ՍՈՓՈՆԻԱ

1 Տիրոջ պատգամը, որ հասաւ Եզեկիայի որդի, Ամարիայի որդի, Գոդողիայի որդի, Քուսիի որդի Սոփոնիային՝ Յուդայի երկրի արքայի՝ Ամոնի որդի Յոսիայի ժամանակ։
2 Ամէն ինչ կը պակասի երկրի երեսից, - ասում է Տէրը։
3 Կը պակասի մարդ եւ անասուն, կը պակասեն երկնքի թռչուններն ու ծովի ձկները, կը տկարանան ամբարիշտները, եւ ես կը վերացնեմ անօրէններին երկրի երեսից, - ասում է Տէրը։
4 Իմ ձեռքը կ՚երկարեմ Յուդայի երկրի վրայ, Երուսաղէմի բոլոր բնակիչների վրայ եւ կը վերացնեմ այդտեղից Բահաղի անունն ու քրմերի անունները՝ քահանաներով հանդերձ,
5 որոնք տանիքի վրայ երկրպագում են երկնքի զօրութիւններին, նրանք, որ երդւում էին Տիրոջ՝ իրենց արքայի անունով, նրանք, որ խոտորւում էին Տիրոջից,
6 նրանք, որ չէին փնտռում Տիրոջը, եւ նրանք, որ Տիրոջ կողմը չէին։
7 Վախեցէ՛ք Տէր Աստծուց, քանի որ մօտիկ է Տիրոջ օրը, որովհետեւ Տէրը պատրաստեց իր զոհերը
8 եւ հրաւիրեց իր հրաւիրեալներին։ Կը լինի այնպէս, որ Տիրոջ զոհի օրը կը պատժեմ իշխաններին, թագաւորի տունը եւ բոլորին, ովքեր օտար զգեստ են հագել։
9 Այն օրը յայտնապէս կը պատժեմ բոլորին դռների շեմքերի առաջ, նրանց, որոնք իրենց Տէր Աստծու Տունը լցնում էին ամբարշտութեամբ եւ նենգութեամբ։
10 Այն օրը, - ասում է Տէրը, - աղաղակների ձայն կը լինի վիրաւորների դռնից, գոյժ՝ երկրորդ դռնից եւ մեծ բեկում՝ բլուրներից։
11 Ողբացէ՛ք, Կոտորուածների թաղամասի բնակիչնե՛ր, քանի որ այդ ամբողջ ժողովուրդը նմանուեց քանանացիներին,բնաջնջուեցին բոլորը, ովքեր հպարտացել էին արծաթով։
12 Այն օրը ճրագով կը խուզարկեմ Երուսաղէմը եւ կը պատժեմ այն տղամարդկանց, որոնք արհամարհեցին իրենց պահպանութեանը յանձնուած իրերը եւ որոնք ասում էին իրենց սրտում. Տէրը ո՛չ բարի գործ է անում եւ ո՛չ՝ չար։
13 Կը խլուի նրանց զօրութիւնը, եւ նրանց տունը աւերակ կը դառնայ. տներ կը շինեն, բայց չեն բնակուի դրանց մէջ, այգիներ կը տնկեն, բայց չեն խմի դրանց գինին։
14 Մօտ է Տիրոջ մեծ օրը, մօտ է եւ շատ շուտով կը գայ, Տիրոջ օրուայ ձայնը խիստ է եւ դառն, ուժեղն էլ կը զգայ,
15 այն օրը բարկութեան օր է, նեղութեան եւ վտանգի օր, թշուառութեան եւ կործանումի օր,
16 խաւարի եւ մէգի օր, ամպի եւ մառախուղի օր, շեփորի եւ աղաղակի օրամուր քաղաքների եւ բարձր աշտարակների դէմ։
17 Մարդկանց նեղութեան կը մատնեմ, եւ նրանք կոյրերի պէս կ՚ընթանան, քանի որ մեղանչեցին Տիրոջ դէմ եւ նրա անունը դրեցին սնոտիների վրայ, որոնք ոչնչով չկարողացան օգնել նրանց. կը թափուի նրանց արիւնը հողի նման եւ նրանց մարմինը՝ աղբի պէս։
18 Նրանց արծաթն ու ոսկին նրանց չի կարողանայ փրկել Տիրոջ բարկութեան օրը, եւ նրա վրէժխնդրութեան կրակով կը մաշուի ամբողջ երկիրը, որովհետեւ նա վախճան ու տագնապ կը բերի երկրի բոլոր բնակիչների վրայ։