ապա շատ օրեր մնացիք անապատում։
8 Եւ նա ձեզ բերեց Յորդանան գետի այն կողմում բնակուող ամորհացիների երկիրը, նրանք ձեր դէմ պատերազմեցին, Տէրը նրանց մատնեց ձեր ձեռքը, դուք ժառանգեցիք նրանց երկիրն ու կոտորեցիք նրանց ձեր առաջ։
9 Մովաբի արքայ Սեպփորի որդի Բաղակը վեր կացաւ եւ պատերազմ մղեց Իսրայէլի դէմ. մարդ ուղարկեց, կանչեց Բէորի որդի Բաղաամին, որ ձեզ նզովի։
10 Բայց ձեր Տէր Աստուածը չկամեցաւ ձեզ կորստեան մատնել, օրհնեց ձեզ, ազատեց ձեզ նրանց ձեռքից եւ նրանց մատնեց ձեր ձեռքը։
11 Դուք անցաք Յորդանան գետը եւ եկաք Երիքով։ Երիքովի բնակիչները, ամորհացիները, քանանացիները, փերեզացիները, խեւացիները, յեբուսացիները, քետացիները եւ գերգեսացիները պատերազմեցին ձեր դէմ, եւ Տէրը մատնեց նրանց ձեր ձեռքը։
12 Ձեզանից առաջ իշամեղուներ ուղարկեց եւ նրանց՝ ամորհացիների տասներկու թագաւորներին, քշեց ձեր առաջից։ Ո՛չ քո սրով եւ ո՛չ քո աղեղով արուեց այդ։
13 Տէրը ձեզ տուեց այս երկիրը, որտեղ դուք չէք աշխատել եւ բնակւում էք այն քաղաքներում, որ դուք չէք շինել, ուտում էք այն այգիներից եւ թզենիներից, որ դուք չէք տնկել։
14 Արդ, դուք վախեցէ՛ք Տիրոջից, ծառայեցէ՛ք նրան շիտակութեամբ եւ արդարութեամբ, հեռացրէ՛ք օտար աստուածներին, որոնց պաշտեցին ձեր հայրերը գետի այն կողմում եւ Եգիպտոսում, եւ պաշտեցէ՛ք Տիրոջը։
15 Իսկ եթէ ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա որոշեցէ՛ք այսօր, թէ ո՛ւմ էք պաշտելու. ձեր հայրերի՞ աստուածներին, որոնք գետի այն կողմում էին, թէ՞ ամորհացիների աստուածներին, որոնց երկրում դուք բնակւում էք։ Իսկ ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետեւ նա սուրբ է։
16 Ժողովուրդը պատասխան տուեց եւ ասաց. Քա՛ւ լիցի, որ մենք թողնենք մեր Տէր Աստծուն եւ օտար աստուածներ պաշտենք,
17 որովհետեւ Տէրն է մեր Աստուածը, նա հանեց մեզ եւ մեր հայրերին եգիպտացիների երկրից, ծառայութեան տնից, մեզ համար նա մեծամեծ նշանները գործեց, պահպանեց մեզ մեր գնացած ամբողջ ճանապարհին, պահպանեց բոլոր ազգերի մէջ, որոնց միջով մենք անցանք։
18 Տէրը մեր առաջից քշեց ամորհացիներին եւ այս երկրում բնակուող բոլոր ազգերին. ուրեմն մենք էլ Տիրոջն ենք պաշտելու, որովհետեւ նա է մեր Աստուածը։
19 Յեսուն ասաց ժողովրդին. Դուք չէք կարող Տիրոջը պաշտել, որովհետեւ նա սուրբ է. նա նախանձոտ լինելով՝ չի ների ձեր մեղքերն ու անօրէնութիւնները,
20 երբ թողնէք Տիրոջը եւ օտար աստուածներին պաշտէք։ Նա կը չարչարի եւ կ՚ոչնչացնի ձեզ այն բարիքների փոխարէն, որ արել է ձեզ համար։
21 Ժողովուրդն ասաց Յեսուին. Այդպէս չէ, մենք Տիրոջն ենք պաշտելու։
22 Յեսուն ասաց ժողովրդին. Ահա դուք ինքներդ ձեր վկաներն էք, որ դուք Տիրոջն ընտրեցիք նրան պաշտելու համար։ Նրանք ասացին. Վկայ ենք։
23 Նա ասաց. Հեռացրէ՛ք ձեզանից օտար աստուածներին եւ ձեր սիրտն Իսրայէլի Տէր Աստծո՛ւն դարձրէք։
24 Ժողովուրդը Յեսուին ասաց. Մեր Տէր Աստծուն պիտի պաշտենք եւ նրա խօսքը պիտի լսենք։
25 Եւ այդ օրը Յեսուն ժողովրդի հետ ուխտ արեց եւ Սելովում, Իսրայէլի Աստծու խորանի առաջ նրան օրէնքներ եւ կանոններ տուեց։
26 Յեսուն դրանք գրեց Աստծու օրէնքի գրքում, առաւ մի մեծ քար եւ այն կանգնեցրեց Տիրոջ առաջ եղած բեւեկնի ծառի տակ։
27 Եւ Յեսուն ամբողջ ժողովրդին ասաց. Ահա այս քարը ձեզ վկայ լինի, որովհետեւ սա լսեց Տիրոջ բոլոր խօսքերը, որ նա այսօր ձեզ ասաց. սա թող վկայ լինի ձեզ յետագայ օրերին, երբ պատահի, որ ուրանաք ձեր Տէր Աստծուն։
28 Եւ Յեսուն արձակեց ժողովրդին, ու ամէն մէկը գնաց իր տեղը։
29 Եւ Իսրայէլը պաշտեց Տիրոջը Յեսուի կենդանութեան բոլոր օրերին եւ այն ծերերի կենդանութեան բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Յեսուից
30 յետոյ, եւ որոնք տեսան Տիրոջ բոլոր գործերը, որ նա արեց Իսրայէլի համար։
31 Սրանից յետոյ Նաւէի որդի Յեսուն՝ Տիրոջ ծառան, հարիւր տասը տարեկանում մեռաւ։
32 Նրան թաղեցին իր ժառանգութեան սահմաններում, Թամնասաքարում, Եփրեմի լերան վրայ, Գայաս լերան հիւսիսային կողմում։ Այնտեղ, որտեղ թաղեցին նրան, որպէս յիշատակ նրա հետ դրին այն քարէ սրերը, որոնցով նա Գաղգաղայում թլփատել էր իսրայէլացիներին, երբ նրանց հանեց Եգիպտոսից, ինչպէս հրամայել էր Տէրը. դրանք այնտեղ են մինչեւ այսօր։
33 Իսրայէլացիները Եգիպտոսից հանեցին Յովսէփի ոսկորները եւ դրանք թաղեցին Սիկիմում, ագարակի այն մասում, որ հարիւր գառով առել էր Յակոբը Սիկիմում բնակուող ամորհացիներից եւ բաժին էր տուել Յովսէփին։
34 Դրանից յետոյ վախճանուեց Եղիազար քահանան՝ Ահարոնի որդին, եւ թաղուեց իր որդի Փենէէսին պատկանող Գաբաաթում, որ տուել էին նրան Եփրեմի լերան վրայ։ Այդ օրերին իսրայէլացիներն առնելով Աստծու ուխտի տապանակը՝ տանում էին իրենց հետ։ Եւ Փենէէսը քահանայ դարձաւ իր հօր՝ Եղիազարի փոխարէն, մինչեւ որ մեռաւ եւ թաղուեց Գաբաաթի իր կալուածքում։ Իսրայէլացիները գնացին ամէն մէկն իր տեղն ու իր քաղաքը։ Նրանք պաշտեցին Աստարտին, Աստարոթին եւ իրենց շրջակայքում եղած ազգերի աստուածներին։ Եւ Տէրը նրանց մատնեց Մովաբի արքայ Եգղոմի ձեռքը, որը տիրեց նրանց վրայ տասնութ տարի։