ՍԱՂՄՈՍ

1 Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժւում, մեղաւորների ճանապարհին ոտք չի դնում եւ յանցագործների հետ համախոհ չի լինում,
2 այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատուիրանների մասին։
3 Նա նման է ջրերի հոսանքի վրայ տնկուած ծառի, որն իր պտուղը ժամանակին կը տայ, իսկ նրա տերեւը չի թափուի, ու ամէն բան, ինչ էլ որ անի, կը յաջողուի նրան։
4 Այսպէս չեն ամբարիշտները, այսպէս չեն, այլ նման են հողմափոշու, որ հոսում է երկրի երեսին։
5 Ուստի ամբարիշտները չեն դիմանայ դատաստանին, ոչ էլ մեղաւորները կը լինեն արդարների հաւաքի մէջ,
6 քանզի Տէրը գիտէ արդարների ճանապարհները, իսկ ամբարիշտների ճանապարհները կորստեան են տանում։