ՅԵՍՈՒ. Chapter 19

1 Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց. Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛.
2 Տուէ՛ք այն ապաստանի քաղաքները, որոնց մասին Մովսէսի միջոցով ձեզ ասել եմ,
3 որպէս ապաստան այն սպանողի համար, որ մարդ է սպանել ակամայ, դիպուածաբար։ Դրանք ձեզ համար թող ապաստանի քաղաքներ լինեն, որպէսզի սպանողը սպանուածի արիւնակցի կողմից չսպանուի, մինչեւ որ ժողովրդի առաջ ատեանում չկանգնի։
4 Ակամայ սպանողը թող փախչի այդ քաղաքներից մէկը, կանգնի քաղաքի դռան մօտ եւ այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր խօսքը։ Ժողովուրդը թող նրան ընդունի իր մօտ, նրան տեղ տայ, եւ նա բնակուի նրանց հետ։
5 Եւ եթէ սպանուածի արիւնակիցը գնայ նրա ետեւից, սպանողին նրա ձեռքը թող չմատնեն, քանի որ նա իր ընկերոջը դիպուածաբար է սպանել եւ նրա դէմ նախկինում ատելութիւն չի ունեցել։
6 Թող նա այդ քաղաքում բնակուի, մինչեւ որ կանգնի ժողովրդի առաջ ատեանում, մինչեւ որ այն օրերին եղող մեծ քահանան վախճանուի։ Յետոյ սպանողը թող ետ դառնայ եւ գայ իր տեղը, իր տունը, այն քաղաքը, որտեղից փախել է։
7 Եւ առանձնացրին Կադէսը Գալիլիայում, Նեփթաղիմի լերան վրայ, Սիւքէմը՝ Եփրեմի լերան վրայ, եւ Արբոկ քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը Յուդայի լերան վրայ.
8 Յորդանան գետի այն կողմում, Երիքովի արեւելքում Ռուբէնի ցեղից առանձնացրին Բոսորը, որ անապատում մի հարթավայր էր, Գադի ցեղից՝ Ռամոթը Գաղաադում, Մանասէի ցեղից՝ Գողանը Բասանաստանում։
9 Սրանք են բոլոր իսրայէլացիների եւ եկած, նրանց մէջ բնակուածների համար որոշուած հոյակապ քաղաքները, ուր կարող է փախչել ամէն ոք, որ ակամայ մարդ է սպանել, որպէսզի չսպանուի սպանուածի արիւնակցի ձեռքով, մինչեւ որ չկանգնի ժողովրդի առաջ ատեանում։