ՅԱԿՈԲՈՍ

1 Յակոբոսը՝ Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառան, սփիւռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜յն։
2 Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի՛ համարեցէք, երբ տեսակ-տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք.
3 իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում,
4 իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք։
5 Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, - որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, - եւ նրան կը տրուի։
6 Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։
7 Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ,
8 քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է։
9 Աղքատ եղբայրը թող պարծենայ, երբ Աստուած բարձրացնում է իրեն,
10 իսկ հարուստը թող պարծենայ, երբ Աստուած խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստութիւնը պիտի անցնի ինչպէս խոտածաղիկը.
11 որովհետեւ արեւը ծագեց՝ խորշակով հանդերձ եւ չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկաւ, ու նրա վայելուչ տեսքը կորաւ. նոյնպէս եւ հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ։
12 Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան. որովհետեւ, եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կը ստանայ կեանքի պսակը, որը Տէրը խոստացաւ իրեն սիրողներին։
13 Ոչ ոք, երբ փորձութեան մէջ լինի, թող չասի. Աստծուց եմ փորձւում, քանի որ Աստուած չարից չի փորձւում եւ ինքն էլ չի փորձում ոչ ոքի։
14 Իւրաքանչիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից։
15 Այնուհետեւ ցանկութիւնը, յղանալով, մեղք է ծնում, եւ մեղքը, հասունանալով, մահ է ծնում։
16 Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբուէք,
17 քանի որ ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ վերեւից է՝ իջած լոյսի Հօրից, որի մէջ չկայ փոփոխում կամ էլ փոփոխման ստուեր։
18 Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտութեան խօսքով, որպէսզի մենք լինենք իր ստեղծածների պտուղը։
19 Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացէ՛ք այս բանը. թող ամէն մարդ արագ լինի լսելու մէջ, ծանր՝ խօսելու մէջ եւ ծանր՝ բարկանալու մէջ.
20 որովհետեւ մարդու բարկութիւնը Աստծու արդարութիւնը չի կատարում։
21 Ահա թէ ինչու, դէ՛ն գցելով ամենայն աղտեղութիւն եւ չարիքի աւելցուկ, հեզութեա՛մբ ընդունեցէք ձեր մէջ սերմանուած խօսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները։
22 Խօսքը կատարողնե՛ր եղէք եւ ոչ թէ միայն այն լսողներ համարեցէք դուք ձեզ.
23 քանի որ, եթէ մէկը միայն լսող լինի խօսքը եւ ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մէջ իր բնական դէմքը։
24 Նայելով՝ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է եւ անմիջապէս մոռանում, թէ ինչպիսին էր ինքը։
25 Իսկ ով աչքերը յառած նայում է ազատութեան կատարեալ օրէնքին եւ դրա մէջ էլ յարատեւում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մէկը իր արածի մէջ երանութիւն կը գտնի։
26 Եթէ մէկն ուզում է բարեպաշտ լինել եւ չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մէկի համար զուր է բարեպաշտութիւնը։
27 Սուրբ եւ անարատ բարեպաշտութիւնը Աստծու եւ Հօր առաջ այս է. այցելել որբերին եւ այրիներին իրենց նեղութեան մէջ, անարատ պահել իր անձը աշխարհից։