ՅԵՍՈՒ. Chapter 4

1 Երբ ամբողջ ժողովուրդն աւարտեց Յորդանան գետի անցումը, Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց.
2 Ա՛ռ դու ժողովրդից տասներկու մարդ, ամէն ցեղից մի մարդ,
3 հրամա՛ն տուր նրանց ու ասա՛. Այդտեղից՝ Յորդանան գետի միջից, հաստատ կանգնած քահանաների ոտնատեղերից տասներկու քարեր առէ՛ք, տարէ՛ք ձեզ հետ եւ դրէ՛ք ձեր այն բանակատեղիում, որտեղ իջեւանելու էք այս գիշեր։
4 Եւ Յեսուն տասներկու փառաւոր իսրայէլացիներ կանչեց, իւրաքանչիւր ցեղից մէկ մարդ,
5 եւ նրանց ասաց. Իմ աչքի առաջ մօտեցէ՛ք Տիրոջը յանդիման, Յորդանան գետի մէջտեղում, եւ ամէն մէկդ այնտեղից Իսրայէլի ցեղերի թուի համեմատ մի քար վերցրէ՛ք ձեր ուսերին,
6 որպէսզի դրանք ձեզ համար միշտ նշան լինեն։ Երբ վաղը ձեր որդիները ձեզ հարցնեն եւ ասեն՝ Ի՞նչ են նշանակում այս քարերը ձեզ համար,
7 դուք ձեր որդիներին կը պատմէք եւ կ՚ասէք, թէ՝ Յորդանան գետի ջրերը կտրուեցին ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակի առջեւ, երբ այն անցնում էր Յորդանան գետով. Յորդանան գետի ջուրը կտրուեց։ Այս քարերը յաւիտեան յիշատակ թող լինեն իսրայէացիների մէջ։
8 Եւ իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս Տէրը պատուիրեց Յեսուին։ Առնելով տասներկու քարեր Յորդանան գետի միջից, ինչպէս Տէրը հրամայել էր Յեսուին իսրայէլացիների անցնելուց յետոյ, դրանք իրենց հետ տարան բանակատեղի եւ դրին այնտեղ։
9 Յեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Յորդանան գետի մէջ, այնտեղ, ուր ոտք էին դրել Տիրոջ ուխտի տապանակը տանող քահանաները. եւ մինչեւ այսօր դրանք այնտեղ են։
10 Տիրոջ ուխտի տապանակը տանող քահանաները կանգնեցին Յորդանան գետի մէջտեղում, մինչեւ որ Յեսուն աւարտեց հաղորդել այն ամէնը, որ Տէրը Յեսուին պատուիրել էր ժողովրդին ասելու, ճիշտ այնպէս, ինչպէս Մովսէսը պատուիրել էր Յեսուին։ Եւ ժողովուրդը շտապեց ու անցաւ գետը։
11 Երբ ամբողջ ժողովուրդն անցաւ, Տիրոջ ուխտի տապանակն ու տասներկու քարերը տանողները անցան ժողովրդի առաջ։
12 Ռուբէնի որդիները, Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղը, սպառազինուած, անցան իսրայէլացիների գլուխը, ինչպէս պատուիրել էր նրանց Մովսէսը։
13 Կռուի պատրաստ քառասուն հազար սպառազինեալներ անցան Տիրոջ առջեւ՝ պատերազմելու Երիքով քաղաքի դէմ։
14 Այդ օրը Տէրը մեծարեց Յեսուին Իսրայէլի ամբողջ ազգի առաջ. նրանից վախենում էին, ինչպէս որ վախենում էին Մովսէսից նրա կենդանութեան բոլոր օրերին։
15 Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց.
16 Հրամա՛ն տուր վկայութեան ուխտի տապանակը տանող քահանաներին, որ դուրս գան Յորդանան գետից։
17 Եւ Յեսուն հրաման տուեց քահանաներին ու ասաց. Դո՛ւրս եկէք Յորդանան գետից։
18 Երբ Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաները դուրս եկան Յորդանան գետի միջից, եւ քահանաները ոտք դրին ցամաքի վրայ, Յորդանան գետի ջուրը յետ իր տեղը դարձաւ եւ հոսեց իր ամբողջ հունով, ինչպէս երէկ եւ նախորդ օրը։
19 Ժողովուրդը Յորդանան գետից դուրս եկաւ առաջին ամսի տասներորդ օրը, եւ իսրայէլացիները իջեւանեցին Գաղգաղայում, Երիքովի արեւելեան կողմում։
20 Այն տասներկու քարերը, որ վերցրել էին Յորդանան գետից, Յեսուն կանգնեցրեց Գաղգաղայում։
21 Նա ասաց իսրայէլացիներին. Երբ վաղը ձեր որդիները հարցնեն եւ ասեն՝ Այս ի՞նչ քարեր են,
22 ասացէ՛ք ձեր որդիներին, որ Իսրայէլը ցամաքով անցաւ Յորդանան գետով,
23 երբ մեր Տէր Աստուածը ցամաքեցրեց Յորդանան գետի ջուրը նրանց առաջ, մինչեւ որ անցան։
24 Այսպէս արեց մեր Տէր Աստուածը Կարմիր ծովում. մեր Տէր Աստուածն այն ցամաքեցրեց մեր առաջ, մինչեւ որ անցանք,
25 որպէսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ մեծ է Տիրոջ զօրութիւնը, եւ դուք միշտ պաշտէք մեր Տէր Աստծուն։