ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ

1 Դաւիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան զգեստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում։
2 Նրա ծառաներն ասացին. Թող մեր տէր արքայի համար մի կոյս աղջիկ գտնեն, որ նա կանգնի արքայի առջեւ եւ հոգ տանի նրան, նրա հետ պառկի, ու մեր տէր արքան տաքանայ։
3 Մի գեղեցիկ աղջիկ որոնեցին Իսրայէլի ամբողջ տարածքում, գտան սոմնացի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մօտ։
4 Աղջիկը շատ գեղեցիկ էր, տաքացնում էր արքային ու ծառայում նրան, բայց արքան չմերձեցաւ նրան։
5 Ադոնիան՝ Ագիթի որդին, վեր-վեր թռչելով, ասաց. Ես պէտք է թագաւորեմ։ Եւ նա կառքեր ու հեծեալներ պատրաստեց։ Յիսուն սուրհանդակներ ընթանալու էին նրա առջեւից։
6 Հայրը նրան երբեք չարգելեց, չասաց, թէ՝ Ինչո՞ւ այդ արեցիր։ Ինքն էլ դէմքով գեղեցիկ էր ու ծնուել էր Աբեսաղոմից յետոյ։
7 Նա խորհրդակցեց Շարուհիի որդի Յովաբի եւ Աբիաթար քահանայի հետ, ու նրանք օգնեցին Ադոնիային։
8 Սադոկ քահանան, Բանեան՝ Յովիդայէի որդին, Նաթան մարգարէն, Սեմէին, Ռէին եւ Դաւթի քաջարի մարդիկ Ադոնիայի հետ չէին։
9 Եւ Ադոնիան ոչխարներ, եզներ ու գառներ մորթեց Զոոլեթի քարի մօտ, որը Ռոգէլի երկրին մօտ է։ Նա կանչեց իր բոլոր եղբայրներին՝ արքայի որդիներին, եւ Յուդայի երկրի բոլոր տղամարդկանց՝ արքայի ծառաներին,
10 բայց Նաթան մարգարէին, Բանեասին, քաջարի մարդկանց եւ իր Սողոմոն եղբօրը չկանչեց։
11 Նաթան մարգարէն խօսելով Սողոմոնի մօր՝ Բերսաբէէի հետ, ասաց. Չե՞ս լսել, որ Ադոնիան՝ Ագիթի որդին, թագաւոր է դարձել, եւ մեր տէր արքայ Դաւիթը այդ չգիտի։
12 Արդ, ե՛կ քեզ մի խորհուրդ տամ, որ փրկես քո եւ Սողոմոն որդուդ կեանքը։
13 Գնա՛ Դաւիթ արքայի մօտ, խօսի՛ր նրա հետ եւ ասա՛. Չէ՞ որ դու ինքդ, տէ՛ր իմ արքայ, երդուելով քո աղախնին, ասացիր, թէ՝ Քո որդի Սողոմոնն է թագաւորելու ինձնից յետոյ, նա է նստելու իմ աթոռին։ Էլ ինչո՞ւ է թագաւորել Ադոնիան։
14 Երբ կը սկսես խօսել արքայի հետ, ես կը մտնեմ ու կը լրացնեմ քո խօսքերը։
15 Բերսաբէէն մտաւ սենեակ, արքայի մօտ։ Արքան շատ էր ծերացել, եւ սոմնացի Աբիսակն սպասարկում էր արքային։
16 Բերսաբէէն խոնարհուեց ու երկրպագեց արքային։ Արքան հարցրեց. Ի՞նչ է խնդրանքդ։
17 Նա պատասխանեց. Իմ տէ՛ր արքայ, դու քո Տէր Աստուծով երդուեցիր քո աղախնին ու ասացիր, թէ՝ Իմ որդի Սողոմոնն է թագաւորելու ինձնից յետոյ, նա է նստելու իմ աթոռին,
18 բայց ահա Ադոնիան է թագաւորել, եւ դու, տէ՛ր իմ արքայ, այդ չես իմացել։
19 Բազում արջառներ, ոչխարներ ու գառներ է մորթել, կանչել է արքայի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային ու զօրքի հրամանատար Յովաբին, իսկ քո ծառայ Սողոմոնին չի կանչել։
20 Տէ՛ր իմ արքայ, ամբողջ Իսրայէլն իր հայեացքը յառել է քեզ վրայ, որ յայտնես նրանց, թէ ով պիտի նստի իմ տէր արքայի աթոռին իրենից յետոյ։
21 Եթէ իմ տէր արքան գնայ իր նախնիների գիրկը, ես ու իմ որդի Սողոմոնը մեղապարտ կը համարուենք։
22 Մինչ նա խօսում էր արքայի հետ, եկաւ Նաթան մարգարէն։
23 Յայտնեցին արքային, թէ՝ Ահաւասիկ եկել է Նաթան մարգարէն։ Սա մտաւ արքայի մօտ ու մինչեւ գետին երեսնիվայր գլուխ տուեց նրան։
24 Նաթանն ասաց. Տէ՛ր իմ արքայ, դո՞ւ ես ասել, թէ՝ Ադոնիան թագաւորելու է ինձնից յետոյ եւ նստելու է իմ աթոռին։
25 Այսօր նա իջել է, մորթել բազում արջառներ, ոչխարներ ու գառներ, կանչել արքայի բոլոր որդիներին, զօրքի հրամանատարներին ու Աբիաթար քահանային։ Նրանք ահա ուտում ու խմում են նրա մօտ՝ ասելով. Կեցցէ՛ Ադոնիա արքան,
26 իսկ ինձ՝ քո ծառային, Սադոկ քահանային, Յովիդայէի որդի Բանեային եւ քո Սողոմոն ծառային չի կանչել։
27 Արդեօ՞ք այս բանն իմ տէր արքայի հրամանով է կատարուել։ Դու, սակայն, քո ծառային չես յայտնել, թէ իրենից յետոյ ո՛վ պիտի նստի իմ տէր արքայի աթոռին։
28 Պատասխան տուեց Դաւիթ արքան՝ ասելով. Ինձ մօ՛տ կանչեցէք Բերսաբէէին։ Սա մտաւ նրա մօտ ու կանգնեց նրա դիմաց։
29 Արքան երդուեց՝ ասելով. Կենդանի է Տէրը, որ փրկել է իմ կեանքը ամէն նեղութիւնից։
30 Ինչպէս երդուելով Իսրայէլի Տէր Աստուծով ասել եմ, թէ՝ Քո Սողոմոն որդին է թագաւորելու ինձնից յետոյ, եւ իմ փոխարէն նա է նստելու իմ աթոռին, այդպէս էլ անելու եմ հէնց այսօր։
31 Բերսաբէէն երեսնիվայր գետին խոնարհուեց ու գլուխ տալով արքային՝ ասաց. Յաւիտեան կեցցէ՛ իմ տէր Դաւիթ արքան։
32 Դաւիթ արքան ասաց. Ինձ մօ՛տ կանչեցէք Սադոկ քահանային, Նաթան մարգարէին ու Յովիդայէի որդի Բանեային։
33 Սրանք եկան արքայի մօտ։ Արքան ասաց նրանց. Առէ՛ք ձեզ հետ ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին իմ ջորու վրայ նստեցրէ՛ք եւ իջեցրէ՛ք Գեհոն։
34 Սադոկ քահանան ու Նաթան մարգարէն այնտեղ նրան թող Իսրայէլի թագաւոր օծեն։ Եղջերափողեր հնչեցրէ՛ք եւ բացականչեցէ՛ք՝ Կեցցէ՛ Սողոմոն արքան։
35 Ապա նրա յետեւից գնալով՝ քաղա՛ք բարձրացէ՛ք, եւ նա թող գայ, նստի իմ աթոռին ու թագաւորի իմ փոխարէն, քանզի ես եմ հրամայել, որ նա լինի Իսրայէլի ու Յուդայի երկրի առաջնորդը։
36 Յովիդայէի որդի Բանեան պատասխան տալով արքային՝ ասաց. Թող այդպէս լինի, թող Տէր Աստուածն իմ տէր արքայի խօսքը հաստատի։
37 Ինչպէս Տէրն իմ արքայ տիրոջ հետ էր, նոյնպէս թող լինի նաեւ Սողոմոնի հետ, թող բարձրացնի նրա աթոռը առաւել, քան իմ տէր արքայ Դաւթի աթոռը։
38 Սադոկ քահանան, Նաթան մարգարէն, Յովիդայէի որդի Բանեան, քերեթիներն ու օփելեթիները եկան եւ Սողոմոնին նստեցրին Դաւիթ արքայի ջորու վրայ եւ նրան տարան Գեհոն։
39 Սադոկ քահանան իւղով լի եղջիւրն առաւ խորանից եւ օծեց Սողոմոնին, եղջերափող հնչեցրեց, եւ ամբողջ ժողովուրդը բացականչեց՝ Կեցցէ՛ Սողոմոն արքան։
40 Բոլոր մարդիկ եկան նրա հետ, պարեր պարելով մեծ ուրախութիւն արեցին, երկիրը դղրդաց նրանց ձայնից։
41 Երբ Ադոնիան ու նրա բոլոր հիւրերը աւարտեցին ուտելը, լսեցին ուրախութեան աղմուկ-աղաղակը։ Յովաբը լսելով եղջերափողի ձայնը՝ ասաց. Այս ի՞նչ աղմուկ է բարձրացել քաղաքում։
42 Մինչ նա խօսում էր, եկաւ Աբիաթար քահանայի որդի Յովնաթանը։ Ադոնիան նրան ասաց. Նե՛րս մտիր, քանզի զօրաւոր մարդ ես դու եւ բարի լուր ես տալու։
43 Յովնաթանը պատասխան տալով՝ ասաց Ադոնիային. Յիրաւի, մեր տէր Դաւիթ արքան թագաւոր դարձրեց Սողոմոնին։
44 Նա Սադոկ քահանային, Նաթան մարգարէին, Յովիդայէի որդի Բանեային, քերեթիներին ու օփելեթիներին ուղարկեց նրա հետ, նրան նստեցրին արքայի ջորու վրայ,
45 եւ Սադոկ քահանան ու Նաթան մարգարէն նրան թագաւոր օծեցին Գեհոնում։ Ապա այնտեղից ուրախութեամբ եկան, ու քաղաքը դղրդաց։ Ահա այդ ձայնն է, որ լսում էք։
46 Սողոմոնը նստեց արքայական գահին։
47 Արքայի ծառաները մտան, որ շնորհաւորեն մեր տէր Դաւիթ արքային։ Նրանք ասացին. Թող Աստուած քո Սողոմոն որդու անունը առաւել մեծացնի, քան քո անունը, եւ նրա աթոռն առաւել բարձրացնի, քան քո աթոռը։ Արքան իր անկողնի մէջ գլուխ խոնարհեց՝ ասելով.
48 Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն այսօր իմ զաւակին արժանացրեց իմ աթոռին, եւ իմ աչքերը այդ տեսնում են։
49 Ադոնիայի բոլոր հիւրերը զարհուրեցին ու վեր կացան, եւ ամէն մէկը գնաց իր ճանապարհով։
50 Ադոնիան վախենալով Սողոմոնից՝ ելաւ գնաց ու զոհասեղանի եղջիւրներից բռնեց։
51 Սողոմոնին յայտնեցին՝ ասելով. Ահա Ադոնիան վախեցաւ Սողոմոն արքայից։ Նա բռնել է զոհասեղանի եղջիւրները եւ ասում է. Թող Սողոմոն արքան այսօր ինձ երդուի, թէ իր ծառային սրով չի սպանի։
52 Սողոմոնն ասաց. Եթէ նա առաքինի մարդ լինի, նրանից ոչ մի մազ չի պակասի ու գետին չի ընկնի, իսկ եթէ ուզենայ չար գործ կատարել, կը մեռնի։
53 Սողոմոն արքան մարդ ուղարկեց, եւ Ադոնիային իջեցրին զոհասեղանից։ Ադոնիան եկաւ, խոնարհուեց Սողոմոն արքայի առաջ, իսկ Սողոմոնն ասաց նրան. Գնա՛ քո տունը։