ՅԵՍՈՒ. Chapter 16

1 Մանասէի՝ Յովսէփի անդրանիկ որդու ցեղի սահմանները սրանք են. Մանասէի անդրանիկին՝ Մաքիրին՝ Գաղաադի հօրը, որովհետեւ պատերազմող մարդ էր, բաժին հասաւ Գաղաադը Բասանաստանում։
2 Մանասէի միւս որդիներին, Աբիեզերի որդիներին, Քեղեկի որդիներին, Եսրիէլի որդիներին, Սիւքէմի որդիներին, Սեմիրայիի որդիներին, Օփերի որդիներին բաժին հասաւ ըստ իրենց տոհմերի։ Սրանք են Յովսէփի որդու՝ Մանասէի որդիները, արու զաւակներ ըստ իրենց տոհմերի։
3 Մանասէի որդու Մաքիրի որդու Գաղաադի որդու Օփերի որդի Սաղպաադը արու զաւակ չունէր, այլ միայն՝ դուստրեր։ Սաղպաադի դուստրերի անունները սրանք են՝ Մաաղա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա։
4 Նրանք կանգնեցին Եղիազար քահանայի, Նաւէի որդի Յեսուի եւ իշխանների առաջ եւ ասացին. Աստուած Մովսէսի միջոցով պատուիրեց, որ մեզ ժառանգութիւն տրուի մեր հօրենական եղբայրների մէջ։ Եւ Տիրոջ հրամանով նրանց ժառանգութիւն տրուեց իրենց հօրենական եղբայրների մէջ։
5 Մանասէին բաժին ընկան Ղաբեկի դաշտը եւ Գաղաադն ու Բասանը, որ Յորդանան գետի այն կողմում են,
6 որովհետեւ Մանասէի որդիների դուստրերը ժառանգութիւն ստացան իրենց եղբայրների մէջ, ուստի Գաղաադ երկիրը Մանասէի միւս որդիներինը եղաւ։
7 Մանասէի որդիների սահմանները գնում են Սիւքէմի դիմացը գտնուող Ասերմաքթոթից մինչեւ Յամին եւ Ասեբ՝ Թափթոթայի աղբիւրը։
8 Թափթոթայի երկիրը Մանասէինը եղաւ, իսկ Մանասէի սահմանների վրայ գտնուող Թափթոթա քաղաքը՝ Եփրեմի որդիներինը։
9 Սահմանները հարաւային կողմից իջնում են Կանայի ձորը, Յայիրի ձորի դիմաց. եւ Եփրեմի բեւեկնի ծառը ընկնում է Մանասէի քաղաքի մէջ։ Մանասէի սահմանը հիւսիսից գնում է մինչեւ հեղեղատը եւ վերջանում է ծովում։
10 Հարաւային կողմը Եփրեմինն է, իսկ հիւսիսային կողմը՝ Մանասէինը, եւ նրանց սահմանը ծովն է։ Հիւսիսային կողմից նրանք յարում են Ասերին, իսկ արեւելեան կողմից՝ Իսաքարին։
11 Իսաքարի եւ Ասերի միջեւ Մանասէինը եղան Բեթսանն ու նրա աւանները, Ամբղանն ու նրա աւանները, Ենդորի բնակիչներն ու նրա աւանները, Մակեդդովի բնակիչներն ու նրա աւանները, Տանաքի բնակիչներն ու նրա աւանները, Նափեթի երրորդ մասն ու նրա աւանները։
12 Մանասէի որդիները չկարողացան բնաջնջել այս քաղաքները եւ քանանացիները շարունակեցին բնակուել այդ երկրում։
13 Եւ երբ իսրայէլացիները զօրացան, նրանք հնազանդեցրին քանանացիներին, բայց ամբողջովին չբնաջնջեցին նրանց։
14 Յովսէփի որդիներն ընդդիմացան Յեսուին եւ ասացին. Ինչո՞ւ համար մեզ մէկ բաժին ժառանգութիւն եւ մէկ կալուածք տուիր։ Մենք բազմամարդ ենք, եւ Աստուած մեզ օրհնել է։
15 Յեսուն նրանց ասաց. Եթէ դուք բազմամարդ էք, գնացէ՛ք անտառ, ձեզ համար տե՛ղ մաքրեցէք Փերեզացիների ու Ռափայինների երկրում, եթէ ձեզ համար նեղ է Եփրեմի լեռը։
16 Յովսէփի որդիներն ասացին. Եփրեմի լեռը մեզ բաւական չէ. այնտեղ, մեր երկրում՝ Բեթսանում, նրա աւաններում եւ Յեզրայէլի ձորում մեզ հետ բնակուող բոլոր քանանացիներն ընտիր երիվարներ ու զէնքեր ունեն։
17 Յեսուն խօսեց Յովսէփի որդիների՝ Եփրեմի եւ Մանասէի հետ եւ ասաց. Դուք բազմամարդ ժողովուրդ էք եւ շատ զօրութիւն ունէք, թող ձեզ մէկ կալուածք չլինի,
18 անտառը ձերը լինի։ Անտառ է, կը մաքրէք այն, մինչեւ ծայրը այն ձերը կը լինի, երբ բնաջնջէք քանանացիներին. թէպէտ նրանք ընտիր երիվարներ ունեն եւ ձեզանից ուժեղ են, բայց դուք կը յաղթէք նրանց։