ՅԵՍՈՒ. Chapter 9

1 Երբ Յորդանան գետի այն կողմի ամորհացիների բոլոր թագաւորները՝ լեռնայինները, դաշտայինները, ե՛ւ նրանք, որ մեծ ծովի ամբողջ եզերքին էին, ե՛ւ նրանք, որ Լեռնալիբանանի մօտ էին, նաեւ քետացիները, ամորհացիները, գերգեսացիները, քանանացիները, փերեզացիները, խեւացիները, յեբուսացիները լսեցին,
2 ամէնքը միասին եկան պատերազմ մղելու Յեսուի եւ իսրայէլացիների դէմ։
3 Բայց Գաբաւոնի բնակիչները լսելով, թէ ինչ է արել Յեսուն Երիքովին եւ Գայիին,
4 իրենք էլ խորամանկութիւն արեցին. եկան պաշարով եւ պատրաստութեամբ, իրենց ուսերի վրայ հնացած քուրձեր, մաշուած, պատառոտուն եւ կարկատած գինու տիկեր դրած։
5 Նրանց կօշիկների կարերը քանդուած էին, նրանց ոտքերի հողաթափները հնացած եւ կարկատած էին, նրանց վրայի զգեստները հնացած էին, եւ նրանց հացի պաշարը չորացած եւ բորբոսնած էր։
6 Նրանք եկան Յեսուի մօտ, իսրայէլացիների բանակատեղին, Գաղգաղա եւ Յեսուին ու բոլոր իսրայէլացիներին ասացին. Հեռու երկրից ենք եկել, արդ, մեզ հետ դաշի՛նք կնքեցէք։
7 Իսկ իսրայէլացիներն ասացին քոռացիներին. Գուցէ մեզ մօտիկ էք բնակւում, ձեզ հետ ինչպէ՞ս դաշինք կնքենք։
8 Նրանք ասացին Յեսուին. Մենք քո ծառաներն ենք։ Յեսուն նրանց ասաց. Ո՞վ էք եւ որտեղի՞ց էք եկել։
9 Նրանք ասացին. Շատ հեռու երկրից են եկել քո ծառաները յանուն քո Տէր Աստծու, որովհետեւ լսեցինք նրա անունը եւ այն, ինչ նա արել է Եգիպտոսում,
10 եւ այն, ինչ նա արել է Յորդանան գետի այն կողմի ամորհացիների երկու թագաւորներին՝ Եսեբոնի Սեհոն թագաւորին եւ Բասանի Օգ թագաւորին, որ բնակւում էր Աստարոթում եւ Եդրայինում։
11 Մեր ծերերը եւ մեր երկրի բոլոր բնակիչները խօսեցին մեզ հետ եւ ասացին. Ձեզ համար ճանապարհի պաշար առէ՛ք, գնացէ՛ք նրանց ընդառաջ եւ ասացէ՛ք նրանց. ՛՛Մենք ձեր ծառաներն ենք, արդ, մեզ հետ դաշինք կնքեցէք՛՛։
12 Այն օրը, որ մենք ելանք մեր տներից եւ եկանք ձեզ մօտ, մեր այս հացի պաշարը դեռ տաք էր, իսկ հիմա չորացել եւ բորբոսնել է,
13 այս տիկերը, որ լցրինք գինիով, նոր էին, բայց պատռուեցին, մեր շորերը եւ կօշիկները մաշուեցին շատ երկար ճանապարհից։
14 Իսրայէլի իշխաններն առան նրանց պաշարը, բայց Տիրոջը չհարցրին։
15 Յեսուն նրանց հետ խաղաղութիւն հաստատեց եւ ուխտեց, որ ողջ կը պահի նրանց. ժողովրդի իշխաններն էլ երդուեցին նրանց։
16 Նրանց հետ դաշինք կնքելուց երեք օր յետոյ լսեցին, որ նրանք դրացիներ են եւ իրենց մօտ են բնակւում։
17 Իսրայէլացիները ճանապարհ ընկան եւ երրորդ օրը հասան նրանց քաղաքները։ Նրանց քաղաքներն էին՝ Գաբաւոնը, Կեփիրոնը, Բերոթը եւ Յարիմի քաղաքները։
18 Իսրայէլացիները չպատերազմեցին նրանց դէմ, որովհետեւ ժողովրդի բոլոր իշխանները Իսրայէլի Տէր Աստուծով երդուել էին նրանց. եւ ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դէմ։
19 Իշխաններն ասացին ժողովրդին. Մենք Իսրայէլի Տէր Աստուծով երդուել ենք եւ չենք կարող խաբել նրանց։
20 Հիմա այսպէս անենք. ողջ թողնենք նրանց, պահպանենք, որ մեզ վրայ բարկութիւն չգայ այն երդման համար, որ տուեցինք նրանց։
21 Իշխաններն ասացին նրանց. Թող ապրեն եւ ամբողջ ժողովրդի համար լինեն փայտահատներ եւ ջրկիրներ։ Եւ նրանք եղան փայտահատներ ու ջրկիրներ, ինչպէս որ իշխաններն ասացին նրանց։
22 Յեսուն նրանց բոլորին կանչեց, խօսեց նրանց հետ եւ ասաց. Ինչո՞ւ խաբեցիք ինձ եւ ասացիք՝ Ձեզնից շատ հեռու ենք, մինչդեռ դուք մեր գաւառի բնակիչներ էք։
23 Հիմա դուք անիծուած էք, եւ ինձ ու իմ Աստծու համար միշտ պիտի մնաք փայտահատ եւ ջրկիր ծառայ։
24 Նրանք պատասխան տուին եւ ասացին Յեսուին. Մեզ լուր հասաւ եւ յայտնի եղաւ, որ քո Տէր Աստուածը իր ծառայ Մովսէսին հրամայել է, որ այս երկիրը ձեզ տայ եւ մեզ ու այս երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջ բնաջինջ անի, ուստի մենք խիստ վախեցանք ձեզնից եւ այդ բանն արեցինք։
25 Հիմա ձեր ձեռքի տակ ենք, վարուեցէ՛ք այնպէս, ինչպէս հաճելի է ձեզ եւ ինչպէս կամենում էք։
26 Եւ նրանց հետ վարուեցին այսպէս. այն օրը Յեսուն նրանց ազատեց իսրայէլացիների ձեռքից, եւ չկոտորեցին նրանց։
27 Այն օրը նրանց փայտահատներ ու ջրկիրներ կարգեց ամբողջ ժողովրդի եւ Տիրոջ զոհասեղանի համար, եւ մինչեւ այսօր նրանք ծառայում են այդպէս այն տեղում, որ Տէրը կ՚ընտրի։